«ԼՂ ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային  թեմայի մեջ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի այսօր կազմակերպած տարեվերջյան առցանց ասուլիսի ընթացքում մոդերատորի հնչեցրած հարցերից մեկը վերաբերում էր  Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Ունի՞ արդյոք  Հայաստանը պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները, և եթե բանակցությունները մեկնարկեն՝ Հայաստանը բարձրացնելո՞ւ է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։

«Ամենակարևոր և նաև որոշակի դժվարություններ ունեցող թեման այն է, որ մենք կարողանանք հանրության հետ խոսելիս ներկայացնենք ԼՂՀ բանակցային գործընթացի բոլոր շերտերը, և այս հարցին պատասխանելու համար ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի թեմայի վրա՝ ի սկզբանե արձանագրելով, որ այդ թեման գուցե մինչև վերջ չկարողանամ բացել մի շարք նկատառումներով։

Բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂՀ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Ես սրա մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ և նաև նախկինում բանակցությունների մասնակցած շրջանները գոնե այս մասով հաստատել եմ։ ԼՂ ինքնավար մարզը երբեք բանակցային գործընթացում չի դիտարկվել՝ որպես զուտ և միայն հայկական միավորում, որովհետև այնտեղ այն փաստի բերումով, ամեն դեպքում դա բանակցություններում արձանագրված է, որ ԼՂ ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային  թեմայի մեջ։

Ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր ԼՂՀ կարգավիճակի վերջնական ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում ԼՂ ողջ բնակչության մասին։ Ի՞նչ է նշանակում՝ ողջ բնակչություն, նշանակում է՝  ոչ միայն հայկական բնակչություն, այլև ադրբեջանական բնակչություն։ Ես նախկինում մի քանի անգամ գոյություն ունեցած բանակցային գործընթացի վերաբերյալ իմ վերապահումները արտահայտելիս նաև շեշտադրումներ եմ արել։

Ենթադրենք, ինչու եմ ասում՝ ենթադրենք, որովհետև դա փաստ չէ, և եթե այդպես լիներ, ենթադրենք՝ այդ հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ  պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեր նաև ԼՂ ադրբեջանցի բնակչությունը։ Ենթադրենք՝ ադրբեջանցիները պիտի մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում էր հայկական կողմը, հարց, իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում իրենք էլ կարո՞ղ էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Եվ այս պարագայում ինչպիսի հարաբերություններ պիտի առաջանային։ Այս համատեքստում ԼՂ տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պիտի արձանագրվեր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, այսօր արվում են հայտարարություններ, որոնք իրականում բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ  2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և հենց այդ համատեքստը նկատի ունի, որը մի շերտանի չէ, և ԼՂ ինքնավար մարզը երբեք չի դիտարկվել բանակցային բովանդակություն՝ որպես զուտ հայկական միավորում։

«Հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես դա կարող եմ ապացուցել անհարժեշտության դեպքում, ուղղակի տեքստային առումով ապացուցել։ Եթե հարցնեք, թե 2016 թվականին ի՞նչ աղետ  է տեղի ունեցել բանակցային գործընթացում, ապա ես կպատասխանեմ՝ 2016 թվականին  ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ։

Սա ներկայացվել է համանախագահների կողմից, բայց աղետը սա չէ, այդ փաթեթներում, որը, ի դեպ, հայկական կողմից լայնորեն կիրառվում է, որևէ մեկը չի ասում, որ ԼՂ ժամանակավոր իրավիճակը և կարգավիճակը ճշգրտելու հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Եվ ասվել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խորհրդակցելով Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ, համանախագահների հետ, որոշում է  կայացնում այն իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ։ Այստեղ ի՞նչ խնդիր կա, խնդիրը հետևյալն է, ի դեպ, բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն այն է  եղել, որ ամեն ինչ անեն, որպեսզի հարցի լուծումը վերջնական լինի ԵԱՀԿ Մինսկի տիրույթում, բայց այն տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»,- հավելեց Ն. Փաշինյանը։

Այս համատեքստում նա հիշեցրեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը, որտեղ ՀՀ առաջին նախագահն  ասել է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելու է միջագային հանրությունը։ Սակայն, ըստ նրա, բանը եկավ հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

«Կանխատեսելի՞ է  արդյոք, թե ինչ որոշում է կայացնելու այս հարցով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որովհետև այստեղ լուծվում է մեկ հարց, թեկուզ միջանկյալ կարգավիճակով Ղարաբաղը, ի վերջո, որ երկրի մաս է կազմում։ Երբ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում է, սա դառնում է շատ կանխատեսելի մի լուծում, որովհետև 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է  բանաձև, որտեղ ասել է՝ ԼՂ-ն Ադրբեջանի տարածաշրջան է, ասել է հետևյալը, որ ճանաչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ Նկատի ունեմ, որ եթե ԼՂ այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝  նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս