«Փաշինյանը բռնել է և՛ իր, և՛ երկրի համար կործանարար հակառուսական ճանապարհը». Տիգրան Քոչարյան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կայանալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը: Դրան հաջորդեց ԵՄ հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում։
Հայտարարության տեքստում նշված է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այս շաբաթ տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Գագաթաժողովը կայանալու է դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում։
Այս թեմայի վերաբերյալ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց. «Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է և՛ իր, և՛ երկրի համար կործանարար հակառուսական ճանապարհը: Սա նաև նշանակում է, որ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը սպառվել է, որովհետև եթե մարդ այսպիսի կամիկաձե ճանապարհ է բռնում, նշանակում է, որ ինքն այլևս մանևրելու տեղ չունի, և արդեն բացեիբաց անցնում է այն խաղին, ինչի համար ինքը ներդրվել էր և երկար տարիներ մեծացվել էր և, ի վերջո, բերվել էր իշխանության, որովհետև այսպիսի վերաբերմունքը դաշնակցի հանդեպ ուղղակի դեմարշի նման մի բան է: Վատն այն է, որ այսպիսի բաներից տուժում է Հայաստանը, ՀՀ քաղաքացիները, որովհետև այսպիսի անվստահելի գործընկեր, որն իր հայացքները օրվա մեջ մի քանի անգամ կարող է փոխել, որևէ երկրի, նույնիսկ իրար հետ թշնամի հանդիսացող երկրներին, ձեռք չի տալիս»:
Նրա խոսքով՝ շատ մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, չհասկացան, որ այս տարածաշրջանում հարց լուծողը Ռուսաստանն է մինչև հիմա. «Այդ հարց լուծելու Ռուսաստանի կարողությունը և իրավունքը ճանաչում են նաև այլ երկրներ, որովհետև մենք տեսանք, որ 2020թ. նոյեմբերին Ռուսաստանն իր խաղաղապահներին մտցրեց Արցախ՝ ուղղակի տեղյակ պահելով Ֆրանսիային և ԱՄՆ-ին, վերջիններս էլ համաձայնեցին: Նույնիսկ այս վերջին սրացման ժամանակ Սիսիանում մայիսի 16-ին կրկին ՌԴ միջնորդությամբ կանգնեց պատերազմը, իսկ այն կողմերը, որոնց դիմել էր Հայաստանը, առանձնապես նախաձեռնություն չցուցաբերեցին՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ՄԱԿ-ը:
Այսինքն՝ իրենք ասացին՝ ընկեր, գնա՝ Ռուսաստանի հետ լեզու գտիր: Իրենք այդպես են ասում, որովհետև գլոբալ առումով աշխարհը բաժանված է գերտերությունների ազդեցության գոտիներին, և տարին մեկ, երկու տարին մեկ հավաքվում և պայմանավորվում են: Եթե Արևմուտքը սկսի բացահայտ խառնվել այս տարածաշրջանում, դա կնշանակի, որ իրենք իրավունք են տալիս Ռուսաստանին՝ աշխարհի այլ կետում խառնվել և իր շահերը փորձել տանել: Դրա համար, բալանսը պահելու համար, այդպիսի ֆորմալ պայմանավորվածություններ կան, որ Անդրկովկասում հարցերը Ռուսաստանն է լուծում: Ուղղակի ամեն երկիր փորձում է իր շահերն առաջ տանել, և փորձում են Թուրքիայի միջոցով ստեղծել նոր խաղացող այս տարածաշրջանում, որը նոր իրավիճակներ կստեղծի և ռուսներին մի քանի վատություն կանի: Նիկոլ Փաշինյանը բռնել է այդ գիծը, որը հիմնականում դրսևորվում է հակառուսականությամբ և հակաիրանականությամբ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում