
ԱՄՆ պետդեպը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագիրը

ԱՄՆ պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման համար 310.5 միլիոն դոլարի ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության գործակալությունը։
Այս կապակցությամբ գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի կառավարությանը F-16-ների հետ կապված ծառայությունների, ինչպես նաև սարքավորումների հնարավոր վաճառքը՝ մոտավորապես 310.5 միլիոն դոլար արժողությամբ։
Պայմանագրով նախատեսվում է անձնակազմին սովորեցնել տեխնիկայի սպասարկման հմտություններին, տրամադրել ծրագրային ապահովում, համապատասխան փաստաթղթեր և լոգիստիկ ծառայություններ։
Նշվում է, որ սա կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ գործընկեր երկրի անվտանգության ամրապնդման միջոցով։
Ընդգծվում է նաև, որ այս ծառայությունները չեն փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը։Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Արևմուտքը խոստացել է Ուկրաինային մատակարարել 85 միավոր F-16 կործանիչ. 24-ը՝ Նիդեռլանդներից, 19-ը՝ Դանիայից, 12-ը՝ Նորվեգիայից և 30-ը՝ Բելգիայից։ Սակայն այդ ինքնաթիռների մի մասը չի ուղարկվի Ուկրաինա, այլ կօգտագործվի երրորդ երկրներում ուկրաինացի օդաչուներին պատրաստելու համար։