Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան. Կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժվել է
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի, գործով հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ինչ վերաբերում է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքին, ինչպես նաև՝ նրա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությանը, ապա դրանք մերժվել են, ըստ դատախազության, բավարար հիմքերի բացակայության հիմնավորմամբ։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։ Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։
Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին եւ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել։
Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նաև այդ դրվագով դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտը մերժել է միջնորդությունը։ Պաշտպանը դեկտեմբերի 29-ին նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով, թե ինչու պետք է Մինասյանի նկատմամբ դադարեցվի քրեական հետապնդումը։ Ի լրումն սույն բողոքի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն, մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազն իրավունք ունի վերացնել կամ փոխել խափանման միջոցը, պաշտպանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է նաև Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդություն։Սակայն դատախազությունը մերժել է թե բողոքը, թե միջնորդությունը, ու երեք պատերազմի մասնակից հրամանատարին համավարակի այս պայմաններում կալանքի տակ պահել զենք պահելու մեղադրանքով։