Պարզ հարց Նիկոլ Փաշինյանին և Ջալալ Հարությունյանին

Մոտ 2 շաբաթից կլրանա 44-օրյա պատերազմի մեկ տարին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում:

Ակնհայտ էր` լայնամասշտաբ պատերազմ է սկսվել: Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:

Ընթացիկ տարվա փետրվարին 168.amպատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիա էր ներկայացրել ապացուցելու, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումն ակնհայտ էր, սակայն Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ փորձել է շեղել հասարակության ուշադրությունը և թաքցրել է պատերազմի փաստը հասարակությունից:

Բայց հիմա հարցին այլ ասպեկտից նայենք. իշխանություններն իմացե՞լ են պատերազմի վերսկսման ժամկետը, օրը: Այո, եթե հիմք ընդունենք հենց Նիկոլ Փաշինյանի «ինքնախոստովանական» հայտարարությունները:

2020 թվական, հոկտեմբերի 14: Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին, որում, մասնավորապես, ասում է.

«Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»:

2020, նոյեմբեր 16: Ազգային ժողովում պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք տիրապետել ենք այն ռազմահետախուզական տվյալներին, թե ինչ պոտենցիալի առջև ենք կանգնած, արդյո՞ք ՊՆ-ն համապատասխան հաշվարկ արել և Ձեզ ներկայացրել է, Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի մեջ հետևյալ միտքն էր արտահայտել.

«Ընդհանուր առմամբ, մենք իմացել ենք մեր ուժերը: 2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Ստացվում է՝ ոչ միայն ՀՀ իշխանություններն իմացել են պատերազմի սկսման օրը, այլև՝ ինչ ռիսկեր են լինելու, ինչ ռեսուրսներ օգտագործվելու: Այս դեպքում որքանով է ՊԲ-ն պատրաստվել պատերազմին կամ պաշտպանության: Արդյո՞ք Ջալալ Հարությունյանը տվել է իր ենթականերին համապատասխան հրաման, եթե ոչ՝ ինչո՞ւ:

2021 թվական, հունիսի 11: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով վերջին պատերազմի ժամանակահատվածում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, հաղորդավարի հարցին՝ դուք ե՞րբ իմացաք, որ սկսվել է պատերազմ, պատասխանել էր.

«Ես իմացել եմ ամսի 27-ի առավոտյան, ինչպես բոլոր ժողովուրդը»:

Հակադարձմանը՝ դուք պետական գաղտնիքի կրող եք, տեղյակ չե՞ն պահել նախօրոք, Բաբայանը բացասական պատասխան է տվել:

«Տեղյակ չեն պահել: Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»,- ասել է նա և ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանը արձագանքել է՝ երևի, բա էլ ո՞ւմ:

Դիտարկմանը, որ ՀՀ սահմանին համար 1 պատրաստության հրամանը եղել է պատերազմից 2-3 օր առաջ, այդ ինչպե՞ս է, որ ԱՀ ԱԽ քարտուղարին տեղյակ չեն պահել, որ պատերազմ է սկսվելու, Բաբայանն ասել է, որ Արցախի ՊԲ-ն քաղաքացիական իշխանության հետ կապ չունի` նկատի ունենալով, որ ՊԲ-ն «ենթարկվում» է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին: Այստեղից՝ հարց. ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրե՞լ է Ջալալ Հարությունյանին, ըստ էության, այո, եթե ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից պատրաստ են եղել պաշտպանության, թեպետ, պարզ էր՝ պատերազմի ուղղությունն Արցախն էր:

Ի դեպ, պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, hetq.am-ի հետ զրույցում ասել էր, որ սեպտեմբերի 26-ին Աբգարի հետ վերջին անգամ է խոսել:

«Ասել էր՝ տղերքն ասում են, որ պատերազմ է լինելու, բայց հայրը հանգստացրել էր՝ ասելով, թե միշտ էլ խոսում են: Ժամեր անց պատերազմը սկսվեց: Գեղամ Նազարյանը հիշում է, որ երբ իր ընկերները ևս ասում էին, որ վիճակը վատ է, պատասխանում էր, թե աշխարհաքաղաքական տեսանկյունից այդ պահին պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ: Իսկ երբ ավագ որդին զորացրվելուց հետո պատմել էր, որ ադրբեջանական գյուղերում բնակիչներին տարհանել ու տանկեր էին բերել, դա ևս չէր նկատել»,- ասվում է հոդվածում:

Վերևում հիշատակված 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանը Սամվել Բաբայանը, ով ասում է, թե տեղյակ չի եղել պատերազմի սկսման ժամկետից, որ հենց ամսի 27-ին է իմացել, որ պատերազմը սկսվել է, միաժամանակ հայտարարել է, որ պատերազմից մի քանի օր առաջ հուշել է մարտական գործողությունների ուղղությունները:

«Ես պատերազմից մի քանի օր առաջ ներկայացրել եմ զեկուցագիր, եղել է ԱԽ նիստ, որ լինելու է Ջաբրայիլի հատվածը և Մատաղիսի հատվածը: Որևիցե անգամ ես Աղդամի ուղղությամբ հարված չեմ սպասել, ոչ էլ կարար լիներ: Անիմաստ է դա: Աշխարհագրական էդ քարտեզին նայելով, պետք է առնվազն խելք չունենալ, որ Աղդամի ուղղությամբ խփի: Ջաբրայիլ, Մատաղիսն է եղել, անգամ նկարագրված է եղել, թե հարվածի դեպքում ինչ պիտի արվի, այդտեղ ջրամբարներ կան… Իսկ ՀՀ-ի և Արցախի ռազմական ղեկավարությունը սպասել են, որ պիտի Աղդամի ուղղությամբ հարված լինի»,- նշել է Բաբայանը:

Մեկ այլ լրատվամիջոցի տված հարցազրույցում Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը:

«Մենք պետք է այդ հնարավորությունից իրենց զրկեինք: Ես ուզում եմ մեր հասարակությունը տեղյակ լինի, որ հրետանու 40 տոկոսը կորցնելը մեծ աղետ է, հակաօդայինն էլ՝ 50 տոկոսը։ Հրետանին ամբողջ ռազմաճակատում կարկուտի պես թափվել է, ինչպես ասել էի, բայց գլխավոր երկու ուղղությամբ՝ Թալիշ-Մատաղիս ու Հորադիս»,- ասել է Ս. Բաբայանը և նշել, որ չորս-հինգ օր անց հակառակորդը ճեղքել էր հարավային ուղղությունն ու չորս-հինգ ուղղությամբ սկսել ծավալվել, մի քանի օր անց զարգացնելով գրոհը։

Մատաղիս-Թալիշ ուղղությամբ տեղակայված 457 բարձունքի հետ կապված՝ ադրբեջանական կողմը տեսանյութեր էր տարածել, որտեղ երևում էր, որ լավ կահավորված այդ դիրքում ոչնչացվել է սպառազինությամբ լցված երեք մեքենա: Այլ տեղերում հայկական զինված ուժերին պատկանող սպառազինությունները ոչնչացվել են հենց պահեստներում: Փաստերը բազմաթիվ են, այդ թվում՝ սխալ կայացրած որոշումների, որի պատճառով զոհեր ենք ունեցել: Դրանց դեռ կանդրադառնանք: Այս պահին Նիկոլ Փաշինյանը, Ջալալ Հարությունյանը պետք է մեկ հարցի պատասխանեն՝ ինչո՞ւ ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին, որի օրը, ըստ էության, պարզ է եղել:

Հ.Գ. Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ մեր հրապարակման մեջ հիշատակված 2020թ․ հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասին հիշեցրեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա մեջբերեց Փաշինյանի այս հայտարարությունը․ «Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»:

Սրան ի պատասխան՝ Փաշինյանը փորձում է հերքել պնդումը, թե չեն իմացել պատերազմի վերսկսման կոնկրետ օրը, սակայն, ըստ էության, հաստատում է, որ շատ լավ իմացել են: «2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարց: Երբ քննիչ հանձնաժողովը կձևավորվի և հետախուզության զեկույցներին հասանելիության կունենա, կտեսնեք, որ այնտեղ պարբերաբար այդ գնահատականը կա, որ հավանականություն կա պատերազմի: Այսինքն, այդտեղ գաղտնիք այդ առումով չկա: Այո, տեղը և ժամը չենք իմացել»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիր կար հնարավոր պատերազմի մասշտաբների հետ կապված:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը իմացել է պատերազմի սկսման օրը, երևում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին տված Փաշինյանի պատասխանից: «Ադրբեջանը պատրաստվում էր 2 օր անց պատերազմ սկսել, և, բնականաբար, տեղեկատվական պատերազմը պետք է ակտիվանար»- շեշտել է Փաշինյանը, այնուհետ նորից փորձել ինքն իրեն ուղղել՝ ասելով,- ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թ․ սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական»:

Տեսանյութեր

Լրահոս