Վարակակիրնե՞րն են ավելացել, թե՞ պահանջներն են փոխվել
Վերջին շրջանում Հայաստանում Քովիդով վարակակիրների թվի ավելացում է արձանագրվում։ Օրական 2 հազարին մոտ նոր դեպքեր են հայտնաբերվում։
Բայց վարակակիրների նման բարձր ցուցանիշներն արտառոց չեն և ոչ էլ առաջին անգամ են արձանագրվում։ Այդպիսի իրավիճակ էր, մասնավորապես, ղարաբաղյան պատերազմի շրջանում։ Այն ժամանակ, երբ Քովիդի դեմ պայքարն ընդհանրապես մղվել էր հետին պլան, առանձին օրերին հայտնաբերվում էր մինչև անգամ 1,5-2 հազար վարակակիր։
Վերջին շրջանում ևս պատկերն այդպիսին է, բայց մեկ տարբերությամբ։ Դա տեղի է ունենում թեստավորման քանակի անհամեմատ աճի պայմաններում։
Այն բանից հետո, երբ առողջապահության նախարարի հայտնի հրամանը մտավ ուժի մեջ, շատերը հարկադրված են թեստավորվել։ Մի բան, ինչն էապես ավելացրել է ՊՇՌ հետազոտությունների քանակը։ Այն հիմա անցնում է օրական 15 հազարից, իսկ առանձին օրերին հասնում է ընդհուպ 20 հազարի։
Սա բերել է հայտնաբերվող վարարակիրների թվի ավելացման, ինչը բնական է։
Բայց դա ամենևին չի նշանակում, թե հիմա Հայաստանում համաճարակի տարածվածությունն ավելի մեծ է, քան նախկինում էր։ Նախկինում առավելագույնն իրականացվում էր 2-3 հազար թեստավորում, հիմա թեստավորումն անգամներով ավելացել է։ Խոսքը 7-8 անգամ աճի մասին է։
Վարակվածության մակարդակը սովորաբար չափում են ոչ թե չոր թվերով, այլ թեստավորման ու հայտնաբերված վարակակիրների հարաբերությամբ։
Կար ժամանակ, երբ այդ հարաբերակցությունը հասնում էր ընդհուպ մինչև 40 տոկոսի։ Այսինքն՝ հետազոտվողների 40 տոկոսի մոտ Քովիդ էր հայտնաբերվում։
Վերջին շրջանում, չնայած թվում է, թե համավարակն ընդլայնվել է, ավելացել են հայտնաբերումները, այնուհանդերձ այս հարաբերակցությունն անհամեմատ ավելի ցածր է։ Վարակը հայտնաբերվում է թեստավորվողների միայն 10-15 տոկոսի շրջանում։ Չի բացառվում, որ նրանց մի մասն էլ կեղծ վարակակիրներ են։
Հիշեցնենք, որ դրական պատասխանը լրացուցիչ պայման է 3 ամիս ՊՇՌ թեստ չհանձնելու համար։
Այդ մասին հայտնի դառնալուց հետո հետազոտությունների դրական պատասխաները հանկարծակի սկսեցին ավելանալ։ Դա կապ ունի՞ կեղծ վարակակիր լինելու հետ, թե՞ ոչ, դեռ պետք է պարզել։
Ամեն դեպքում, դրանով հանդերձ՝ 10-15 տոկոս հայտնաբերումը համավարակի ի հայտ գալուց հետո ամենևին էլ ամենաբարձր ցուցանիշը չէ։
Այնպես որ, չնայած այսօր էլ վարակվածության աստիճանով Հայաստանը գտնվում է բավական բարձր դիրքում, ինչը, անշուշտ, վատ է, այնուհանդերձ դա հիմք չէ համավարակի նոր պիկի մասին խոսելու համար։ Պարզապես վերջին շրջանի ահաբեկումները՝ պատվաստվել պարտադրելու նպատակ ունեն։
Պատվաստումների մակարդակը Հայաստանում իսկապես ցածր է։ Այդ ցուցանիշով աշխարհում գտնվում ենք հետնապահների շարքում։ Նաև տարածաշրջանի երկրների համեմատ։
Հայաստանում լիարժեք պատվաստվածության մակարդակն ընդամենը 10-12 տոկոսի սահմաններում է։ Այն դեպքում, երբ շատ երկրներ անցել են 70-80 տոկոսից։
Թե ինչու են Հայաստանում մարդիկ խուսափում պատվաստումից, կան բազմաթիվ պատճառներ։ Բայց հիմնականն այն է, որ չկա վստահություն պատվաստումների նկատմամբ։
