Ի՞նչ են քննարկում ամերիկացի դիվանագետները Երևանում

Տարածաշրջանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը: Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության համաձայն, նա լինելու է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։ «Երևանում գտնվելու ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը նոյեմբերի 2-4-ը կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շեֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին»,- նշված է հաղորդագրությունում: Ի դեպ, հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նախորդ համաժողովները տեղի են ունեցել Բաքվում (2019թ․) և Թբիլիսիում (2018թ․)։ Մեր տեղեկություններով՝ համաժողովն անցկացվում է փակ ռեժիմով:

Մինչ Օլսոնի հարավկովկասյան այցը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ: Իսկ նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Ի թիվս երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի քննարկման, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ «Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում․ այդ առումով կարևորվել է սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հնգակողմ հանդիպումը:

Քննարկվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման կարևորությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ աշխարհաքաղաքական բոլոր խաղացողները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, նոր թափով են աշխատում ռեգիոնում: Հունիսին եղավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի նախկին պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը ռեգիոն, որի ֆոնին Վրաստանի միջոցով Ադրբեջանը Հայաստանին ռազմագերիներ վերադարձրեց: Վերջերս եղավ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան, Ուկրաինա, Ռումինիա և Բելգիա: ՆԱՏՕ պաշտոնյաների այցեր տարածաշրջան ևս կայանում են: 44-օրյա պատերազմից հետո փորձագիտական համայնքին հետաքրքրող գլխավոր հարցերից մեկը հետևյալն է՝ ինչպե՞ս է դիրքավորվելու Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում այն դեպքում, երբ հեռացել է Աֆղանստանից և կրճատել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում:

«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն ասաց, որ նախ նման հանդիպումները, երբ տարածաշրջանում և տարածաշրջանի խնդիրներով զբաղվող ԱՄՆ դիվանագետները հավաքվում և քննարկումներ են իրականացնում, ավանդույթ է:

Ցինցաձեի խոսքով, դա նաև պատահական չէ, քանի որ ավանդաբար ԱՄՆ-ը տարածաշրջանը դիտարկում է մեկ ամբողջություն, համագործակցելով բոլոր երկրների հետ մեկ փաթեթով և Հարավային Կովկասը դիտարկելով՝ որպես կարևոր տարածաշրջանները միմյանց կապող տարածաշրջան: Ըստ նրա, ակնկալվում է, որ քննարկվելու են՝ ինչպես յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման հետ կապված խնդիրները, երկկողմ հարաբերությունները, այնպես էլ՝ տարածաշրջանային օրակարգերը, հակամարտությունների սրման ռիսկերը:

«Տարածաշրջանային օրակարգերը մի քանիսն են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, 6-ի հարթակի գործունեության հարցում ամերիկյան դիրքավորումը, որի վերաբերյալ ԱՄՆ-ը հրապարակային և դեմ, և կողմ մոտեցում է հայտնել: Ինչպես նաև ՆԱՏՕ-ի դերի ընդլայնումը, ռազմական համագործակցությունը, Վրաստանի սուբյեկտայնության բարձրացումը՝ որպես տարածաշրջանում ԱՄՆ միակ սերտ գործընկեր: Պատերազմից հետո տարածաշրջանում կոնֆիգուրացիաներ են փոխվել, իրավիճակ է փոխվել ոչ միայն հակամարտող կողմերի միջև, այլև տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների միջև:

Կարծում եմ՝ շատ վերլուծաբաններ դեռ փորձում են հասկանալ, թե Ռուսաստանն ու Թուրքիան ինչպես ամրապնդեցին իրենց դիրքերն այս ամենի արդյունքում, սա շատ կարևոր և լուրջ թեմա է, որտեղ ամեն ինչ ոչ միանշանակ է: Ռուսաստանը ստացավ Ղարաբաղում ներկայության հնարավորություն՝ իր բոլոր հետևանքներով, նոր գլխացավանքով և հավակնություններով տեղակայվել այնտեղ երկար ժամանակով, Թուրքիան, որպես այդպիսին, ստացավ մեծ բոնուսներ Ադրբեջանի հետ հարաբերություններում, որը լինելով հաղթած կողմ և սերտ համագործակցելով Թուրքիայի հետ՝ կարողանում է Թուրքիայի ազդեցությունը տեղում պահպանել: Եվ խաղաղապահների, և ապաշրջափակման հարցերում Ռուսաստանն ունի առավելություն, սակայն մշտական խնդիրներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ուստի ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: ԱՄՆ-ի համար հարմար է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ, սակայն զուգահեռ ունենալ հարթակներում գործընկերներ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի վերջնական դիրքավորումը, ինչպես և որևէ երկրի, ավարտված չէ: Հարավային Կովկասը դարձել է ամենաբարդ ու կարևոր տարածաշրջաններից մեկը, որի վրա սևեռված է միջազգային հանրության ուշադրությունը»,- ասաց նա:

Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն իր հերթին ասաց, որ այս կամ այն կենտրոնի, եվրոպական երկրի քայլերը ռեգիոնում կրում են նաև մրցակցային բնույթ: Սակայն նա հիշեցրեց օրերս Բայդեն-Էրդողան հանդիպման արդյունքները, հանգամանքը, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում դիվանագիտական գործընթացը քննարկում է Թուրքիայի հետ, Թուրքիային ըստ էության ճանաչելով այս ռեգիոնում գործընկեր կամ գուցե ընդունելի միջնորդ:

«Դիվանագիտական նման ձևակերպումները չափազանց կարևոր են: Դիվանագիտական ջանքեր ասելով՝ամերիկյան կողմը, թերևս, նկատի ունի և ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ վերականգնման հարցում, թե Թուրքիայի նախաձեռնությունները: Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները ևս իրենց բարդություններն ունեն, Բայդենի աշխատակազմը նոր մոտեցումներ ունի Էրդողանի վարչակազմի նկատմամբ, եղել են բավականին սուր իրավիճակներ ու քայլեր, սակայն կա համագործակցության դաշտ ևս, կա դեր Թուրքիայի համար: Եվ կարծես ԱՄՆ-ը դեմ չէ տարածաշրջանում 3+3 հարթակին, թերևս, հույս ունի ունենալ որոշակի ազդեցություն ռեգիոնալ գործընթացների նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի հետ համագործակցության արդյունքում: Այնուամենայնիվ ամերիկյան քաղաքականությունն աչալուրջ է, հետևում է գործընթացներին, փորձում է չկորցնել «զարկերակը»: Առաջիկայում ԱՄՆ-ին լուրջ աշխատանք է սպասվում Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ, դա ևս կարևոր հանգամանք է հարավկովկասյան «կաթսայում»»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս