Պասերով խաղերը. Արման Թաթոյանի մասին ադրբեջանական մի տեսանյութի հետքերով

Այն, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի գործունեությունը սուր ոսկորի պես նստած է Ադրբեջանի քաղաքական իշխանության կոկորդին, թերևս, տրամաբանական է, որովհետև իր քաղաքացիների իրավունքների խախտման մասին 24-ժամյա ռեժիմով ահազանգող ՀՀ ՄԻՊ-ն այլ ասոցիացիաներ չպիտի առաջացնի թշնամական երկրում:

Բայց, որ Արման Թաթոյանի գործունեության ադրբեջանական արձագանքները իդենտիկ նույնական կլինեն ՀՀ քաղաքական իշխանությունների կամ դրա առանձին ներկայացուցիչների գնահատականի հետ, ոչ միայն տարօրինակ է, այլև դատապարտելի:

Ադրբեջանում գրեթե ամենօրյա ռեժիմով տասնյակ հրապարակումներ ու ռեպորտաժներ են դաշտ նետվում, որոնց լեյտմոտիվն Արման Թաթոյանին վիրավորելը, ծաղրելը, նրա գործունեությունը բոլորովին հակառակ տեսանկյունից ներկայացնելն է:

Յութուբում 168.am-ի ուշադրությունը գրավեց հենց այդպիսի մի տեսանյութ, որը հրապարակվել է նոյեմբերի 5-ին: Այդ տեսանյութում ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանության վարած քաղաքականության ողջ պերճանքն ու թշվառությունն է ներկայացված: Եվ մինչ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» է բացում ադրբեջանցիների ու թուրքերի հետ, վերջիններս բացահայտորեն ադրբեջանական են համարում ՀՀ սուվերեն տարածքները, իսկ դրա մասին բարձրաձայնող Արման Թաթոյանին համարում «բոնապարտիզմով» հիվանդ, թուրքաֆոբ ու վատ իրավաբան:

Միայն այն, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այդքան խորը ատելություն է առաջացնում ադրբեջանցիների մոտ, արդեն իսկ խոսում է  այն մասին, որ նա իր տեղում է ու անշեղորեն է կատարում իր սահմանադրական լիազորությունները, այն է՝ զբաղվելով բացառիկ իրավապաշտպան գործունեությամբ՝ պաշտպանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում և առաջին հերթին՝ սահմանային բնակիչների շահերը:

Ադրբեջանցիներն անթաքույց կերպով իրենց երախտագիտությունն են հայտնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանին, ով վերջերս հայտարարել էր, թե Արման Թաթոյանի փոխարեն ՄԻՊ իրենց թեկնածուին կներկայացնեն փետրվարին, ուրախությամբ նշում, որ ՀՀ իշխանություններն այլևս հետաքրքրված չեն Թաթոյանի ծառայություններով, մինչդեռ իր գործունեության ամենասկզբից էլ պարզ էր, և դա, թերևս, այդպես էլ պետք է լինի, որ նա չի ծառայում որևէ իշխանության, այլ իրականացնում է իր մանդատից բխող գործողություններ:

Ադրբեջանական տեսանյութերում տարված գիծը նույնական է ՀՀ գործող իշխանությունների, Փաշինյանի թիմակիցների հայտարարությունների հետ. երկուսն էլ Արման Թաթոյանին մեղադրում են քաղաքական գործունեության մեջ, իսկ ադրբեջանական կողմն ահաբեկված հայտարարում է, թե Արման Թաթոյանը նպատակ ունի վարչապետ դառնալ:

Առանձնակի ուշադրության են արժանի սահմանային խնդիրների վերաբերյալ ադրբեջանական ու հայկական քաղաքական իշխանությունների մոտեցումները: Երկուսն էլ ըստ էության համարում են, որ ադրբեջանցիները գտնվում են իրենց տարածքներում:

Ադրբեջանում խիստ ցավոտ են տանում Արման Թաթոյանի հայտարարություններն այն մասին, որ վերջիններս պետք է հեռանան հայկական տարածքներից, պետք է հեռացնեն իրենց ցուցանակներն ու գովազդային վահանակները՝ նշելով, սակայն, թե իհարկե, գովելի է, որ պաշտոնյան մտածում է իր քաղաքացիների մասին, բայց դրանք ադրբեջանական հողեր են: Այսինքն՝ ասում են ճիշտ նույն բանը, ինչ ՀՀ քաղաքական իշխանությունները:

Մի ճշմարտության մասին, այնուամենայնիվ, ի տարբերություն ՀՀ որոշ քաղաքական գործիչների, ադրբեջանցիները խոսում են: Նրանց զարմացնում է այն փաստը, որ Արման Թաթոյանին ընդունում ու նրա բերած փաստարկներն ընդունում են միջազգային գործընկերներն ու տարբեր գործիչներ:

Ինչևէ, ինչպես ասում են, ճիշտը տեսանյութը մեկ անգամ նայելն է:

Տեսանյութեր

Լրահոս