Անվստահությունն ավելի է խորացրել հենց իշխանությունների գործողությունների հետևանքով։ Առանձին «էլիտար» շերտերի ազատել են՝ ինչպես պատվաստումից, այնպես էլ՝ ՊՇՌ հետազոտություններ ներկայացնելու պարտադիր պահանջից։ Մի բան, ինչը խորացրել է կասկածները հասարակության շրջանում պատվաստումների նկատմամբ։ Մարդիկ բոլոր հնարավոր ձևերով աշխատում են խուսափել դրանից։
Հատկապես որ, պատվաստված լինել-չլինելը չի ազատում վարակվելու կամ մահանալու վտանգից։ Նման դեպքեր արդեն կան։
Դա էլ քիչ է, մարդիկ լուրջ կասկածներ ունեն պատվաստումների հետևանքով հետագայում ի հայտ եկող առողջական խնդիրների առումով։
Այս ամենը հանգեցրել է հասարակության շրջանում պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման։ Փոխարենը փորձեն այն փոխել՝ գնում են պարտադրանքի տարբերակով։
Այդ տարբերակներից մեկն էլ դարձել է ՊՇՌ հետազոտության պարտադիր պահանջը։ 14 օրը քիչ էր, հիմա էլ մտադիր են այն կրճատել։ Թե դա ինչ հետևանք կունենա, դեռ պարզ չէ։ Այսօր արդեն թեստավորման պարտադիր պահանջի հետ կապված դժգոհությունների պակաս չկա, և դա հասկանալի է. առկա սոցիալական լարվածության պայմաններում, երբ շատերը հազիվ են հասցնում բավարարել իրենց նվազագույն պահանջները, ստիպված են ոչ պակաս փոքր գումարներ վճարել՝ թեստավորման համար։
Մի պահ, երբ պարզվեց, որ ՊՇՌ հետազոտության գները մի քանի անգամ բարձր են ինքնարժեքից, առանձին բուժհաստատություններ նվազեցրին գները։ Բայց հետո դրանք էլի բարձրացան ու շարունակում են այդպիսին մնալ։
Թե ինչու, հավանաբար դեռ կպարզվի։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է՝ հետազոտությունների գների նվազումն ամենևին չի բխում պատվաստումներ պարտադրողների շահերից։ Որքան դրանք ցածր լինեն, այնքան ավելի շատ մարդ հակված կլինի պատվաստվելու փոխարեն՝ ՊՇՌ հետազոտության թեստ հանձնել՝ առողջապահության նախարարի հրամանի պահանջ-պարտադրանքը կատարելու և տուգանքից խուսափելու համար։
Այս շրջանակներում պետք է դիտարկել նաև 14-օրյա թեստավորման ժամկետը կրճատելու և ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ նախաձեռնությունը։
Ահա այսպիսի քայլերով իշխանություններն ամեն ինչ անում են պատվաստումներն ընդլայնելու համար։ Բայց առայժմ արդյունքներն այնպիսին չեն, ինչպիսին կուզենային, որ լիներ։ Պատվաստվածների ցուցանիշով աշխարհում վատագույն երկրների շարքում ենք։ Չեն օգնում անգամ մահացության այն բարձր ցուցանիշները, որոնք արձանագրվում են վերջին շրջանում։ Միջինն օրական ունենում ենք 30-40 մահ։ Վերջին տվյալներով, Քովիդի հետևանքով մահերի թիվը մեր երկրում անցնում է արդեն 7 հազարից։
Մահացածության մակարդակը հիմա իսկապես բարձր է։ Ավելի բարձր, քան նախկինում ենք ունեցել։ Դա փորձում են բացատրել վարակի նոր շտամի վտանգավորությամբ ու մահաբերությամբ։ Բայց մյուս կողմից՝ հաճախակի են դարձել այն խոսակցությունները, որ ոչ միշտ են հիվանդներին ժամանակին ընդունում բուժհաստատություններ, ինչի հետևանքով հիվանդությունը բարդանում է՝ մեծացնելով նաև մահերի քանակը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