Հունվարի 1-ից որ կազմակերպությունից կարելի է կենսաթոշակը ստանալ անկանխիկ եղանակով
Հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքաբնակ այն կենսաթոշակառուները, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը կենսաթոշակը ստացել են կանխիկ եղանակով և չեն դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ նրանց համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն (Ազգային օպերատոր՝ էլեկտրոնային փողի միջոցով կամ բանկեր)։
Նշվում է, որ ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կարող է տեղեկանալ առցանց եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ և բացված պատուհանում մուտքագրել կենսաթոշակառուի անձնական տվյալները։
Կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ վճարող կազմակերպությունը, այդ թվում՝ վերը նշված ծրագրային մոդուլի կիրառմամբ ընտրված վճարող կազմակերպությունը, փոխելու համար։
Վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները, ինչպես նաև 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները կարող են կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով։