Հայաստանի Առաջին Հանրապետության բանակն ու բանակի արդիականացման ծրագրերը

Դարեր շարունակ տևած պայքարից հետո 1918 թվականին Հայաստանն ունեցավ անկախ պետություն։ Պետության կազմավորումից հետո սկիզբ դրվեց կառավարական համակարգի կազմավորմանը։ Առաջին Հանրապետության տարիներին գործում էին հետևյալ նախարարությունները. Ներքին գործերի, զինվորական, երկրագործության, պարենավորման, հանրային կրթության, հաղորդագրության, արտաքին գործերի, արդարադատության, խնամատարության և աշխատանքի։ Առաջին Հանրապետության համար կարևոր էին բոլոր նախարարությունները, սակայն պետության ղեկավարները փորձում էին հատկապես մեծ ուշադրություն դարձնել զինվորական նախարարությանը, քանի որ քաջ գիտակցում էին պետության գլխին պտտվող մարտահրավերներն ու ատամները սրած թշնամի երկրների ծրագրերը, ովքեր սպասելու էին հարմար առիթի իրենց ծրագրերն իրականացնելու համար։

Զինվորական նախարարության գլխավոր հրամանատարության գործունեությունը բաժանված էր երեք ոլորտի.

1. Պատերազմական գործակալներ

2. Զինվորական մասերի շատացում և վարժեցում

3. Ռազմա-տնտեսական մասի կազմակերպում։

Հատկանշական է, որ Առաջին Հանրապետության զինվորական նախարարությունը բոլոր երեք ոլորտներում իրականացնում էր կենտրոնացված և պատասխանատու աշխատանք, քանի որ լավ գիտակցում էր, որ հենց զորքերն էին պահպանելու պետության տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև թույլ չեն տալու, որպեսզի թուրք-ադրբեջանական գործակալական ուժերի կողմից ապստամբություններ սկսվեն պետության տարբեր տարածքներում։ Զինվորական նախարարության գործունեության մասին հետաքրքիր մանրամասներ է հայտնում Հայաստանի Առաջին Հանրապետության արտգործնախարար, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը.

«Անվերջ կորուստներու եւ բազմաթիւ հիւանդութիւններու հետեւանքով (մանաւանդ մալարիա և տիֆ),  հարկ կ՛ըլլար յաճախ զօրահաւաք ընել, եւ այդ կը կատարուէր զինուորական նախարարութեան եւ ներքին գործերու նախարարութեան անդամներու միացեալ ջանքերով։ Ժողովուրդի  յոգնածութիւնը, քաղցը եւ աշխատող ձեռքերու պակասը սաստիկ կը դժուարացնէին զօրահաւաքի գործադրութիւնը։ Մանաւանդ զգալի էր ձիերու սակաւութիւնը, ինքնաշարժերու վատ դրութիւնը, պէնզինի պակասը, եւ երկաթուղային հաղորդակցութեան մեծ դժուարութիւնները շնորհիւ շոգեկառքերու փճացման եւ մազութի բացակայութեան։

… Առանձնապէս շատ դժուարութիւններ կը ներկայացնէր հաղորդակցութիւնը Զանգեզուրի հետ, մանաւանդ ձմեռը, երբ սառնամանիքին ստիպուած էին ուղղակի ձեռքերով տեղափոխել փամփուշտները Ղարանլուխի լեռնանցքով։ Բայց անկախ ռազմական գործողութիւններէն, զինուորական նախարարութիւնը ստիպուած էր միեւնոյն ժամանակ հոգ տանիլ զօրքի կազմակերպութեան, անոր կազմի մեծացման եւ կազմութեան վրայ։ Այդ ուղղութեամբ ձեռնարկուած քայլերուն գլխաւորներն են.- հրետանիի կազմի մեծացումը, հեծելազօրքի բրիգատայի կազմակերպումը, տարիքաւորներու համար` կամաւորական վճարովի գունդերու ստեղծումը, երկու զրահակիր գնացքներու կառուցումը, գլխաւոր շտաբի դասընթացներու բացումը, Սեւանայ լճի վրայ բեռնատար առագաստանաւերու կառուցումը, 40.000 հոգիէ բաղկացած զօրաբանակի նոր զինաւորումը եւ զգեստաւորումը` Անգլիայէն ստացուած ռազմապաշարով, օդանաւային գործի կազմակերպումը  (Աէրօդրոմ Կարսի մէջ) եւ Փարիզէն օդանաւեր ստանալը, ռազմական հեծեալ մրցումներ Ալեքսանդրապոլի մէջ, պահակային գումարտակներու կազմակերպումը Երեւանի, Ալեքսանդրապոլի և Կարսի մէջ եւ ասոնց անընդհատ վարժութիւնը։ (Հատվածը վերցված է Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գրքից։ Երևան, 1968 թվական, էջ 135)։

 

Հատկանշական է, որ պետության բանակի արդիականացման ծրագիրը չէր սահմանափակվում այսքանով։ Այս ամենի հետ մեկտեղ՝ փամփուշտների գործարաններ էին բացվել Քանաքեռում և Ալեքսանդրապոլում։ Բացվել էին նաև վնասված ռազմական տեխնիկաների վերանորոգման և վերականգնման կենտրոններ։ Կառուցվում էին նաև զինվորականների համար պահեստներ և սննդամթերքի պահման, տեղափոխման կենտրոններ, որով ապահովվելու էր բանակի սննդի հարցը։ Պետք է ընդգծել նաև, որ առանձնակի տեղ էր զբաղեցվում զորքերի կազմի մեծացման, ինչպես նաև ռազմական վարժանքների անցկացման վրա։ Այդկերպ պետության ղեկավարները ցանկանում էին, որպեսզի բանակը ցանկացած պահի լինի մարտունակ և իմանա իր առաջ դրված առաջադրանքները։ Եվ այս ամենը Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարներն անում էին բարդ ժամանակաշրջանում, որին նախորդել էր Հայոց ցեղասպանությունը, մայիսյան հերոսամարտերը, առաջին աշխարհամարտը, սովը, համաճարակներն ու տնտեսական սարսափելի վիճակը։ Սակայն նրանք գիտակցում էին, որ թշնամի պետությունները Հայաստանին հարվածելու համար սպասում են հարմար առիթի։ Այդ իսկ պատճառով հարկավոր էր միշտ լինել պատրաստ։

Շարունակելի։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս