Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման հարցերին՝ հիշեցնելով, որ oգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս արձանագրել է, որ վերոնշյալը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:
«Ինչպես տեղյակ եք, վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո ես արդեն հասցրել եմ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, այսօր էլ մեկնում եմ Վրաստան։ Թե՛ Իրանի Իսլամական Հանրապետության, թե՛ Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, և այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-Հարավ նախագիծը, որն Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին։
Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս խնդիրը լուծելու համար՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին՝ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Կարևորում եմ նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը, և մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»,- նշել է Փաշինյանը:
Նա կրկին խոսել է Թուրքիայի կողմից «ազդակների» մասին՝ նկատելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը.
«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն, և մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանն՝ արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է։
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։ Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ՝ հայտնի է»:
Նիկոլ Փաշինյանը հարկ է համարել ընդգծել նաև, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը կառավարության երկարատև ռազմավարությունն է, և իրենք պատասխանատու են այդ խնդրի լուծման համար:
«Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,- եզրափակել է նա: