«Սա հաշվեհարդար է իմ նկատմամբ. Իմ քարոզները հաստատ երեխային չեն վնասել, այլ գիտելիք են տվել»․ Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամ ուսուցիչ

Տարեսկզբին 168am-ի աղբյուրները ձայնագրություն էին փոխանցել, որում Վարդենիսի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ, Վարդենիսի N3 դպրոցի Հայոց պատմություն, Հայոց եկեղեցու պատմություն և Հասարակագիտություն առարկաների ուսուցչուհի Նաիրա Մանուչարյանը դասարանում աշակերտների հետ քննարկում էր ՏԻՄ ընտրությունների մասին իր մոտեցումները։

«Մանուչարյանը պատմություն է դասավանդում Վարդենիսի N3 միջնակարգ դպրոցում, բայց դասը թողած՝ ՔՊ-ի քարոզն է անում: Ճիշտ է, այս 3 ձայնագրությունները դեկտեմբերի 5-ից հետո են արվել՝ ընտրություններից հետո, բայց այնպես չի, որ մինչև էդ էս թեմաներով չի խոսել երեխեքի հետ: 7-րդ դասարանի աշակերտների հետ նման թեմաներով խոսելը չասեմ, թե ինչ է…»,- ասել էր Վարդենիս համայնքի մեր զրուցակիցը:

Ձայնագրությունից ակնհայտ է, որ խոսողը ՔՊ-ական ավագանու անդամ Մանուչարյանն է, նա աշակերտների հետ զրույցում մասնավորապես ասում է․

«Փոխենք մեր կյանքը, մեր բարոյական նորմերը փոխենք: Թող լինի քաղաքակիրթ ընտրություն, 3 ուժ են, 3-ն էլ իրենց բուկլետներում ունեն իրենց ծրագրերը, մարդիկ թող բոլոր 3-ի ծրագրերը կարդան, մի հատ էլ տեսնեն, թե էդ ծրագիր գրողներն ովքեր են, գնում, ծանոթանում, ներկայանում են, չէ՞, ում նկատմամբ հավատ ունեցան, իրենց ներքին ձայնով էդ մարդուն գնան ընտրեն, ոչ թե՝ դու իմ տարածքում ես, դու իմ սեփականությունն ես, չփորձվես հանկարծ, այդ մարդիկ գան, գնաս կանգնես կողքները, չփորձվես հետները խոսես: Էս ո՞ր դարն է, դա ինչի՞ պտի հանդուրժվի, ու ցավալին էն է, որ էդ մարդկանց էդքան էլ ասեցինք՝ ձեր ստրկական վիճակը մի հատ գրիչի հարվածով եք վերացնում, բայց չարեցին, վախենում էին հաշվեհարդարից… Ես ուրիշ բան չեմ ասում, ուղղակի ուզում եմ իրազեկ լինեք, ձեր ծնողներին, ձեր մեծերին էլ ասեք, թե ինչ է տեղի ունենում…»:

Նաիրա Մանուչարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գաղտնի ձայնագրությանը՝ չհերքեց, որ նման խոսակցություն եղել է, ավելին՝ ասաց, որ Հասարակագիտություն առարկայի շրջանակներում նույնաբովանդակ խոսակցություններ շատ են եղել․

«Ես Հասարակագիտություն էլ եմ դասավանդում և դպրոցում ունեմ նաև «Իրավական մշակույթ» վերնագիրն ունեցող խմբակ և 9-րդ դասարանում ունենք նաև ծրագրում նախատեսված, դասագրքում ներառված ընտրությունները թեմայով դաս, որտեղ աշակերտների համար նաև նախատեսվում է գործնական աշխատանք, ու քանի որ այս ընտրությունների այս ամբողջ ընթացքը և դասը համընկել էր ու գործնական աշխատանքն էլ փաստորեն հիմնականում արվեց․․․ Մեր դպրոցն ինքը տեղամաս է՝ ընտրական տեղամաս, որտեղ ցուցակներ էին փակցված, որտեղ պատրաստվում էին ընտրություններին, որտեղ ընտրություններն անցկացվեցին, և այդ բոլորը բնականաբար աշակերտների մոտ այս ամենի հետ կապված հարցեր էին առաջացնում, ինձ հարցեր էին ուղղում, օրինակ՝ ինչո՞ւ է այս թիմն ասում՝ «ես արդեն հաղթել եմ, հենց անմիջապես ամսի 5-ին, երբ ոչ մեկը 50+1 չի հավաքել և այլն։ Ու ոչ միայն այս դեպքում, ես առհասարակ որպես մանկավարժ՝ մշտապես իմ աշակերտների հետ դասավանդելու ընթացքում կապը կյանքի հետ մշտապես փորձում եմ պահել, որովհետև մենք ունենք այնպիսի դասեր, թե՛ հայոց եկեղեցու պատմությունը, թե՛ հասարակագիտությունը, թե՛ հայոց պատմությունը, որոնք հնարավոր չի էլի կյանքին առանց կապելու դու կարողանաս ներկայացնել ու հասկանալի դարձնել․․․»։

