Շուշիի գրավումը տոնող ադրբեջանական քարոզչությամբ գրառումը հավանել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծանոթացե՛ք, Վիգեն Չեթերյանն է. հայկական ազգանունով գրող, քաղաքագետ, ձեռքի հետ էլ՝ Բաքվի ADA համալսարանում 2021 թվականի ապրիլին դասախոսություն կարդացող ոմն մեկը։
Ժամեր առաջ վերցրել է ադրբեջանցի մի լուսանկարչի կոլաժ, որում լուսանկարչի նկարն է 1992 թվականի դեռ չազատագրված Շուշիից, հետո՝ 2020 թվականի նկարը՝ արդեն գրավված Շուշիից։ Ադրբեջանցի զինվորներով։ Ակնհայտ քարոզչական լուսանկար, որում տոնում է «ադրբեջանական ռազմական ոգու հաղթանակը»։
… ու գովեստի խոսքեր է գրել, թե բա. «Ռեզան իրական արվեստագետ է, ով ֆոտոխցիկ է բռնում, բայց Կալաշնիկովի էֆեկտով»։
Բայց այս դեպքում կարևորն այն չէ, որ հայկական ազգանունով ինչ-որ թուրքաբարո անբարոյական Ալիևների համալսարանի համար դասախոսություն է կարդում կամ ադրբեջանական քարոզչություն տարածում։
Կարևորն այն է, որ Շուշիի գրավումը տոնող ադրբեջանական քարոզչությամբ այդ գրառումը լայքում է… Ֆրանսիայում ՀՀ դեսպան՝ Հասմիկ Տոլմաջյանը։
Երկու տարբերակ կա. կա՛մ Տիկին դեսպանը չի հասկացել, թե ինչ է լայքում (ինչը շատ, շատ վատ է), կա՛մ հասկանալով է լայքել (ինչն ահավոր է ուղղակի)։ Համենայն դեպս այսքան ժամեր անց իր լայքը դեռ մնում է այս խայտառակ կոլաժի տակ։
Բոլոր սքրինները՝ գրառմանը կից։
Հ.Գ. Չեթերյանը հետո կռուտիտ է գրել, թե իբր նկատի ուներ, որ ադրբեջանցի լուսանկարիչը պրոպագանդիստ է, բայց իր գրառումից դա շատ դժվար է հասկանալ։ Դա քննադատություն չէ, ավելի շատ ընկերական, նույնիսկ կասեի՝ փաղաքշական, մուննաթիկ։ Ու եթե իսկապես «սխալ արտահայտվելու» խնդիր է, ապա արձագանքներից հետո կարող էր ջնջել այդ գրառումը ու ներողություն խնդրել։ Համենայն դեպս իրեն քննադատողներին շատ ավելի կոշտ է արձագանքում, քան ադրբեջանցի ռազմաքարոզիչին…»։