Բաժիններ՝

Դպրոցներին խաբել են. կլինեն կրճատումներ

168.am-ի խմբագրություն զանգահարած մի խումբ դպրոցների տնօրեններ բարձրաձայնում էին «ՀՀ Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագծի ու դրանում թաքնված ականների մասին:

Պարզվում է՝ իրավասու պետական մարմինը օրենքի նախագիծը դպրոցներ է ուղարկել՝ որոշակի հատվածներ կրճատած-հանած տեսքով:

Իսկ դա արվել է մեկ նպատակով՝ որպեսզի ուսուցիչները տեղյակ չլինեն, որ կարող են մնալ առանց աշխատանքի:

Այսպես՝ օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածները ուսումնական հաստատության կառավարմանն են վերաբերում:

«Հոդված 10. Ուսումնական հաստատության կառավարումը

  1. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
  • Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Կոլեգիալ կառավարման մարմինը կարող է ձևավորվել ինչպես առանձին հաստատության, այնպես էլ մի քանի հաստատության համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  • Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի ղեկավարը, որոնք նշանակվում և ազատվում են (նրանց լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
  • Ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի ղեկավարումը իրականացվում է ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի ղեկավարի կողմից: Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական արդյունավետ ղեկավարման նպատակով համապատասխան լիազոր մարմնի կողմից պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի ղեկավարումը կարող է իրականացվել կենտրոնացված ձևով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  • Ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացվում է ուսումնական մասի տնօրենի կողմից»:

Սակայն պարզվում է, որ դպրոցներ օրենքի փոփոխությունների նախագիծն ուղարկվել է առանց 4-րդ հոդվածի:

«Մեզ ուղարկել են առանց 4-րդ հոդվածի ՝ «Հաստատության կառավարման» մասին հոդվածների փոփոխության, որտեղ հսկայական փոփոխություն են նախատեսել։ Ամեն դպրոց ունենալու է կառավարող երկու ղեկավար՝ ուսումնադաստիարակչական մասի և վարչատնտեսական մասի։ Ավտոմատ կերպով փոխտնօրեններն ու տնտեսվարները դուրս կմնան աշխատանքից։ Եվ, ի վերջո, դա հսկայական բեռ է թեկուզ 2 ղեկավարի դեպքում: Ես նայեմ նկուղի խողովակնե՞րը, սանհանգույցի մաքրությո՞ւնը, ծախսե՞րը, թե՞ առաջադիմությունն ու որակը»,- ասացին մեր զրուցակիցները:

Դպրոցների ղեկավարները վիրավորված էին, իրենց խաբված էին զգում:

«Մեր վիրավորանքն այն է,  որ իրենք մեզ խաբել են, նախագիծը միտումնավոր թերի են ուղարկել։ Հարց՝ ինչո՞ւ են միայն այդ հոդվածը հանել և ուղարկել քննարկման։

Եվ հետո՝ նախագծի դեմ-կողմ քվեարկության համար գործող «edraft» էջում հնարավոր չէ քվեարկել։ Կարծես արհեստականորեն անջատած լինեն այդ ֆունկցիան»,- ասացին ուսումնական հաստատության ղեկավարները:

Նրանք տարակուսած էին՝ տնօրենը չի կարող միայնակ իրականացնել ուսումնադաստիարակչական աշխատանքների պատշաճ վերահսկողություն՝ հատկապես մեծ աշակերտաքանակ ունեցող դպրոցներում։ Դպրոցում իրականացվող գործառույթները մեծածավալ են, և այդ աշխատանքները միայնակ համակարգել հնարավոր չէ։

«Միաժամանակ, ճիշտ չեմ գտնում 2 տնօրենի հաստիքների առկայությունը մեկ դպրոցում։ Աշխարհում նման նախադեպ չկա, որ միևնույն ՊՈԱԿ-ում երկու ղեկավար լինի: Այստեղ շահերի բախում կա, կոլեկտիվներում պառակտում կսկսվի: Փաստորեն, ֆինանսական մասի ղեկավարը շատ ավելի քիչ կաշխատի, քան ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենը: Իրենք երևի չեն պատկերացնում աշխատանքի ծավալը: Ֆինանսական մասով տարվա մեջ հազիվ 2-3 գործողություն է հնարավոր իրականացնել, բայց ուսումնադաստիարակչական աշխատանքները որևէ րոպե չեն դադարում: Հիմա փաստացի դրան գումարվում են նաև դաստիարակչական աշխատանքները: Այսինքն՝ մի ամբողջ վարչական համակազմի գործառույթներ դրվում են մի անձի վրա»,- ասացին մեր զրուցակիցները՝ նշելով, որ դպրոցներ կան, որ անգամ այդ թերի նախագիծը չեն ստացել, որ քննարկեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս