
Ժամանակակից սեր. փոքր պատմություն՝ մեծ զգամցունքի մասին

Սերը այն ամենն է, ինչ մեզ անհրաժեշտ է. երգում էին Բիթլզի տղաները: Եվ ոչ մի վայրկյան դրանում կասկածելու կարիք չկա. մեր հոգու, մտքի և մարմնի օդն ու ջուրն է սերը, ամենազորեղը տիեզերական բոլոր զգացումներից, երբեմն՝ ամենաբարդը, բայց միշտ ամենից երջանիկը մեզ դարձնողը: 168.am-ը նոր շարք է մեկնարկում՝ ոգեշնչվելով ամերիկյան The New York Times օրաթերթի հանրահայտ «Modern Love» շարքից:
«Ժամանակակաից սեր» շարքի շրջանակներում լսելու և գրի ենք առնելու ամենատարբեր մարդկանց սիրո պատմությունները՝ մեր կյանքերը, լրահոսները, սոցիալական ցանցերի պատերը դրական լիցքերով լցնելու համար:
«Մենք հանդիպեցինք սրճարանում, Ամանորից տասը օր առաջ: Ես չէի կարողանում ընտրություն կատարել տաք շոկոլադի և դարչինով թեյի միջև, նա (այժմ ամուսինը,- Ա.Գ.) ինձ օգնեց. միասին սև սուրճ խմեցինք: Զրուցում էինք մեր սիրելի ֆիլմերից, պարզվեց՝ նույն ճաշակն ունենք. Ֆելինին մեր սիրելին է, «Հայրիկը»՝ հայկական կինոյի գլուխգործոցն ենք համարում: Հիմա որ ետ եմ նայում, անհավանական է թվում, բայց տասը օր անց ամուսնացանք, ինչպես Ֆելինին և Մազինան: Մեր միակ երեխան դեռ մեր շունն է՝ Էլլան (անունը՝ Էլլա Ֆիցջերալդի պատվին ենք դրել), հուսով ենք չորսն ունենալ… երեխա, շուն չէ (ծիծաղում է,- Ա.Գ): Երջանիկ եմ, որ այդքան համարձակ էինք: Շատ երջանիկ եմ…»:
Մերի
Պատմությունը լսեց և գրի առավ Անի Գաբուզյանը
Հ.Գ. Լուսանկարում պատկերված անձինք որևէ առնչություն չունեն պատմության հերոսների հետ: