Ինչո՞ւ է Վրաստանը փորձում օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Սեպտեմբերի 15-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Էրդողանը հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը:
«Բայց դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի: Եթե այս հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- ասել էր Թուրքիայի նախագահը։
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Թուրքիայից եկող հայտարարություններում տեսնում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։
«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասել էր նա։
Ինչո՞ւ է Վրաստանը ստանձնել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորողի դեր, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց Վրաստանի միջոցով մեսիջ ուղարկել Էրդողանին։
168.am–ի հետ զրույցում այս հարցերին պատասխանեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
«Կարծում եմ՝ այսօրվա փոփոխվող տարածաշրջանում Վրաստանը շահագրգռվածություն ունի նոր հնարավորություններից ու նախաձեռնություններից օգտվելու և դրա շրջանակներում դիվանագիտական իր լծակներն օգտագործելով՝ փորձում է շտկել հարաբերությունները հարևանների միջև։ Կարծում եմ՝ սա իրենց նախաձեռնությունն է, և դրա շրջանակներում գուցե նաև սա հնարավորություն է եղել, երբ բարձրացվել է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ըստ այդմ եղել է նաև այդպիսի առաջարկ։ Այս համատեքստում կարելի է ֆիքսել, որ Վրաստանը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում կայունություն լինի, որտեղ իրենք կկարողանան շահել տնտեսապես, նաև կապահովեն անվտանգությունը երկրի ներսում։ Այս ամենից ելնելով՝ Վրաստանը փորձում է օգտակար լինել»,- նշեց Ջոնի Մելիքյանը։
Ըստ նրա՝ հայ-թուրքական հարաբերություններում միայն մեսիջների փոխանակում է տեղի ունեցել, հավելյալ որևէ բան չկա։ Ավելին՝ այսօր Երևանից հնչած պատրաստակամությունը չի նշանակում, որ Հայաստանի հաշվին պետք է այդ հարաբերությունները հաստատվեն Թուրքիայի հետ։
«Այդ հարաբերությունների վերաբերյալ այն մոտեցումները, որոնք կային 2000-ականների վերջերին, նույնն էլ այսօր են՝ առանց նախապայմանների եթե Անկարան պատրաստ է, ապա կարող է հարաբերություններ հաստատել։ Սակայն այն, ինչ տեսանք Էրդողանի կողմից, երբ «Զանգեզուրի միջանցքից» էր խոսում, այդ թվում՝ Ադրբեջանի շահերից, նման պայմաններում հնարավոր չէ։ Տվյալ պարագայում ես Անկարայում քաղաքական կամք չեմ տեսնում որևէ քայլ անելու, ինչը նշանակում է, որ այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի մեսիջների փոխանակում էր, որտեղ կողմերը հստակ «կարմիր գծերը» գծեցին»,- հավելեց փորձագետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե Հայաստանում և Թուրքիայում հստակ մոտեցումներ լինեն իրենց հարաբերությունները կարգավորելու համար, ապա այդ ժամանակ միջնորդ կողմեր հաստատ կգտնվեն։