«Ի՞նչ են կարծում, այդ հարցը Թուրքիան օրակարգից կհանի՞․ իհարկե ոչ». Աշոտ Մելքոնյան
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, հավելելով, որ Երևանի հետ կբացվեն նաև չարտերային թռիչքներ։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարության հաջորդ օրն այդ լուրը հաստատեց ՀՀ արտգործնախարարությունը, նշելով, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված Թուրքիայի քայլերին, նախ նշեց, որ այդ առումով, մինչև Արցախի 44-օրյա պատերազմը՝ աշխարհաքաղաքական իրադրությունը Հայաստանի համար շատ ավելի բարենպաստ էր, քան պատերազմից հետո է։
«Դեռևս 2000-ականներին Թուրքիան առաջ քաշեց, այսպես կոչված, հաշտեցման հանձնաժողովի գործունեություն ծավալելու թեզը։ Դրա իմաստն այն է, թե իբր մենք հայ-թուրքական խնդիր, վեճ ենք ունեցել, և հիմա կողմերը միմյանց ներելու պատրաստակամությամբ պետք է հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում աշխատեն, որը, իհարկե, հայկական կողմի համար խայտառակություն էր։ Այդ գործընթացը սկսվեց 2001 թվականին, իսկ 2003 թվականի աշնանը դրա աշխատանքները դադարեցվեցին։ Դրանից հետո օրակարգ եկավ Ցյուրիխյան արձանագրությունների պատմությունը, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Եվ վերջապես այսօր, երբ իրավիճակը շատ ավելի նպաստավոր է թուրքերի և ադրբեջանցիների համար, նորից օրակարգ է մտնում թուրքական կողմի առաջարկը։ Այն ժամանակ, երբ Հայաստանը դրության տերն էր, Թուրքիան մեզ համար աննպաստ պայմաններ էր առաջ քաշում, հիմա, երբ Հայաստանի համար իրավիճակն անբարենպաստ է, թուրքական առաջարկների ընդհանուր համատեքստում ակնկալել, որ այդ հարաբերություններն իսկապես խաղաղասիրական հարաբերությունների նպատակ են հետապնդում՝ անիրատեսական է»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է այս գործընթացում ՀՀ իշխանությունների գործողություններին և այն հանգամանքին, որ հայկական կողմը հայտարարություն արեց Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից հետո, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակեն, Աշոտ Մելքոնյանը նկատեց՝ հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրն իր հիմքում ունի Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության մոտեցումը։ Հետևաբար, հարցը հայության համար նուրբ ու զգացական է, որի համար էլ իշխանությունները չեն ցանկանում՝ հանրային մեծ իրազեկում լինի։
«Այս խնդրի վերաբերյալ նման ձևով են աշխատել գրեթե բոլոր իշխանությունները՝ սկսած առաջին նախագահից։ Նրանք աշխատում են շատ մանրամասներ չհայտնել բացահայտ։ Կրկնում եմ, եթե նախկինում մեզ համար ավելի նպաստավոր պայմաններում Թուրքիան մեր առջև նախապայման էր դնում Հայոց ցեղասպանությունից հրաժարում, ապա այսօր ի՞նչ են կարծում, այդ հարցը Թուրքիան օրակարգից կհանի՞։ Իհարկե ոչ։ Թուրքիայի մոտեցումը միշտ եղել է հետևյալը, որ հայերը պետք է «քարն իրենց փեշից թափեն», մոռանան պատմական անցյալը՝ հանուն երկու ժողովուրդների բարեկամության և այլ արևելյան շողոքորթությունների»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։