«Բացի պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելու հիմքից՝ բժշկական ծառայություններից հրաժարվելու առնչությամբ աշխատանքից ազատման այլ հիմքեր Օրենսգիրքը չի սահմանում». Կառավարման փորձագետ
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։
Նախագծով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Օրենքի այդ հոդվածի գործողությունը կտարածվի հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։
Ընդ որում, աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նախարարությունն առաջարկում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, և չտրամադրել վարձատրություն: Այլ խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կազատվեն այն բոլոր քաղծառայողները, որոնք չեն պատվաստվի, երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի։
Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, Արդարադատության նախարաությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Ըստ այդ փոփոխությունների, առաջարկվում է, որ քաղծառայողը երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ պետք է անի, կամ պատվաստվի, հակառակ դեպքում նրան կարող են աշխատանքից ազատել։ Որպես կառավարման փորձագետ, կմեկնաբանե՞ք սրա հնարավոր հետևանքները, կամ նման կերպ կարո՞ղ են քաղծառայողին աշխատանքից հեռացնել։
– Ինչպես արդեն բազմիցս նշվել է՝ աշխարհում կորոնավիրուսային համավարակի (Covid-19) դեմ պայքարում ներկա պահին պատվաստանյութերը համարվում են ճգնաժամային իրավիճակի հաղթահարման միակ միջոցները։ Միաժամանակ, համավարակի տարածման բարձր ռիսկերը հանգեցնում են աշխարհի տարբեր երկրներում կամավոր պատվաստումներից պարտադիր պատվաստումների անցմանը։ Հայաստանում ևս ներկա դրությամբ դա է իրականացվում: Այս առնչությամբ տեղին եմ համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշման ներկայացումը:
Ըստ ԱՀԿ-ի հրապարակած Covid 19-ի և պարտադիր պատվաստման քաղաքականության եզրահանգման՝ մինչ պարտադիր պատվաստումներին անցնելը, վերջինիս քաղաքականությունը մշակելիս անհրաժեշտ է, որ պետությունը, մինչ հարկադիր պատվաստման մեխանիզմի ներդրումը, բարձրացնի հասարակության տեղեկացվածության աստիճանը պատվաստման վերաբերյալ՝ ներկայացնելով կիրառվելիք պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն, պատվաստման անցնելու կամ չանցնելու հետևանքով հնարավոր ռիսկերն ու ոչ ցանկալի հետևանքները, պատվաստման կանխարգելիչ նշանակությունն ու դերը, պատվաստվելու արդյունքում պատճառվող հնարավոր վնասների հատուցման կարգը:
Անդրադառնամ Ձեր կողմից առաջադրված հարցին: Նախ՝ ներկայացնեմ այս խնդրին առնչվող հիմնական օրենսդրական կարգավորումները: Այսպես, ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք»: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:
ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության՝ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:
ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»:
Իսկ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»:
Միաժամանակ պետք է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով սահմանված է՝
1. Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում են`
1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում` Կառավարության սահմանած կարգով.
2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով:
Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձն իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Վերոգրյալ խնդրի առնչությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանվում է հետևյալը՝ «Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»:
Ըստ նույն Օրենսգրքի 113-րդ՝ «Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ» հոդվածի՝ 1-ին մասի 10-րդ կետով սահմանված է ազատման հետևյալ դեպքը, այն է՝ պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելը կամ խուսափելը:
Փաստացի, տվյալ պարագայում, բացի պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելու հիմքից՝ բժշկական ծառայություններից հրաժարվելու առնչությամբ աշխատանքից ազատման այլ հիմքեր Օրենսգիրքը չի սահմանում: Եթե մասնավորապես թեստավորումը տվյալ դեպքում համարվի պարտադիր բժշկական զննում, ինչը ևս պետք է օրենսդրությամբ հստակ ամրագրվի, ապա միայն թեստավորումից խուսափելու դեպքում հնարավոր կլինի համապատասխան աշխատողին ազատել աշխատանքից: Սակայն, այստեղ ևս առկա է խնդիր. պարտադիր բուժզննումը իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակում, հետևաբար՝ վճարովի թեստավորման իրականացումը այս դեպքում այնքան էլ չի համապատասխանի նշված կատեգորիային: Փաստացի, քաղաքացուն տվյալ դեպքում ոչ հավասար ընտրության առաջ են կանգնեցնում: Ամսական 2 անգամ թեստերի համար վճարվելիք գումարի չափը՝ միջին հաշվարկով 20-30 հազար դրամ, շոշափելի ֆինանսական հավելյալ բեռ կդառնա աշխատող անձանց զգալի հատվածի համար:
Ներկայումս, սպառողական շուկայում առկա բարձր գնաճի պայմաններում քաղաքացիների իրական եկամուտներն արդեն իսկ զգալիորեն նվազել են, և այժմ նոր պարտադիր ծախս ենք ավելացնում նրանց համար: Բնականաբար, սրան կարելի է հակադարձել, թե՝ դրա համար թող գնան և անվճար պատվաստվեն: Սակայն արդյո՞ք այդ պատվաստանյութի անվտանգությունը վերջնականապես ստուգված է, և եթե պատվաստման արդյունքում քաղաքացու կյանքին և առողջությանն անհամաչափ վնաս պատճառվի, ինչպես դա պետք է փոխհատուցվի, և ով պետք է պատասխանատվության ենթարկվի:
Կարծում եմ, որ այս բոլոր խնդիրները պետք է մանրամասն քննարկվեն և արդյունավետ լուծումներ գտնվեն, և մինչ պարտադիր պատվաստումներին անցում կատարելը՝ նպատակահարմար է փորձել բոլոր հնարավոր միջոցները կամավորության հիմքով այն իրականացնելու և, համոզված եմ, որ վերջիններս դեռևս սպառված չեն: