«Չի՛ կարող մեկ անթրաշ ոչնչությունն ավելի արժեքավոր լինել, քան հայրենիքը. համախմբվե՛ք». Աննա Հովներ
ՀՀԿ ԵԿ անդամ, երգահան Աննա Հովների կարծիքով՝ 2018թ. հրապարակում հարթակ բարձրացած մշակութային բոլոր գործիչներն անխտիր անսկզբունքային են:
«2018թ., երբ ամբոխը դուրս եկավ փողոց, մշակութային գործիչներից ոմանք հրաժարվեցին իրենց կոչումներից, որոնք նրանց ժամանակին տվել էր Սերժ Սարգսյանը՝ որպես պետության ղեկավար: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ստանում էիք այդ ամենը, Սերժ Սարգսյանը ձեզ համար լավ ղեկավար էր: Այդ մարդիկ անսկզբունքային են, նրանք իրենց ամբողջ կյանքում ապրել են լավ, և այդ նախկին ռեժիմից, որ իրենք փորձում էին ազատվել 2018թ., լավ օգտվել են: Ես չեմ ասում, որ իրենց փող են վճարել, բայց երկրում ամեն ինչ կայուն էր, բոլորն իրենց գործն էին անում, կար աշխատանք, ամեն ինչ ստաբիլ էր: Ի՞նչ էիք ուզում, Աստծուց ի՞նչ էիք ուզում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Աննա Հովներն առանձին անդրադարձ կատարեց դերասանուհի Լալա Մնացականյանին, որը 2020թ. մայիսին հայտարարել էր, թե «Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց» էր»:
Երգահանը հարց ուղղեց Լալա Մնացականյանին՝ հիմա ի՞նչ կարծիք ունեք Շուշիի մասին. «Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է նշանակում՝ Շուշին բոմժանոց էր: Նախ՝ այդ կինը վիրավորել էր բոլոր շուշեցիներին, երկրորդ՝ մենք հիմա ընդհանրապես չունենք Շուշի: Բա, Լալա Մնացականյան, հիմա դուրս արի և խոսիր դրա մասին, ասա, որ մեղմ ասած՝ դու սխալվել ես: Ասա, որ դու մեղավոր ես, քանի որ դու մտավորական ես համարվում, իսկ յուրաքանչյուր երկրում մտավորականի խոսքն ունի մեծ ուժ, և նա պարտավոր է խոսել: Հիմա դուրս արի և ասա, որ դու սխալվել ես, միայն մեկ գրառում անելով չէ: Այսօր ես մշակութային գործիչներին ասում եմ՝ եկեք դուրս գանք, հավաքվենք, զրուցենք, ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Այսինքն՝ կոչումները ետ տալուց, հրապարակում դըմփ-դըմփ հու՜ անելուց դուք քաղաքականությամբ էիք զբաղվում, իսկ այսօր, երբ երկրի լինել-չլինելու հարցն է, դուք չկա՞ք»:
Նա ընդգծեց՝ իր համար պատիվ է, երբ իրեն անվանում են նախկինների մնացորդ. «Ես համարում եմ, որ ավելի լավ է լինել նախորդ ռեժիմի մոտ վերջին մարդը, քան սրանց մոտ առաջին մարդը, որովհետև սատարել սրանց, աջակցել սրանց՝ խայտառակություն է և ամոթ»:
Երգահանը պատմեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ զրուցել է համալսարանի մի դասախոսի հետ, որն ասել է, թե մեր հողերը տալիս են, որ շեղեն ուշադրությունը, իսկ մյուս կողմից գաղտնի թունելով մերոնք հասնում են Բաքու. «Սա ասում է համալսարանի դասախոս, որն այնպես չէ, որ աննորմալ է, կիրթ, նորմալ մարդ է: Եթե նա է այսպես խոսում, էլ ի՞նչ խոսենք այն մարդկանցից, որոնք ապրում են շրջաններում: Երբ «Պատիվ ունեմ»-ի քարոզարշավի ժամանակ գնում էինք սահմանամերձ գյուղեր, այնտեղ էլ կային մարդիկ, ովքեր սրան սատարում էին: Երբ տեսնես նրանց տների մոտ գտնվող թշնամու պոստերը, կվախենաս, որ քո բալիկը դուրս գա տնից, բայց իրենք ասում էին՝ դե, ինչ անենք, նախկիններն են մեղավոր: Սա ֆենոմենալ երևույթ է, հասկանո՞ւմ եք, 3 տարի անցել է, մարդը ապրում է սահմանին, ես չգիտեմ՝ ինչ տեխնոլոգիաներ են կիրառել, որ նա չի վախենում՝ հերիք չէ, մի բան էլ թողած թշնամուն՝ նորից խոսում է նախկինների մասին: Սա ես որևէ կերպ չեմ կարող բացատրել»:
Աննա Հովները համոզված է՝ երբ ամբողջ ժողովուրդը համախմբվի մեկ գաղափարի շուրջ, հնարավոր կլինի հասնել արդյունքի. «Շատ մարդիկ վախենում են միանալ մեզ, որ իրենց էլ չասեն, թե նախկին ռեժիմի մնացորդ են: Այս հոգեբանությունը խանգարում է մարդկանց: Նույնիսկ մարդիկ կան, ովքեր չեն ուզում հավատալ, որ իրենց կուռքը թուրքական քայլեր է անում, ասում են՝ իր նմանակն է, ինքը չէ, այսինքն՝ յուրաքանչյուր արդարացում բերում են, միայն թե իրենց սխալը չընդունեն: Դուք չեք ամաչում մնալ այս դավաճան հողատուների կողքին, բայց ամաչում եք միանալ մե՞զ: Սա պետք է դուրս գա ժողովրդի միջից, իսկ ընդդիմությունը պետք է համախմբված լինի: Միացեք, համախմբվեք, որովհետև մեկ անթրաշ ոչնչությունը չի կարող ավելի արժեքավոր լինել, քան ձեր հայրենիքը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում