Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի «ռազմական» կանխատեսումը
2016-ի Ապրիլյան պատերազմից ամիսներ հետո ՀՀ-ում երկրի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդես կազմակերպվեց, որի ընթացքում ցուցադրվեցին նաև ՀՀ ԶՈւ նոր համալրումները՝ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Ինֆաունա» և Ռ-325Ու ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, ինչպես նաև «Ստրելա-10» և արդիականացված «Բուկ» զենիթահրթիռային համալիրները։
Իր ելույթում այդ ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել էր.
«Այսօր` 21-րդ դարում, զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ:
Վկան այս զորահանդեսն է:
Իհարկե, իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ: Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նաև ակնարկել էր, որ ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն արտաքին սպառնալիքներից:
Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդերի» մատակարարումը նյարդայնացրել էր Ադրբեջանին, և զորահանդեսից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցություն էր հրավիրել Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:
Խորհրդակցության ընթացքում բանակային հրամանատարությանը հանձնարարվել էր ուժեղացնել հետախուզական գործունեության բոլոր տեսակները` «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության հստակեցման և ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ»:
Թուրքական իշխանամետ Dunyabulteni լրատվական կայքն անդրադառնալով Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ էքսպորտային մոդիֆիկացիային՝ անվանելով այն «Իսկանդեր-Մ», շեշտել էր, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի արևելյան տարածքի համար, անգամ կից ներկայացրել էին քարտեզ, որտեղ նշվել էին Իսկանդերի հարվածի հեռահարության տակ հայտնվելու ռիսկային գոտիները:
«Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» հակաթույն է:
«Կարծում եմ, որ դա («Իսկանդերների» տեղակայումը) պարտադրված միջոցառում էր` մեր տարածաշրջանում ինչ-որ կերպ ռազմական իրավիճակը հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարում կանոնավոր կերպով ձեռք է բերել նորագույն սպառազինություն։
Մենք նման հնարավորություններ չունենք, ինչպես Ադրբեջանը, նկատի ունեմ՝ ֆինանսական հնարավորություններ, բայց մենք մշտապես փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով հակաթույն։ Ըստ իս՝ տվյալ դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի հակաթույն է»,- ասել էր Սերժ Սարգսյանը և հավելել, որ սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ դրան, բայց ի՞նչ անել, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես:
«Կարծում եմ՝ Ռուսաստանը դրանից ելնելով, ընդառաջել է մեր խնդրանքին և տրամադրել մեզ ռազմական տեսակետից այդ հիանալի համակարգը։ Իհարկե, մարդկության համար ավելի լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, բայց երբ պարտադրված ես, գնում ես նաև այդ քայլին»,- շարունակել էր Սարգսյանը:
Ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ արդեն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:
Զենքը մշակած ընկերության կայքում «Իսկանդեր է»-ն բնութագրվում է որպես գերճշգրիտ հրթիռային համալիր, որը «ցամաքային ռազմական գործողությունների ցանկացած տեսակների դեպքում ապահովում է մարտական խնդիրների լուծում՝ օրվա ցանկացած ժամի»՝ հակառակորդի կողմից հակահրթիռային պաշտպանության միջոցներով ակտիվ հակազդեցության և ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում:
Expert պարբերականն իր գնահատականում ««Իսկանդեր» հրթիռային համալիրն անվանել էր «անորսալի վրիժառու»:
Նշվել էր, որ այն արձակում է կեղծ թիրախներ՝ հակառակորդի ռադիոլոկացիոն համակարգերը մոլորեցնելու համար, և հարուցում է ակտիվ ռադիոխանգարումներ:
Եվ մինչև փորձագետները փորձում էին հասկանալ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի մեսիջները, գնահատում ցուցադրված սպառազինության կարողությունները, երբեմնի ընդդիմադիր, իսկ այսօր՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սեպտեմբերի 21-ի զորահանդեսը մեծ խնդիրներ չլուծեց, և, որ «Իսկանդերն» անարդյունավետ զսպման մեխանիզմ է:
«Չորսօրյա պատերազմի օրերին և դրանից առաջ Հայաստանն արդեն իսկ ունեցել է «Իսկանդեր» համակարգեր: Դեռ 2014 թվականի օգոստոսին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են»:
Այս սպառնալիքը, սակայն, որևէ ձևով չխանգարեց, որ Ադրբեջանը 2016թ. ապրիլին սանձազերծի չորսօրյա պատերազմը և առնվազն 800 հեկտար հայկական տարածք նվաճի, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի 2014 թվականի հաշվարկները հեռահար հրթիռային հրետանու զսպող նշանակության մասին արդարացված չէին: Այդ զսպման մեխանիզմի անարդյունավետությունը պարզ էր դեռ 2014 թվականին, որովհետև մինչ մենք 300 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ ունեինք և կարող էինք խոցել Բաքուն, Ադրբեջանը «Սմերչ» համակարգեր էր ձեռք բերել, որոնք, ճիշտ է, այդքան հեռահար չեն, բայց Նախիջևանից հանգիստ կարող են խոցել Հայաստանի մայրաքաղաքը:
Փաստն այն է, որ հրթիռային զորքերի հավասարակշռության առումով Հայաստանը միշտ էլ առավելություն է ունեցել Ադրբեջանի նկատմամբ և այսօր էլ ունի: 2014-ին փոխվել է միայն մեկ բան. Ադրբեջանը հեռահար հրթիռային հրետանիով Երևանը թիրախավորելու հնարավորություն է ստացել: Հետևաբար՝ հայկական Զինված ուժերի հրթիռային հրետանու առավելությունն այլևս չի կարող Ադրբեջանին զսպելու էֆեկտիվ գործիք լինել:
Եթե այս տեսակետից ենք նայում խնդրին, սեպտեմբերի 21-ի զորահանդեսը մեծ խնդիրներ չլուծեց: Ի վերջո, Բաքուն ավերակների վերածելու մեր սպառնալիքներին Ադրբեջանը պատասխանում է Երևանն ավերակների վերածելու նույնքան իրական սպառնալիքով: Ասել է թե՝ «Իսկանդեր»-ները՝ ինչպես նախկինում, հիմա էլ չեն քչացնում պատերազմի հավանականությունը:
Մենք պետք է գիտակցենք. չորսօրյա պատերազմի նման պատերազմ հիմա էլ հավանական է, որովհետև նման պատերազմներում «Իսկանդերներն» անելիք չունեն, այդտեղ անելիք չունեն նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգերը, որովհետև ապրիլին, օրինակ, ռազմական ինքնաթիռներ չկիրառվեցին:
Ապրիլին կարևոր էին անօդաչու թռչող սարքերը, գիշերային տեսության սարքերը, մոտակա կիրառման հրթիռային և սովորական հրետանին, տանկերը, հակատանկային միջոցները և մարդկային ռեսուրսը, ի վերջո: Այս բոլոր տողերում ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի է:
Պրոբլեմը միայն այն չէ, որ այս փաստերը վկայում են մեր բանակի ոչ բավարար նյութական ապահովման և ռազմավարական պլանավորման բացերի մասին: Պրոբլեմն այն է, որ սեպտեմբերի 21-ի զորահանդեսը չհամոզեց, որ Հայաստանի ընթացիկ իշխանությունը գոնե չորսօրյա պատերազմից հետո հասկանում է այս նրբությունը և խնդիրները լուծելու տեսլական ունի»,- իր ելույթում նշել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիմա հարց վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին. եթե Փաշինյանը դեռ 2016-ին հասկացել էր, որ ժամանակակից պատերազմներում կարևոր են անօդաչու թռչող սարքերը, ինչո՞ւ սպառազինության գնումների գործընթացում շեշտը չի դրել ԱԹՍ-ների վրա, եթե կարևոր էր հրետանին, ինչո՞ւ չենք գնել ինքնագնաց հրետանիներ, որը կնվազեցներ հրետանավորների շրջանում մահերը, այլ Հորդանանից ձեռք ենք բերել ոչ պիտանի «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնք միայն ՀՀ-ում արդիականացվելուց հետո են կիրառման ենթակա դարձել, ըստ էության:
Նշենք, որ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի զեկույցում ռուսաստանցի վերլուծաբանները նշել են, որ հայկական կողմը վերջին պատերազմում պարտվել է նախևառաջ ՀՕՊ համակարգերի հնացած լինելու և ռազմական գործողությունների ժամանակ հայկական տարբեր ստորաբաժանումների միջև պատշաճ կոորդինացիայի բացակայության պատճառով։
Բացի այս, հայկական կողմը չի կարողացել համակարգել իր ՀՕՊ ուժերն ու ավիացիան։
Ռազմական հարցերով ռուս փորձագետները, հղում տալով հայկական աղբյուրներին, գրում են, որ սեպտեմբերի 27-ին, ինտենսիվ գործողությունների առաջին օրվա ընթացքում Ադրբեջանին հաջողվել է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ միջոցների 60 տոկոսը և հրետանու 40 տոկոսը։ Այս կայծակնային հարվածը փաստացի պայթեցրել է Հայաստանի պաշտպանական հնարավորությունների մեծ մասը պատերազմի ամենավաղ փուլում։
Ավելին, փորձագետներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ պաշտպանական գծերի ստեղծումից ի վեր գրեթե անփոփոխ են գործել Ստեփանակերտի և Շուշիի մատույցներում տեղակայված հենակետերը, ինչպես նաև մի շարք այլ ամրություններ ու հրամանատարական կետեր:
«Դա զգալիորեն պարզեցրել է ադրբեջանական կողմի հիմնական նպատակների սահմանումը և կետային հարվածների օգտագործումը։ Բացի այդ, հաղորդվում էր, որ մարտական գործողությունների առաջին շաբաթների ընթացքում հայերը լուրջ ջանքեր չեն գործադրել իրենց տեխնիկան օդային հարվածներից քողարկելու համար»,- ասված է զեկույցում։
Ինչ վերաբերում է «Իսկանդերին», որը, 5 տարի առաջ ընդդիմադիր Փաշինյանը նկատել էր, թե անելիք չունի հավանական պատերազմում, ռուս փորձագետները նշել են, որ Հայաստանը փաստացի իր օպերատիվ-տակտիկական հրթիռների հարվածները «ծախսել» է ռազմավարական առումով փոքր նշանակության նպատակների վրա՝ Գյանջա, Շուշի՝ Ադրբեջանի գրավումից հետո, մինչդեռ հայկական կողմը բավարար հեռահարություն ունեցող «Իսկանդերը» կարող էր կիրառել Ադրբեջանի ռազմավարական նշանակության լրջագույն օբյեկտներին հարվածելու համար, օրինակ՝ ավիաբազային, որտեղ տեղակայված էին ադրբեջանական ԱԹՍ-ները, գրոհիչները:
Ի դեպ, ավելի ուշ պատասխանելով Սերժ Սարգսյանի քննադատությանը՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, Նիկոլ Փաշինյանը հարցին հարցով էր պատասխանել՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Փաշինյանի ոչ մասնագիտական հայտարարությունը դժգոհություններ առաջացրեց ՌԴ-ում:
Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներին, որոնք այդքան 2016-ին կարևորել էր Փաշինյանը, հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր.
«Ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինությունների ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությունների արդյունքով և քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով ու նորարարությամբ: Եվ մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք է անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք, ու արդյունքում ինչ պետք է ստանայինք, և այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան:
Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն դոլարը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք:
Ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝ 5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու»,- մանրամասնել էր Սերժ Սարգսյանը:
Ինչո՞ւ է վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով հակադրվել ոչ միայն նախկին իշխանությունների ռազմական տեսլականին, այլ հենց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի:
2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «աննախադեպ ծավալի սպառազինությունը մեզ պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար»:
Արդյունքում՝ չկարողացանք կարգին պատերազմ վարել, ինչն առավել խոցելի և կորստաբեր դարձրեց խաղաղությունը…