«2016թ. մեկ աղետ եմ տեսել՝ Արցախի 2-րդ պատերազմ, որը մենք ջախջախեցինք, ջախջախեցինք թշնամու պլանները՝ լիակատար». Բաբայանը՝ Փաշինյանին
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին՝ ասել էր, որ 2016 թվականին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել։
«Եթե հարցնեք, թե 2016 թվականին ի՞նչ աղետ է տեղի ունեցել բանակցային գործընթացում, ապա ես կպատասխանեմ՝ 2016 թվականին ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ։
Սա ներկայացվել է համանախագահների կողմից, բայց աղետը սա չէ, այդ փաթեթներում, որը, ի դեպ, հայկական կողմից լայնորեն կիրառվում է, որևէ մեկը չի ասում, որ ԼՂ ժամանակավոր իրավիճակը և կարգավիճակը ճշգրտելու հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Եվ ասվել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խորհրդակցելով Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ, համանախագահների հետ, որոշում է կայացնում այն իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ։ Այստեղ ի՞նչ խնդիր կա, խնդիրը հետևյալն է, ի դեպ, բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն այն է եղել, որ ամեն ինչ անեն, որպեսզի հարցի լուծումը վերջնական լինի ԵԱՀԿ Մինսկի տիրույթում, բայց այն տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»,- նշել է Ն. Փաշինյանը։
Այս համատեքստում նա հիշեցրել է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը, որտեղ ՀՀ առաջին նախագահն ասել է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելու է միջագային հանրությունը։ Սակայն, ըստ նրա, բանը եկավ հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։
«Կանխատեսելի՞ է արդյոք, թե ինչ որոշում է կայացնելու այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որովհետև այստեղ լուծվում է մեկ հարց, թեկուզ միջանկյալ կարգավիճակով Ղարաբաղը, ի վերջո, որ երկրի մաս է կազմում։ Երբ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է, սա դառնում է շատ անկանխատեսելի մի լուծում, որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որտեղ ասել է՝ ԼՂ-ն Ադրբեջանի տարածաշրջան է, ասել է հետևյալը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Նկատի ունեմ, որ եթե ԼՂ այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- հավելել է նա։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի նշած «աղետին» և նրա մեկ այլ դիտակման, թե ո՞վ էր որոշել, որ հանրաքվեն պետք է լինի հենց Ստեփանակերտում, ընդգծեց, որ երբ խոսվում էր Արցախի կամարտահայտության մասին, ադրբեջանական կողմն առաջ էր բերում հետևյալ մոտեցումը, որ՝ հանրաքվե պետք է լինի ամբողջ Ադրբեջանի տարածքում։
«Այսինքն՝ ոչ միայն Արցախի ձայնը լսեին, այլև ամբողջ Ադրբեջանի՝ 8 մլն ադրբեջանցու։ Այդ 8 մլն ադրբեջանցին ի՞նչ պետք է ասեր, ասեր՝ Արցախն անկա՞խ է, ընդունեի՞ն մեր անկախությունը, իհարկե, ոչ։ Մենք էլ ասել ենք, որ դա անհեթեթություն է, մեր ճակատագիրը մենք ենք որոշում, որովհետև ճիշտ չէ, որ մեր ճակատագիրը որոշի, ասենք, Ադրբեջանի բնակչությունը, որի դեպքում պարզ է, չէ՞, թե ինչ է լինելու։ Այդ պատճառով էլ մենք Ադրբեջանի նման մոտեցումը միշտ չեղարկել ենք ու ասել, որ սա այն տարբերակը չէ, որ կարող է հիմք դառնալ Արցախի ապագա կարգավիճակը որոշելու համար։ Մինչև այժմ էլ Ադրբեջանն այդպես է մտածում, ավելին՝ նա նույնիսկ չի էլ խոսում հանրաքվեի մասին, ասում է, որ որևէ կարգավիճակ չեն տալու, նույնիսկ պետական ինչ-որ կազմավորման, նույնիսկ Ադրբեջանի կազմում, իբր սա իրենց տարածքն է ու ամեն ինչ որոշված է։ Մեզ համար սա անընդունելի է։
Ինչ վերաբերում է 2016 թվականի աղետի մասին հայտարարությանը, ապա ես այդ ժամանակ մեկ աղետ եմ տեսել՝ Արցախի 2-րդ պատերազմ, որը մենք ջախջախեցինք, ջախջախեցինք թշնամու պլանները՝ լիակատար։ Նրանց նպատակը ոչ թե 3-4 օր ինչ-որ պրովոկացիաներ անելն էր, այլ սրընթաց պատերազմի միջոցով՝ «բլից-կրիգով», 2 օրում Ստեփանակերտը գրավելը։ Նրանց այդ նպատակը որևէ ձևով չէր տարբերվում 2020 թվականի պատերազմի նպատակներից, ուղղակի այն ժամանակ չստացվեց, իսկ 2020 թվականին հաջողվեց։ Բայց ապրիլյան պատերազմը եղել է մեր փայլուն հաղթանակներից մեկը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։