Անցակետերից հետո Ադրբեջանը Սյունիքի միջանցքն է ճեղքելու՝ անգամ ռազմական ճանապարհով. թեման չի փակվել. պատմաբան
Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ին տիրանալուց հետո չի՛ բավարարվելու իր այդ հաջողությամբ ու հաջորդ քայլով անելու է ամեն ինչ Սյունիքով միջանցքին հասնելու համար։ Այս տեսանկյունից՝ Սյունիքում ընթացող այս գործընթացները խիստ վտանգավոր և մտահոգիչ են, որովհետև միջանցքի թեման փակ չէ. այն ամեն օր ու ամեն ժամ Ադրբեջանը բարձրաձայնելու է, քանի դեռ այն չի ճեղքել։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը։
«Այն, որ հայտարարում են, թե Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին անցակետեր է դրել, ու դրանով փակվում է Սյունիքով միջանցքի թեման՝ իրականությանը չի համապատասխանում։ Միջանցքի թեման ամեն օր է բարձրաձայնվելու։ Ադրբեջանական կողմը բոլոր միջոցներն օգտագործելու է այդ անցակետերից հետո միջանցքը ճեղքելու համար. բոլոր միջոցներ ասելով՝ նկատի ունեմ ընդհուպ Արցախում նոր էսկալացիա։ Մենք պետք է սրան պատրաստ լինենք։ Ադրբեջանի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Մեղրիի միջանցքը, իսկ այս անցակետն ընդամենն առևտուր անելու համար է ուզել. ասել է՝ տվե՛ք միջանցքը, անցակետը չենք դնի։ Այս պահին արվել է հակառակը, սակայն վախ ունեմ, որ կգա մի ժամանակը, որ Ադրբեջանը կունենա և՛ Սյունիքով միջանցքը, և՛ անցակետը»,- ասաց պատմաբանը՝ շեշտելով՝ Սյունիքով միջանցքն Ադրբեջանի համար ունի ռազմավարական նշանակություն, իսկ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի նկատմամբ վերահսկողությունը վերցնելով իր ձեռքը՝ Ադրբեջանը վերահսկելու է այսուհետ Հայաստանից դեպի Իրան ճանապարհը։
Պատմաբանի խոսքով՝ եթե Ադրբեջանը կարողացավ ամրապնդվել Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի վրա, դա նշանակելու է, որ այսուհետ դառնալու է Հարավային Կովկասի գլխավոր արյունատար անոթը և ստանալու է աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն, ինչի հետևանքով նրա հետ հաշվի են նստելու այլ գերտերությունները, սրան զուգահեռ՝ նման զարգացման դեպքում Հայաստանը դադարելու է որպես պետություն գոյություն ունենալուց։
Գևորգ Մելքոնյանը հեքիաթ համարեց ժողովրդին հրամցվող թեզը, թե երբևէ ադրբեջանցիները դուրս կգան Հայաստանի ներսից, երբ իրականացվի սահմանագծում և սահմանազատում։
«Սա հեքիաթ է. նրանք չեն նահանջի, որովհետև իրենց հասարակությունն իրենց զինվորին ասում է՝ 20 տարուց ավելի հայկական զորքը ետ չի գնացել, հիմա էլ դուք ետ չգնաք, ու քանի որ հայկական զորքին այդ տարածքներից հեռացրեցին միայն զինված բախումների հետևանքով, ուստի նույնը լինելու է հիմա՝ ադրբեջանական զորքը հայկական տարածքներից դուրս կգա կա՛մ զինված բախման, կա՛մ միջազգային ճնշման արդյունքում։ Ցավոք, երկրորդ տարբերակի հետ ես առանձնապես հույս չեմ կապում, ուստի մնում է միայն զինված բախման տարբերակը»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի լկտիության աստիճանը վկայությունն է այն բանի, որ հային սպանելուց, Շուշիում խաղաղ բնակչին գնդակահարելուց հետո չի պատժվում։
Նա վստահեցրեց՝ Ադրբեջանի վարքագիծն անպատժելիության արդյունք է, իսկ հայերի նկատմամբ նմանատիպ սադրանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ այդ անպատժելիությունը դեմ չի առել հայկական կողմի ուժեղ դիմադրությանը։
«Հայաստանի ռազմական և քաղաքական իշխանությունը հիմա պետք է իր մեջ համարձակություն գտնի և շատ արագ զինված ուժերի կազմավորմանը զուգահեռ՝ վճռականորեն սկսի պատասխանել Ադրբեջանի կողմից սադրանքներին։
Վտանգավոր բան եմ ասում, սա կարող է հրահրել նոր պատերազմ, սակայն ակնհայտ է, ադրբեջանական լկտիությունը պետք է զգա բիրտ ուժ։ Սա այն հարցն է, որտեղ դիվանագիտությունն անելիք չունի»,- ասաց պատմաբանը՝ շեշտելով, որ Հայաստանը ժամանակ չունի շունչ քաշելու ու պետք է պատրաստի իր ժողովրդին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը շունչ քաշելու ժամանակ չունի նաև տարածաշրջանային 3+3 ձևաչափի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը հայտնելու համար։
«Այս ձևաչափն ինձ հիշեցնում է Կարսի պայմանագիրը, երբ Հայաստանի ներկայացուցչին կանչեցին ու ասացին՝ Կարսի պայմանագրի հարցով ամեն ինչ որոշված է, ստորագրե՛ք։ Հիմա այս 3+3 ձևաչափի հետ կապված էլ նույնն բանն է սպասվում՝ թերևս, մեկ բացառությամբ. եթե Կարսի պայմանագրի ժամանակ չկար Արևմուտքի դեմ դիրքորոշումը, ապա հիմա՝ 3+3 ձևաչափի դեպքում կա, ուստի Հայաստանն ունի գոնե շանս մի փոքր մանևրելու ու հստակ իր շահն առաջ տանելու, որովհետև երբ ավարտվի ռուս-թուրքական շահերի բախումը, իսկ դա մի օր անպայման ավարտվելու է, Հայաստանին կանչելու և ասելու են՝ 3+3-ի մասով վճիռդ ասա»,- խոսքը եզրափակեց պատմաբանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում