Վեթինգ, վեթինգ մինչև վերջ. Կարեն Անդրեասյանի «իդեա ֆիքսը»

Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Համենայն դեպս, Արդարադատության նախարարության պաշտոնական կայքն այդպես է ասում:

Թեման՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սիրած վեթինգն էր կամ դատավորների զտումը:

Ուշագրավ մի եզրահանգման են եկել համաժողովը նախաձեռնողները. Դատավորների վեթինգը կարելի է իրականացնել երեք եղանակով՝

  • այդ նպատակով հատուկ ձևավորված նոր մարմնի կողմից, որի համար օրենքով կսահմանվեն դատավորների վեթինգի իրականացման կարգը, չափանիշները, փուլերը, ինչպես նաև այդ մարմնի կազմը, իրավասությունները, որոշումների կայացման կարգը, բողոքարկման մեխանիզմներն ու հիմքերը:
  • օրենքով սահմանված խախտումների հիմքերով կարգապահական վարույթներ հարուցելով և դատավորներին պատասխանատվության ենթարկելով:
  • կարգապահական վարույթներ հարուցելու համար օրենքով նոր չափորոշիչներ սահմանելով:

Այսինքն՝ իշխանությունների համար բավարար չէ, որ ԲԴԽ-ն հեղեղված է Արդարադատության նախարարության կողմից բերված անգրագետ վարույթներով, որոնց քննության ժամանակ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այնպիսի ողորմելի ու զավեշտալի իրավիճակում են հայտնվում իրենց մասնագիտական սնանկության պատճառով, որ օրեր շարունակ դառնում են մասնագիտական շրջանակների քննարկման ու ծիծաղի առարկան, հիմա էլ նոր մարմին են ուզում ստեղծեն, որ հանկարծ եղածները քչություն չանեն:

Այնուամենայնիվ, Խորհրդաժողովին մասնակցած մասնագետների գերակշռող մեծամասնությունը բարի է գտնվել և համարել է, որ դատավորների վեթինգն 1-ին եղանակով հնարավոր է իրականացնել միայն Սահմանադրական փոփոխություններից հետո, քանի որ գործող դատավորների նկատմամբ դրանց կիրառումը կհակասի Սահմանադրության 73-րդ հոդվածին, ըստ որի՝ անձի (տվյալ դեպքում՝ դատավորների) իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Ըստ համաժողովի մասնակիցների՝ «Այս հիմնարար սկզբունքի հաղթահարումը կարող է իրավաչափ դիտարկվել միայն այն պարագայում, երբ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում անցումային դրույթներով նախատեսվի հետադարձության սկզբունքի հաղթահարման հնարավորությունը գործող դատավորների նկատմամբ: Հակառակ պարագայում, գործող դատավորների նկատմամբ վեթինգի այնպիսի գործիքների կիրառումը, ինչպիսին է, օրինակ՝ արհեստավարժության գնահատումը, մասնագիտական կարողությունների ստուգումը, կգնահատվեն որպես Սահմանադրությանը հակասող գործընթացներ»:

2-րդ եղանակն արդեն գործողության մեջ է: Երեք միմյանցից անկախ կառույցներ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններով դիմում են Բարձրագույն դատական խորհրդին, որի արդյունքում մի շարք դատավորներ արդեն իսկ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ որոշների լիազորությունները դադարեցվել են:

Թե ինչ որակի միջնորդություններ են ներկայացվում ԲԴԽ, արդեն նշեցինք: Պակաս ուշագրավ չէ այն, թե ում նկատմամբ են այդ միջնորդությունները ներկայացվում: Գերակշիռ մեծամասնությամբ դրանք այն դատավորներն են, որոնք իրենց գործունեության ընթացքում իսսկապես անկախ են, չեն կատարում իչշխանությունների հրահանգներն ու քաղաքական պատվերները հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով:

3-րդ եղանակով՝ ըստ Արդարադատության նախարարության և ԲԴԽ-ի պատկերացումների՝ վեթինգի իրականացումը ենթադրում է գործող Սահմանադրության շրջանակներում սահմանել նոր չափորոշիչներ, այդ թվում՝ բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած որոշումների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվել են գործեր, նաև քրեական հեղինակության ներկայացուցիչների հետ կապեր ունեցող և քաղաքական շարժառիթներով որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բարեվարքության ստուգման ինստիտուտն ու գործիքակազմը:

Ինտենսիվությունը, շտապողականությունը, որով Արդարադատության նախարարությունը կազմակերպում է տարատեսակ քննարկումներ, համաժողովներ, խորհրդաժողովներ, հանդիպումներ ու կլոր սեղաններ, խոսում է այն մասին, որ Կարեն Անդրեասյանը մտադիր է ամեն կերպ առաջ տանել իր իդեա ֆիքսը՝ վեթինգը, ինչը ըստ ամենայնի խոստացել է Նիկոլ Փաշինյանին, վերջինս էլ խոստացել է միջազգային որոշ կառույցների, ինչպես ասում են՝ սորոսամերձ շրջանակների, բայց թե Գագիկ Ջհանգիրյանն ինչո՞ւ է թելում Անդրեասյանի թելը, թերևս, առանձին քննարկման թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս