Երևանի կրկեսը զինվելու է լուսային և ձայնային սարքավորումներով
Երևանի կրկեսը, որի շենքն ամբողջությամբ պատրաստ է, առաջիկայում զինվելու է լուսային և ձայնային բարձրորակ սարքավորումներով, 2500 հանդիսատեսի համար նախատեսված հատուկ նստարաններով: «Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում այս մասին ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է նաև կրկեսային խոհանոցը, որը ենթադրում է գորգերի և այլ պարագաների ձեռք բերում, որոնք պատրաստվում են Մոսկվայում և այլ քաղաքներում:
«Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կրկեսը շուքով կբացվի: Ես նաև Կրկեսային գործիչների միության նախագահն եմ, միության, որի անդամներն աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող արտիստներ են: Նրանք անդադար զանգում են, հետաքրքրվում, նշում, որ ցանկանում են ներկա լինել բացմանը: Բոլորս ենք շահագրգռված, որ կրկեսը շուտ բացվի»,-ընդգծեց նա:
Պետրոսյանը շեշտեց, որ այս տարիներին կրկեսի արտիստները մշտապես ելույթներ են ունեցել տարբեր հարթակներում, հանդես են եկել մի շարք բեմերում և լավ մարզավիճակում են:
Սոս Պետրոսյանը սպասված է համարում հունվարի 29-30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայանալիք «Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումը, որին մասնակցելու են պրոֆեսիոնալ դերասաններ, հրավիրյալ արտիստներ և Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց ստուդիայի լավագույն սաները: «Այս տարի Թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի կուրսն ավարտեց, և կրկեսը համալրվեց նոր ռեժիսորներով: Նրանցից մեկն իմ թոռնիկն է՝ Հրաչ Պետրոսյանը, որը բեմադրել է «Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումը. նրա առաջին գործն է: Հրաչը ներկայացման վրա երկար է աշխատել ու արել է հնարավորը, որ հանդիսատեսը գոհ մնա: Այն և՛ փոքրիկների համար է, և՛ մեծահասակների: Շատ պատասխանատու ներկայացում է, որի փորձերն այժմ ընթանում են»,-պատմեց Սոս Պետրոսյանն ու հավելեց, որ ներկայացմամբ հանդես են գալու նաև այլ բեմահարթակներում:
Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ կրկեսային դպրոց ստուդիայում, որը ստեղծել է 1972 թվականից և գործում է մինչ օրս, ընդունելություն է սկսվել: Նա հիշեցրեց, որ դպրոց ստուդիայում անվճար են սովորում: