«Մայսկու հետ փորձ անելն ու նույն բեմում հանդես գալն ուղղակի հրաշալի էր»․ Սմբատյան
Դուբայի հանդիսատեսը, որը, կարծես, թե նոր է ծանոթանում դասական բարձրակարգ երաժշտությանը, սակայն հասցրել է սիրել այն՝ InClassica միջազգային փառատոնի շրջանակում սրտատրոփ էր սպասում հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկու, տաղանդաշատ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:
Երաժշտասերները, նորը, գեղեցիկն ունկնդրելու ակնկալիքով Coca-Cola arena-ում արագ-արագ զբաղեցնում էին իրենց տեղերն ու ծափահարություններով պահանջում արտիստների բեմ բարձրանալուն:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մենակատարը, Սմբատյանն ու նվագախումբը թույլ չտվեցին երկար սպասել և, բեմ գալով, կատարեցին Ալեքս Վելլա Գրեգորիի, Չայկովսկու և Յոզեֆ Վելլայի ստեղծագործությունները:
Ներկաները «բրավո» վանկարկումներով էին ընդունում ելույթներն ու բուռն ծափերով խնդրում, որ արտիստները չհեռանան:
Հանդիսատեսի ջերմ ընդունելությունից, ծափահարություններից ոգևորված՝ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը փառատոնի շրջանակում ղեկավարել է մի քանի նվագախումբ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն, ասաց՝ երեկոն իր համար յուրահատուկ էր:
«Էական է այն, որ հնարավորություն ունեցանք ներկայացնել մալթացի կոմպոզիտորների գործերը: Միշտ հաճելի է Մալթայի երաժշտությունը կատարելը»,-շեշտեց Սմբատյանն ու հավելեց, որ տպավորիչ էր հանրահայտ ու սիրված թավջութակահար Միշա Մայսկու հետ աշխատելը: Մարդու, որը դասական երաժշտարվեստում իրական լեգենդ է:
«Մայսկու հետ փորձ անելն ու նույն բեմում հանդես գալն ուղղակի հրաշալի էր»,-նշեց Սմբատյանը:
Միշա Մայսկին էլ խոստովանեց, որ իրեն շատ դուր եկավ համերգային երեկոն, քանի որ Դուբայի հանդիսատեսն, իսկապես, հուզառատ է:
«Իրականում, ես զարմացել էի նման ընդունելությունից՝ հաշվի առնելով, որ սա դասական երաժշտության համար ոչ ավանդական դահլիճ է: Հաճելի էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ հանդես գալը. նրանք կրքով են վերաբերվում երաժշտությանը: Որոշ քննարկումներ ենք ունեցել և ծրագրեր կազմել Սմբատյանի հետ: Հնարավոր է՝ ելույթ ունենանք նաև Հայաստանում: Ես արդեն եղել եմ Հայաստանում և շատ լավ հիշողություններ ունեմ»,-շեշտեց թավջութակահարը:
Խոսելով InClassica փառատոնի մասին՝ երաժիշտն ասաց, որ այն հույսի ուղերձ ունի:
«Ի վերջո, երաժշտությունը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, և սքանչելի է, որ, չնայած համավարակով պայմանավորված խնդիրներին, նման խոշոր միջոցառում է կազմակերպվել»,-եզրափակեց Մայսկին: