«Եթե իմ ազգանունը Հակոբյան է՝ չի նշանակում, որ Աննա Հակոբյանի հետ բարեկամ ենք». ՔՊ-ական պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը, որ 2 օր առաջ է ստացել պատգամավորական մանդատը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ ազգակցական կապ չունի Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, պարզապես իրենց ազգանունները համընկել են։

«Վերջին 2 օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում հետևյալի հետ կապված, սուտ է, ես ազգակցական կապ չունեմ։ Եթե իմ ազգանունը Հակոբյան է, ապա դա չի նշանակում, որ Աննա Հակոբյանի հետ բարեկամ ենք։ Ըստ լուրերի, ես ազգական եմ, դրա համար հայտնվել եմ ցուցակում, բայց նման բան չկա։ Ցուցակում հայտնվել եմ իմ գործունեությամբ, կուսակցական աշխատանքով։ Ինձ որևէ մեկը չի առաջարկել, ուղղակի ընդհանուր գործունեության արդյունքում ամեն ինչ այդպես է ստացվել, որևէ միջնորդություն չկա։ Մնացածն, ինչը որ խոսում են՝ սուտ է։ Շատ վաղուց ես եղել եմ թիմում և ներգրավված եմ եղել տարբեր աշխատանքների մեջ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ պարզաբանեց Էդգար Հակոբյանը։

Ի դեպ, Էդգար Հակոբյանի կենսագրությունն ԱԺ պաշտոնական կայքում դեռ չեն  հասցրել տեղադրել, իսկ նրա գործունեության և կենսագրության մասին բավականին սուղ տեղեկություններ կան մամուլում, ընդամենը, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խորհրդի նախագահն է եղել և  «Ազգ-բանակ» կամավորական միության համահիմնադիրը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս