«Իմ գյուղ, կարոտել եմ քեզ». Հադրութի Արևշատ գյուղի 13-ամյա Լիլիթի բանաստեղծությունները
13-ամյա Լիլիթ Ավագյանը իր ընտանիքի հետ ապրում է Գորիսում։ Նրանք իրենց ընտանիքով 44-օրյա պատերազմից հետո են տեղափոխվել Գորիս։ Մինչ այդ Լիլիթն ապրում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Արևշատ գյուղում։ Գյուղն արդեն 1 տարուց ավելի է, ինչ օկուպացվել է ադրբեջանցիների կողմից։ 13-ամյա աղջնակը հատկապես սկսել է ստեղծագործել պատերազմից հետո։ Իր բանաստեղծություններում Լիլիթը հիշում է իրենց գեղեցիկ գյուղը, անհոգ օրերն ու աննման բնությունը։ Նա երազում է, որ օրերից մի օր կվերադառնա հայրենի գյուղ ու կապրի խաղաղ երկնքի տակ։
«Իմ գյուղը»
Իմ գյուղ, շատ եմ կարոտել քեզ,
Քո այն կանաչ դաշտերը,
Քո հետ կապված ամեն բան,
Պահում եմ իմ փոքրիկ սրտում,
Շատ եմ սիրում քեզ
Իմ գյուղ։
«Վիշտ և ուրախություն»
Ճիշտ է՝ ես ժպտում եմ,
Հումորների վրա ծիծաղում եմ,
Խաղում եմ,
Սակայն իմ մտքում իմ գյուղն է,
Որում հիմա ապրում է թշնամին
Սակայն ես հույս ունեմ, որ մի օր
Ամեն ինչ կավարտվի,
Երկինքը կխաղաղվի,
Եվ մենք նորից կվերադառնանք մեր գյուղ,
Եվ կապրենք ուրախ և երջանիկ։
«Հայրենիք»
Աչքերիս մեջ հայրենիքն է,
Հայրենիքս, տունս, տեղս,
Կարոտել եմ քեզ, իմ հայրենիք,
Կարոտել եմ տունս, տեղս,
Թշնամին է ապրում տանս,
Թշնամին լցրեց սիրտս
Տառապանքով։
Ա՜խ ոնց թողնեմ հայրենիքս,
Ա՜խ ոնց մոռանամ հայրենիքս։
Արցախ քո կողքին եմ միշտ
Կարոտում եմ քեզ, Արցախս:
«Մըր շենը»
Մըր շենը գարունը
Պատալա ծաղիկներավ,
Ծառերը ծաղկալա,
Բերքը հասալա,
Դաշտերը կանաչալա,
Մի խոսքով
Մեր շենը ղշնգացալա։
«Իմ գյուղ»
Իմ գյուղ, կարոտել եմ քեզ,
Քո այն ճերմակ և սիրուն սարերը,
Գեղեցիկ բնությունը,
Այն գեղեցիկ ճանապարհը,
Որով ամեն օր գնում էի դպրոց։
Կարոտել եմ քեզ, իմ գյուղ։
Ուր էլ ըլնեմ, ուր էլ գնամ
Մեկ է, կգամ քեզ մոտ,
Իմ հող հարազատ
Շատ եմ սիրում քեզ։
Լուսանկարում Լիլիթն է՝ իր քույրիկի հետ։ (Աջ կողմից՝ կապույտ շապիկով)։