«Իսկանդերը» հակաթույն է. Սերժ Սարգսյան

Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը պարտադրված քայլ էր՝ ուղղված տարածաշրջանում կայունության պահպանմանը, «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Կարծում եմ, որ դա («Իսկանդերների» տեղակայումը) պարտադրված միջոցառում էր` մեր տարածաշրջանում ինչ-որ կերպ ռազմական իրավիճակը հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարում կանոնավոր կերպով ձեռք է բերել նորագույն սպառազինություն։

Մենք նման հնարավորություններ չունենք, ինչպես Ադրբեջանը, նկատի ունեմ՝ ֆինանսական հնարավորություններ, բայց մենք մշտապես փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով հակաթույն։ Ըստ իս՝ տվյալ դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի հակաթույն է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

«Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ դրան, իսկ ի՞նչ անել, եթե քեզ ամեն օր սպառնում են պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,- հավելել է Հայաստանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Երևանը Ռուսաստանի հետ ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին պայմանագիր։

«Կարծում եմ՝ Ռուսաստանը դրանից ելնելով, ընդառաջել է մեր խնդրանքին և տրամադրել մեզ ռազմական տեսակետից այդ հիանալի համակարգը։ Իհարկե, մարդկության համար ավելի լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, բայց երբ պարտադրված ես, գնում ես նաև այդ քայլին»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս