Կորոնավիրուսը կարող է որոշ խնդիրներ հրահրել՝ ինչպես աուտոիմուն, այնպես էլ՝ ալերգիաներ. Իմունոլոգ

Կորոնավիրուսից մահացության թվերը բարձրացել են, հիվանդացության տարիքը ևս փոխվել է, ծանր ընթացքն ավելի հաճախ է հանդիպում, իսկ պատվաստումների քանակը դեռ չի հասել այն կրիտիկական շեմին, որը զգալի փոփոխություն բերի,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ալերգոլոգ-իմունոլոգ Սևան Իրիցյանը՝ հավելելով, որ կա վարակման գործակից կոչվածը, որը համաճարակաբանական ցուցանիշ է, և այդ գործակցով պայմանավորված՝ կոլեկտիվ իմունիտետի թիվը փոփոխվում է, ու կորոնավիրուսի համար այն հաշվարկված էր այնպես, որ թիրախային բնակչության 70 տոկոսը գոնե պետք է պատվաստված լինի, որպեսզի այդ վարակելիության պրոցեսը գոնե ինչ-որ չափով դանդաղի:

Նա նշեց՝ ՀՀ-ում նոյեմբերի 14-ի դրությամբ բնակչության 21.8  տոկոսն է ստացել առաջին դեղաչափը, իսկ ամբողջական՝ 9.4 տոկոսը, ինչը բավական ցածր ցուցանիշ է, որպեսզի սպասենք պոպուլյացիոն արդյունքի:

Հարցին՝ լինո՞ւմ են դեպքեր, երբ քաղաքացին գնում է պատվաստվելու, այնտեղ են ասում, որ՝ եթե ալերգիա ունեք՝ պատվաստումը հետաձգվում է, եթե պատվաստվելուց 30 րոպե առաջ չես խմել հակաալերգիկ որևէ դեղ, չեն պատվաստում:

«Նման դեպքեր լինում են, որովհետև պացիենտները գալիս են մեզ մոտ, պարզաբանում պահանջում, իսկ թե ինչո՞ւ է դա այդպես՝ կդժվարանամ ասել: Հավանաբար պատասխանատվությունից խուսափելու տարբերակ է, երբ փորձում ես ավելի նեղ մասնագետի վրա թողնել վերջնական որոշումը: Սակայն կարգավորումներն այնպես են, որ միշտ պատվաստումը կատարող բժշկի վրա է թողնված այդ պատասխանատվությունը և որոշումը: Որևէ ալերգոլոգիական լուրջ բարդություն դեռ չի եղել. տեղային կարմրածություն կամ նմանատիպ բաներ հաճախ են լինում, դրանք բացարձակ խոչընդոտ չեն: Սակայն, որևէ ալերգաբանական բարդություն, որը դառնա հակացուցում՝ 2-րդ դեղաչափի կամ պատվաստանյութի տեսակը փոխելու՝ դեռ չենք ունեցել»,- ասաց Սևան Իրիցյանը:

Անդրադառնալով բուն կորոնավիրուսի հետևանքներին՝ ալերգոլոգ-իմունոլոգը նշեց, որ գործ ունենք վիրուսի հետ, դրանք բերում են, օրինակ, եղնջացաների առաջացման:

«Հիվանդությունը կարող է որոշ խնդիրներ հրահրել՝ ինչպես աուտոիմուն, այնպես էլ՝ ալերգիաներ: Դեռ դժվար է մեր սեփական փորձի վրա պնդել, բայց ՀՀ-ում էլ կան մարդիկ, ովքեր դիմել են ալերգոլոգի, ու հիմնական գանգատը այսպես է ձևակերպվում. կորոնավիրուսից հետո ինձ մոտ առաջացավ այս կամ այն ալերգաբանական խնդիրը: Միանշանակ պնդել, որ համընկել է, թե անմիջական հետևանքն էր, չենք կարող. ուղղակի տվյալները քիչ են: Բայց միջազգային տվյալներով, այո՛, կան խնդիրներ, որ առաջանում են կորոնավիրուսից հետո»,- եզրափակեց Սևան Իրիցյանը:

Տեսանյութեր

Լրահոս