Բաժիններ՝

«Հիմքերը, որոնք դրված են՝ վստահություն չեն ներշնչում»․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին: Թեև նախագիծը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արդեն իսկ քննարկվել էր, այդուհանդերձ, մինչև քվեարկությունը հիմնական զեկուցողը՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ևս մեկ անգամ անդրադարձավ ֆինանսական գլխավոր փաստաթղթի հիմնական կետերին:

«2022 թ.-ի պետբյուջեի նախագիծն ամբողջությամբ ձևավորվել է կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված, անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտներին վերաբերող հստակ առաջնահերթությունների հիմքով, և ԱԺ-ի կողմից հաստատվելով՝ դառնալու է կառավարության ծրագրի իրականացման ֆինանսական  ապահովումը երաշխավորող իրավական հիմքը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ պետբյուջեի շրջանակը գալիք տարում հատկապես կարևորում է անվտանգային հարցերի, կրթական համակարգի, որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը, որոնք մեծ նշանակություն ունեն բարձր տեմպերով և ներառական տնտեսական զարգացման համար:

Նախարարի հավաստմամբ՝ նախատեսվում է ստեղծել մակրոտնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր կլինեն մասնավոր հատվածի բարձր տնտեսական ակտիվության համար և հիմքեր կստեղծեն տարվա արդյունքներով 7 տոկոս տնտեսական աճի համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անհամաձայնություն հայտնեց նախ տնտեսական աճի կանխատեսման հետ՝ նկատելով.

«Հիմքերը, որոնք դրված են՝ սկսած տեխնիկայից, ուղղակի վիճակագրությունից վստահություն չեն ներշնչում, որ 7 տոկոսանոց աճ կարող է լինի, մասնավոր հատվածի կողմից աճն ինձ համար իրատեսական չէ՝ ինչի մասին նաև հանձնաժողովներում քննարկման ժամանակ եմ ասել:

Ինկրեմենտը 2021 թվականին մասնավորի կողմից հիմնական միջոցներում ներդրումների ընդամենը եղել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը, այժմ դուք մոտ 17 անգամ ավելացնում եք. ինչի հաշվին՝ անկեղծ ասած, ինձ համար հասկանալի չէ, որովհետև գոնե քաղաքական ծրագրում ես չեմ տեսել ինչ-որ բան, որը այդպես բեկումնային փոփոխություն կարող է մտցնի»:

Պատգամավորի գնահատմամբ՝ իրատեսական չէ նաև շարունակ թերակատարվող բյուջեի պարագայում կապիտալ ծախսերի ավելացումը և ռիսկային է՝ եկամուտների կանխատեսումը:

«Ամենայն հավանականությամբ, դա կլինի դարձյալ արտաքին պարտքը մեծացնելու տեսքով»,- հավելեց Արթուր Խաչատրյանը:

Օրերս «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած, բայց իր պնդմամբ՝ ընդդիմադիր սկզբունքներին հավատարիմ Իշխան Զաքարյանը, ի թիվս այլ խնդիրների՝ արձանագրեց.

«Ֆինանսների նախարարը համաձայնեց, որ՝ այո,  պետական բյուջեի հատկապես ծախսային մասը լինեն շատ հստակ, տեսանելի, և այստեղ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ միլիարդների ծախս ենք նախատեսում, բայց բացվածքը չենք հասկանում, թե դա ինչ է»:

Պետբյուջեի նախագիծը քվեարկությամբ ստացավ 4 «կողմ», 1 «դեմ» (Արթուր Խաչատրյան) և 1 «ձեռնպահ» (Իշխան Զաքարյան) ձայն.  այն կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս