
Հնդկաստանն արգելել է պակիստանյան ապրանքների ներմուծումն ու տարանցման իրականացումը

Հնդկաստանը պակիստանյան ապրանքների ներմուծման և տարանցման արգելք է սահմանել։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի արտաքին առևտրի գլխավոր վարչությունը։
«Պակիստանյան ծագում ունեցող կամ այնտեղից արտահանվող բոլոր ապրանքների ուղղակի կամ անուղղակի ներմուծումը կամ տարանցումը՝ անկախ դրանց ազատ ներմուծման կամ որևէ այլ կերպ արտոնված լինելու իրավունքից, անհապաղ պետք է արգելվի մինչև հետագա կարգադրությունները: Այս սահմանափակումը կիրառվել է ազգային անվտանգության և պետական քաղաքականության շահերից ելնելով»,- նշված է ծանուցման մեջ:
Վարչությունը նաև տեղեկացնում է, որ այս արգելքից ցանկացած բացառություն հնարավոր է Հնդկաստանի կառավարության նախնական հաստատման դեպքում։
Վերահսկողության գծի երկայնքով երկու երկրների միջև լարվածությունը սրվել է Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկիչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի։
Գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» խմբավորումը, որը կապված է «Լաշքար-ի-Թայբա» ահաբեկչական կազմակերպության հետ։Հնդկաստանը, պատասխանելով ահաբեկչությանը, կոշտ միջոցներ է ձեռնարկել Պակիստանի դեմ՝ արտաքսելով այդ երկրի ռազմական կցորդներին, կասեցնելով Ինդոս գետի ավազանի ջրային ռեսուրսների մասին ավելի քան 60 տարվա պայմանագրի գործողությունը և անհապաղ փակելով Աթարի սահմանային ցամաքային տարանցիկ կետը։
Պակիստանի իշխանություններն էլ հայտարարել են Հնդկաստանի առևտրի (այդ թվում երրորդ երկրների միջոցով) դադարեցման, Իսլամաբադում գտնվող պաշտպանության, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հնդիկ խորհրդականներին անցանկալի անձ ճանաչելու, իրենց երկրի օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար փակելու և բոլոր երկկողմանի համաձայնագրերի կասեցման մասին։
Պակիստանը նաև հայտարարել է, որ պատերազմական գործողություն կհամարի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի, ինչպես նաև ափամերձ պետությունների իրավունքների ցանկացած խախտում։