Հարցին՝ արդյոք ուսուցիչն իրավունք ունի՞ դասի ժամանակ աշակերտների հետ նման թեմաներից խոսել, հատկապես, երբ ընտրական գործընթացներ են ընթանում, ուսուցչուհին էլ Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ է, Նաիրա Մանուչարյանը պատասխանեց․

«Այո, բացարձակ ունի, որովհետև մենք դպրոցում ունենք ծնողի և տնօրենի միջև կնքված պայմանագիր, այդտեղ կա նաև ուսուցչի պարտականությունները, հստակ նշվում է, որ յուրաքանչյուր ուսուցիչ, անկախ նրանից՝ ինչ է դասավանդում, պետք է հոգ տանի քաղաքացի ձևավորելու համար, իսկ ի՞նչ է նշանակում՝ ձևավորել քաղաքացի, քաղաքացին հենց այն մարդն է, ով ապագա ընտրողն է, պետության կառավարման մասնակիցն է ժողովրդավարական հասարակությունում։ Այդ նույն տարիքի երեխան ինձ հարցնում է՝ մեր տուն եկել, այսպիսի բան էին ասում, էս մեկն էսպես էր ասում, էն մեկին էնպես արել, էն մեկին չեն թողել ընտրական տեղամաս հասնի, հետ են դարձրել։ Այդ բոլորը երեխաների աչքի առաջ է, կամ՝ ինչո՞ւ են սալյուտներ պայթեցնում ու ասում՝ հաղթել ենք, ինչո՞ւ են հավաքում մարդկանց խորոված պատիվ տալիս, եթե հաղթանակ չի եղել, այդ թյուրիմացությունները, եթե տանը ծնողները կարողանան իսկապես ճիշտ բացատրել, այդ երեխաները չեն գա դպրոցում ուսուցչից հարցնեն։

Հիմա քարոզի մասին ասեմ, ի՞նչ է նշանակում՝ քարոզ։ Մենք քարոզարշավ ենք արել և այդ քարոզի ժամանակ պարտադիր կոնկրետ իմ քաղաքական ուժին եմ, չէ՞, ներկայացրել, նրանց շահերն եմ պաշտպանել, մեր ծրագրերն եմ բարձրաձայնել, այսինքն՝ քարոզ նշանակում է, որ դու ուղղորդված միայն մի ուժի մասին ես խոսում և ուզում ես, որ այդ ուժն անպայման տվյալ ընտրազանգվածի մոտ ունենա հեղինակություն, առավելություն։ Հիմա արդո՞ք իմ այդքան խոսքի մեջ կա որևէ առանձնացված քաղաքական ուժ, որը գովազդվում է, քաղաքացիական կրթություն է, ընտրություն է, ինչպես պետք է անես, ու ուղղված չէ ոչ մեկին, ընդամենն ասվում է՝ ունես խնդիր, տեսնում ես՝ ով է ինչ լուծում տալիս, ում լուծմանն ես համաձայն, նրան էլ ընտրում ես․․․»։

Դիտարկմանը, որ ձայնագրության մեջ կա նաև հատված, որտեղ դուք խոսելով Վարդենիս խոշորացված համայնքում գտնվող գյուղերից մեկի մասին՝ ասում եք․

«Գիտե՞ք ամենատհաճն ինչն է, եղել է ծրագիր, որ սոցիալապես անապահով մարդկանց տանիքները պետք է փոխեին, բայց հիմա, երբ այդ գյուղի կողքով անցնում ես, տեսնում ես մի քանի հատ պլպլան կտուրներ՝ թիթեղից, ոչ թե շիֆերից։ Մտանք մի ընտանիք, որտեղ չափազանց աղքատություն, այդ մարդու կտուրը չեն սարքել նրա համար, որ նա ընդդիմախոս, ճիշտը խոսող մարդ է, ու բոլորն ասացին, որ փոխվել են միայն այն մարդկանց կտուրները, ովքեր հլու-հնազադ ծառաներ են տվյալ գյուղապետի»։ Ի դեպ, այս նախադասության ավարտին աշակերտներից մեկն ասում է՝ «անասուն»։

