«Մեր բարոյական նորմերը փոխենք». Վարդենիսի ՔՊ-ական ավագանու անդամը դասաժամին քարոզո՞վ է զբաղվում

168.am-ի աղբյուրները ձայնագրություն են փոխանցել, որում Վարդենիսի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ, պատմության ուսուցչուհի Նաիրա Մանուչարյանը, դասարանում աշակերտների հետ քննարկում է ՏԻՄ ընտրությունները:

«Մանուչարյանը պատմություն է դասավանդում Վարդենիսի N3 միջնակարգ դպրոցում, բայց դասը թողած ՔՊ-ի քարոզն է անում: Ճիշտ է, այս 3 ձայնագրությունները դեկտեմբերի 5-ից հետո են արվել՝ ընտրություններից հետո, բայց այնպես չի, որ մինչև էդ էս թեմաներով չի խոսել երեխեքի հետ: 7-րդ դասարանի աշակերտների հետ նման թեմաներով խոսելը չասեմ, թե ինչ է…»,- ասաց Վարդենիս համայնքի մեր զրուցակիցը:

Ձայնագրությունից ակնհայտ է, որ խոսողը ՔՊ-ական ավագանու անդամ Մանուչարյանն է, իսկ թե ի՞նչ էր քննարկում աշակերների հետ, ստորև.

«Փոխենք մեր կյանքը, մեր բարոյական նորմերը փոխենք: Թող լինի քաղաքակիրթ ընտրություն, 3 ուժ են, 3-ն էլ իրենց բուկլետներում ունեն իրենց ծրագրերը, մարդիկ թող բոլոր 3-ի ծրագրերը կարդան, մի հատ էլ տեսնեն, թե էդ ծրագիր գրողնեն ովքեր են, գնում, ծանոթանում, ներկայանում են չէ՞, ում նկատմամբ հավատ ունեցան, իրենց ներքին ձայնով էդ մարդուն գնան ընտրեն, ոչ թե՝ դու իմ տարածքում ես, դու իմ սեփականությունն ես, չփորձվես հանկարծ, այդ մարդիկ գան, գնաս կանգնես կողքները, չփորձվես հետները խոսես: Էս ո՞ր դարն է, դա ինչի՞ պտի հանդուրժվի ու ցավալին էն է, որ էդ մարդկանց էդքան էլ ասեցինք՝ ձեր ստրկական վիճակը մի հատ գրիչի հարվածով եք վերացնում, բայց չարեցին, վախենում էին հաշվեհարդարից… Ես ուրիշ բան չեմ ասում, ուղղակի ուզում եմ իրազեկ լինեք, ձեր ծնողներին, ձեր մեծերին էլ ասեք, թե ինչ է տեղի ունենում…»:

Ի դեպ, սա այն նույն ավագանու անդամն է, որ դեկտեմբերի 30-ին՝ ավագանու նիստի ժամանակ, համայնքապետի սենյակից բարձրաձայն ասում էր՝ «տակա՛նք, վարդենիսցիները գլուխդ են ջարդելու», ինչպես նաև՝ «հանցագործներ են», որը լսելի էր համայնքապետարանի նիստերի դահլիճում, և որտեղ այդ պահին ընդդիմադիր ավագանու անդամները նիստ էին անցկացնում: Ավելի ուշ, երբ սույն տիկինը ժամանեց նիստերի դահլիճ, իր այդ սպառնալից հայտարարություններին իբրև արդարացում նշեց, թե իբր հին տեսանյութ է և ոչ թե այդ պահին է ասել:

Ձայնագրության մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս