«Խելքը գլխին կառավարություն ու քաղաքային իշխանություն եթե լիներ, հիմնադրամ կստեղծվեր ու երկրի ներսում պարապ փողը կծառայեր ենթակառուցվածքների լավացմանը». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի համար ավտոբուսներ գնելու ծրագրի գծով ՎԶԵԲ-ից 20մլն եվրո վարկ վերցնելու և 5մլն եվրո դրամաշնորհ ստանալու համաձայնագրին:

Վարկի պայմանները, կարելի է ասել, որ վատը չեն՝ չհաշված որ տոկոսավճարը լողացող տոկոսադրույքի հիմքով է, նաև միանվագ կոմիսիոն վճար կա՝ 200,000 եվրո չափով:

Ինչու՞մն է հապա խնդիրը: Երկրում կան երկարաժամկետ գումարներ (մասնավորապես կենսաթոշակային ֆոնդերը), որոնք ներդրվելու դժվարություններ ունեն: Այդ կենսաթոշակային ֆոնդերը պարտավոր են հավաքագրված գումարների մեծ մասը դրամով ներդնել: Ինչը կնշանակի պարտավոր են ներդնել երկրի ներսում, սակայն խելքը գլխին ներդրման թիրախ չի ճարվում, ու դրանք ստիպված բանկերում երկարաժամկետ ավանդ են դնում կամ էլ ռիսկային տեղեր ներդնում, օրինակ հանքերին պարտք տալիս (վերջերս ԶՊՄԿ-ին էին տվել՝ պարտատոմս գնելու միջոցով):

Խելքը գլխին կառավարություն ու Երևանի քաղաքային իշխանություն եթե լիներ, Երևան քաղաքի զարգացման հիմնադրամ (ֆոնդ) կստեղծվեր, պարտատոմսեր կթողարկվեր ու երկրի ներսում պարապ փողը, հատկապես բարձի տակ դրածը, կծառայեր քաղաքի ու երկրի ենթակառուցվածքների լավացմանը:

Մեծ խնդիրը հենց սրանում է, որ քո փողը թողած գնում դրսից վարկ ես բերում: Դրա համար էլ պետական պարտքը 9 միլիարդ դոլարի շեմը հատեց ու նման կերպ, որ գնաց շուտով 10-ն էլ կանցնի»:

Տեսանյութեր

Լրահոս