Մանուչարյանին հարցրեցինք՝ սա ի՞նչ է, եթե ոչ՝ ուղղորդում․

«Ես ընդամենը խնդիրն եմ մատնանշում, ասում եմ՝ խնդիր կա, որ պետք է լուծվի, այդ պարագայում արդեն խնդիր կա խտրական վերաբերմունքի կամ անհավասարության, ինչո՞ւ պետք է մի կարիքավորի տանիքը չնորոգվի, մյուսինը նորոգվի․․․ Ես նաև օրինակ եմ բերել, ասել եմ՝ տեսեք, մեր դպրոցին հարակից մի հսկայական դաշտ կա, ամբողջը աղբի մեջ կորած է, ասում եմ՝ մենք տեսնում ենք, դա խնդիր է, այդ խնդիրը մենք պետք է լուծենք։ Հիմա, քաղաքական կուսակցություններ են, ուժեր են, մտել են քարոզարշավի չէ՞, դուք գիտեք, որ կա այս խնդիրը, ուշադրություն եք դարձնում՝ ո՞վ է դրա ռեալ լուծումը տալիս, եթե ձեր նպատակն էլ է՝ այդ խնդիրը լուծել, ուրեմն ընտրում եք այն ուժին, որն այդ խնդիրը լուծելու է։ Ընդամենը այդ կողմնորոշումը, հա՞, ինչպես պետք է կողմնորոշվել, ում ընտրես, ոչ թե ընտրես, որ քո բարեկամն է, սպառնում, կաշառում է, այլ նրան, ով որ խնդիր է լուծում, ամբողջ տրամաբանությունը սա է, ու հիմա այդ օրը ի՞նչ խնդիր եմ ես օրինակ բերել, հաջորդ օրը կամ նախորդ օրը ինչ խնդիր եմ օրինակ բերել․․․

Ընդ որում, մի բան էլ ասեմ, մենք ունենք դասաժամ, մի ամբողջ գործնական աշխատանք է հասարակագիտությունից, որ կոչվում է՝ համայնքային հիմնախնդրի հետազոտում, որը նախատեսում է, որ աշակերտն ինքը պետք է ամբողջությամբ մի խնդիր վերցնի՝ համայնքային խնդիր, իսկ համայնքային նշանակում է, որ այդ խնդրի լուծման համար պարտադիր պետք է լինեն պետական մարմիններ, ու խնդրի լուծման ուղղությամբ ինքը սկսում է աշխատել։ Աշակերտներն այցելում են, հարցազրույցներ են վերցնում, է՛լ լրագրողներ են, է՛լ հետազոտողներ են, է՛լ ուսումնասիրողներ են, բոլոր այդ աշխատանքներն իրենք պետք է անեն ու ամենավերջում իրենք լուծում տան, ի՞նչ հասկացան, այդ խնդիրն ինչպե՞ս է լուծվում կամ ինչո՞ւ չի լուծվում։ Այնպես որ, դրանք այնքան պարզ, նորմալ բաներ են հասարակագիտություն առարկայի համար, որ նույնիսկ ծիծաղելի է, եթե այդպես լինի՝ մեր յուրաքանչյուր դասը քարոզ է։ Ամենակարևորը՝ ո՞րն է մանկավարժի հիմնախնդիրը, կարևորն այն է, որ դու երեխային պետք է ուսուցանես, առանց նրա՝ հոգեկան և մանավանդ ֆիզիկական վնասները անտեսելու, դու չե՛ս բռնանում նրան, դու նրա հոգեկան աշխարհի վրա չես ազդում, նրա ֆիզիկական առողջության վրա չես ազդում, դու նրան կրթում ես ու դու լիարժեք ազատ ես՝ ինչ միջոցներով ես դա անում»։

Նաիրա Մանուչարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք դասաժամին աշակերտների հետ նմանատիպ թեմաներով զրուցելու համար որևէ ծնողի կողմից բողոք եղե՞լ է, ինչին նա բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ այս ձայնագրության հրապարակումով փորձում են հաշվեհարդար տեսնել իրենից։

