Ընդդիմության պայքարը ոչ թե իշխանությանը հեռացնելու, այլ իշխանության գալու համար էր. Դավիթ Շահնազարյան. Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, որը ժամանակին գլխավորում էր ՀՀ ԱԱԾ-ն և զբաղեցնում էր ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, ամռան սկզբից ի վեր մամուլի հետ չէր շփվում։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա վերլուծում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և իրերի դրությունը մեր երկրում։ Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն։
-Ի՞նչ է փոխվել երկրի արտաքին քաղաքական օրակարգում իշխանափոխությունից հետո։
-2018թ․-ից առաջ մեր հիմնական գաղափարը կայանում էր այն բանաձևում, որ պետք է երկու հայկական պետություն լինի։ Դա էր առանցքը։ Այսպես կոչված հեղափոխությունից հետո, որը ես անվանում եմ իշխանության հակասահմանադրական տապալում, այդ միտքը լիովին անհետացավ։ Այսօրվա իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանն առանց Արցախի էլ կարող է լավ ապրել։ Սակայն աշխարհաքաղաքական իրողությունները մեզ հակառակն են ապացուցում։ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Հրաժարվել այդ պարադիգմից, որը մենք ունեցել ենք 30 տարի շարունակ, նշանակում է կորցնել պետականությունը։
– Ո՞րն է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի առանձնահատկությունը։
– Աշխարհաքաղաքական նոր իրողությունները անընդհատ փոփոխվում են։ Շատերը, այդ թվում և ես, թերագնահատեցին Թուրքիայի կարևորությունը Ռուսաստանի համար՝ Ղարաբաղում հրադադարից հետո։ Ես կարծում էի, որ Հայաստանի և Ռուսաստանի ազգային շահերը գործնականում համընկնում են։ Բայց հետագա զարգացումները ցույց տվեցին, որ կան հակասություններ, և դրանց դրսևորումը մեր իշխանությունների բացառիկ «վաստակն» է։ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք։ Բայց ես շատ վաղուց այդ սահմանումը չեմ լսել ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի ղեկավարներից։ Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ օգտագործեց «ռազմավարական հարաբերություններ» արտահայտությունը։ Դա բոլորովին այլ մակարդակ է։ Կա ռազմավարական դաշնակցություն, ռազմավարական գործընկերություն և ռազմավարական հարաբերություններ։ Ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանը նաև Ադրբեջանի հետ է կառուցել։
-Ինչի՞ց է պետք սկսել և ինչի՞ն ձգտել։
-Ներկայիս իշխանությունները պետական կառույցների ապամոնտաժում են իրականացնում։ Առաջին հերթին պետք է վերականգնել պետական անվտանգության ինստիտուտները։ Ստեղծել զսպումների/հակակշիռների բազմավեկտոր և բազմահարկ համակարգ, որը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի հետ միասին արդյունավետ հենարան կստեղծի։ Մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքի համար այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, նույնպես հարաբերական են։ Ինչպես Էյնշտեյնի մոտ միայն լույսի արագությունն է բացարձակ, այնպես էլ այսօրվա աշխարհաքաղաքականության համար միայն մի բան է բացարձակ՝ ցանկացած երկրի ազգային շահերը։ Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ևս ենթարկվում են ազգային շահերին։
Թարմ օրինակ․ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալված է և ավելի քան 70 նշանավոր արևմտյան քաղաքական գործիչներ պահանջում են ազատ արձակել նրան։ Մեզ մոտ Հայաստանի երկրորդ նախագահը գրեթե երկու տարի բանտարկված էր, և Արևմուտքում որևէ մեկը նրա մասին բառ անգամ չասաց։ Ավելին, երբ հաստատվեց, որ նրա դեմ մեղադրանքը հակասահմանադրական է, անգամ դրանից հետո Արևմուտքից արձագանք չեղավ։ Ինչո՞ւ։ Որովհետև Սաակաշվիլին հայտնի հակառուսական և արևմտամետ գործիչ է, իսկ Քոչարյանն այդպիսին չէ։ Առանց երկակի ստանդարտների միջազգային քաղաքականություն գոյություն չունի։ Դա է միջազգային քաղաքականության էությունը։ Հայաստանում ժողովրդավարությունը երբեք այնքան ցածր մակարդակի չի եղել, որքան հիմա։ Զանգվածային բռնաճնշումներ են տեղի ունենում, բայց Արևմուտքը աչք է փակում։ Այնտեղ այսպես են կարծում․ թող Փաշինյանը արտաքին ասպարեզում մեր դիրքերը պահի, իսկ ներսում թող անի, ինչ ուզում է։
-Ներքաղաքական դիմակայությունը փողոցներից Ազգային ժողով է տեղափոխվել։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։
-Ընդդիմությունը բազմաթիվ սխալներ գործեց, որոնք հետևանքով Փաշինյանը պահպանեց իր իշխանությունը։ Նախորդ տարվա նոյեմբերից մինչև մարտ, փողոցում զանգվածային ցույցերի ժամանակ, ընդդիմությունը իշխանությունը հեշտությամբ վերցնելու երեք ակնհայտ հնարավորություն բաց թողեց։
Դա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն էր (եռակողմ համաձայնագրի ստորագրումը), դեկտեմբերի 19-ը (երբ Փաշինյանը ոտքով ճամփա ընկավ դեպի Եռաբլուր, իսկ ընդդիմությունը չգնաց և որոշեց հանրահավաք անցկացնել), և փետրվարի 25-ը, երբ Գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ Եթե այդ օրերին ընդդիմությունը մոտենար կառավարության շենքին, ոստիկանությունը կփախչեր։ Այսինքն՝ պայքարը ոչ թե իշխանությանը հեռացնելու, այլ իշխանության գալու համար էր։ Մեծ սխալ էր ընտրությունների գնալու ընդդիմության որոշումը։ Իսկ իշխանությանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների դրդելը էլ ավելի մեծ սխալ էր։
Շատերին էր հասկանալի, թե ինչով են դրանք ավարտվելու։
-Դուք ներկայիս խորհրդարանական ընդդիմությանը Հայաստանում լուրջ քաղաքական գործոն համարո՞ւմ եք։
-Ես կուզեի, որ հռչակված ընդդիմությունը սեփական ծրագրով հանդես գար։ Նրանց 280 հազար կողմնակիցները քվեարկել են իշխանության փոփոխության օգտին, բայց հաստատ ոչ այս գոյակցության օգտին, որը մենք հիմա տեսնում ենք խորհրդարանում։ Ընդդիմությունը չպետք է այնտեղ գնար։ Ընդդիմությունն այդպիսի Ազգային ժողովում անելիք չունի։ Իշխանությունն արդեն փոքր ճաքեր է տալիս, և կարևոր է չթերագնահատել և չգերագնահատել սկսված գործընթացները։ Պետք է ազնիվ պայքար լինի այս իշխանության դեմ, ուստի կցանկանայի ավելի ադեկվատ ընդդիմություն տեսնել։ Մենք գործ ունենք դրսից կառավարվող և առաջին հերթին Անկարայի և Բաքվի ռազմավարական շահերն ապահովող իշխանության հետ։ Այս իշխանությանը կարող է դուրս մղել միայն ազգային-ազատագրական շարժումը։