«Ես այդ դպրոցում բարձրացրել եմ շատ լուրջ հարցեր, 3 տարի է՝ ես պայքարում եմ դրա համար, ընդ որում, հենց դպրոցում ծագած անօրինությունների պատճառով է, որ ես այսօր քաղաքական դաշտ եմ մտել, հենց դրա համար, ու այսօր ուզում են հենց այդ ձևով վարկաբեկել, հեղինակազրկել, վնասել, չգիտեմ ինչ անել․․․ Խնդրում եմ արձանագրել, որ ես իմ հերթական ծնողական ժողովները չեմ արել՝ նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի վերջը, չեմ արել, որպեսզի որևէ բառ չասեի, որ օգտագործեին՝ որպես իմ կողմից քարոզարշավ դպրոցում, որովհետև իմ ծնողներն էլ ինձ շատ-շատ հարցեր են տալիս կյանքի վերաբերյալ և այլն, մենք շատ-շատ հարցերի շուրջ զրուցում ենք մշտապես, հիմա, եթե այդ օրերին գային, հաստատ զրույց կլիներ, ես խուսափել եմ դրանից։ Իմ կոլեկտիվը նույնիսկ վերջին օրերին զարմացած ինձ ասում են՝ բա, որ դու ավագանու թեկնածու ես, ինչո՞ւ մի բերան չես ասում, սա իրենց բառերն եմ ասում։ Ես դպրոցում իմ կոլեգաների մոտ որևէ բառ չեմ խոսել, որովհետև ես գիտեի՝ ինչպիսի տրամադրվածություն կա կոնկրետ իմ նկատմամբ, ես եղել եմ չափազանց զգուշավոր, իսկ ինչ մնում է իմ աշակերտների հետ, որ քննարկել եմ իրենց իսկ տված հարցերը ու իրենց համար կյանքը բացում եմ, որպեսզի որպես վաղվա քաղաքացի՝ չխաբվեն, իսկապես աչքաբաց լինեն, խնդիրը տեսնեն, լուծում գտնեն, ոչ թե մարդկանց խոստումներին խաբվեն։ Ընդամենը սա է իմ ուզածը, ու դա ոչ թե եղել է այսօր, երեկ, այլ իմ ամբողջ կյանքում ես այդպիսի մանկավարժ եմ եղել․․․

Եվ մի կարևոր բան, այդտեղ օգտագործվում է երեխան, ամենասարսափելին հենց դա է, ո՞վ է մտածում երեխայի մասին, Մանուչարյանի քարոզները հաստատ այդ երեխային չեն վնասել, երեխային ընդամենը տվել են գիտելիք, բայց դուք ի՞նչ եք արել, երբ երեխայի ձեռքով այդ կեղտոտ գործն եք արել, ինչպե՞ս եք անվանում այդ արարքը, երբ երեխային ստիպում են ձայնագրել իր ուսուցչին ու նաև օգտագործում են նրան, սա է իսկապես պղտորելը երեխայի հոգեկան աշխարհը, հարգանքն ուսուցչի հանդեպ, և առհասարակ ազնվության կորուստ։ Դա երեխան գաղտնի է, չէ՞, արել, դրա վրա ուշադրություն դարձրեք, դաստիարակության համար դա իսկապե՞ս օգտակար բան է։ Հարգելի՛ ծնող, դու այդպես զգուշացել ես Մանուչարյանի դաստիարակությունի՞ց, հա՞, բա դու ի՞նչ ես անում քո երեխուն»,- հարցով ավարտեց երկար միտքն ու իր գործողությունների համար գտած հիմնավորումները ուսուցչուհի Մանուչարյանը։

Դիտարկմանը, որ նույն կերպ էլ տվյալ դասարանում ներկա աշակերտներից մեկի ծնողն է պնդում, որ ՔՊ-ի քարոզն անելով՝ դուք եք երեխային օգտագործում, Նաիրա Մանուչարյանն ասաց, որ ինքն ընդամենը երեխային դաստիարակել է․

«Մեր իրականությունն ինչ որ կա, նախ երեխան իր աչքով է տեսնում, մանավանդ սարսափելի իրականությունը, այդ նույն երեխան տեսել է, որ իրենց տուն մտել ու կաշառք են տվել, ես, իհարկե, չգիտեմ, թե որ երեխայի մասին եք ասում, ես ընդհանուր եմ ասում։ Դուք չեք էլ պատկերացնում, թե ինձ ինչ հարցեր են տալիս երեխեքը, ամոթ էլ է»,- կշտամբեց Վարդենիսի ավագանու ՔՊ-ական անդամ, ուսուցիչ Նաիրա Մանուչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս