«Եթե ՀՀ իշխանության կողմից աջակցություն լիներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր գերեվարվի. գերի հանձնվելով՝ փրկել են 120.000-ից ավելի մարդու կյանք». Դավիթ Ջամալյան

Ամերիկյան «Fox-News»-ն օրերս հրապարակել էր Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որտեղ վերջինս անդրադարձել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հոր և նրա հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կյանքին սպառնացող վտանգներին։

«Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։ Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։

Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։  Այս մղձավանջն իրականություն դարձավ 120,000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանն էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այդ ծանր գինը վճարողների թվում է Ռուբեն Վարդանյանը, ով այժմ բանտարկված է օգնելու փորձի համար։

Ավելի քան 550 օր նա քաղաքական դրդապատճառներով պահվում է բանտում՝ նախնիների հայրենիքում Արցախի հայերի ապրելու իրավունքը պարզապես պաշտպանելու համար։

Կարդացեք նաև

Նա մենակ չէ։ Այսօր առնվազն 23 հայ քրիստոնյա անօրինական կերպով պահվում  է Բաքվում։ Ավելին, հասարակական կառույցների գնահատմամբ, Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնց թվում են և՛ հայ, և՛ ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ ու ակտիվիստներ»,- իր հոդվածում գրել է Դավիթ Վարդանյանը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ևս պարբերաբար բարձրաձայնում է այն խախտումների մասին, որոնք տեղի են ունենում Բաքվի ռազմական դատարանում՝ հայ գերիների ու պատանդների նկատմամբ։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ քանի դեռ Հայաստանում օրվա իշխանությունն է, ակնկալել, որ հայ պատանդներն ու գերիները հայրենիք կվերադառնան՝ իրատեսական չէ։

Ըստ նրա, ռազմական հոգեբանության տեսանկյունից, Ադրբեջանը նախևառաջ փորձում է կոտրել հայ հասարակության դիմադրության ոգին, ամեն կերպ այնպես անել, որպեսզի հայությունը՝ իբրև կազմակերպված սուբյեկտ, այլևս չլինի։

«Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, ապա Ադրբեջանի այդ նկրտումները չէին կարող կյանքի կոչվել, քանի որ նախկինում էլ թշնամին մշտապես այդ քայլերն իրականացրել է, սակայն չի կարողացել հասնել նպատակին։

Ադրբեջանին այս պահին ցուցմունքների բովանդակությունը պետք է Հայաստանին հավելյալ պահանջներ ներկայացնելու համար։ Հիմա Ադրբեջանը ցուցմունքներ է հավաքում, որպեսզի Հայաստանին ներկայացնի՝ որպես ագրեսոր երկիր։

Այն, ինչ մեր հայրենակիցներն ասում են Բաքվի բանտում՝ ասում են ճնշումների ներքո։ Մենք այս մարդկանց պետք է վերաբերվենք որպես հերոսի, քանի որ նրանք գերի հանձնվելով՝ փրկել են 120 հազարից ավելի մարդու կյանք։ Նրանք եթե չգնային այդ քայլին, արցախահայությունը չէր կարող անվտանգ դուրս գալ»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Ըստ նրա, երբ այսօր ՀՀ իշխանությունը մեղադրանքներ ներկայացնի Բաքվի բանտերում գտնվող անձանց, թե նրանք կարող էին չգերեվարվել, հասարակությունը պետք է հասկանա, որ ցանկացած արժանապատիվ հայ, ղեկավար այդպես կվարվեր՝ ժողովրդին փրկելու համար։

«Ինքս ամեն օր այդ կեղծ դատավարությանը հետևում եմ, մեր հայրենակիցները, չնայած ահռելի ճնշումներին, իրենց արժանապատիվ են պահում։

Եթե Հայաստանում իշխանությունը փոխվի, ապա ազգային իշխանություն լինելու դեպքում բոլոր ներքին ու արտաքին ռեսուրսները, կապերը կօգտագործի այս մարդկանց ազատ արձակելու համար։ Գործընթացը, որը Բաքվում տեղի է ունենում՝ իրավական չէ, հետևաբար՝ Հայաստանը կարող է դրան քաղաքական ու իրավաքաղաքական բազմաթիվ հակադարձող հիմնավորումներ բերել։ Եթե ՀՀ իշխանության կողմից աջակցություն լիներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր գերեվարվի։ Նաև, եթե ՀՀ-ում նորմալ իշխանություն լիներ և այդ իշխանությունը կանգներ Արցախի թիկունքին, եթե ոչ ամբողջական, բայց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մնացած տարածքը կմնար հայկական վերահսկողությամբ, այսպես չէր լինի»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը, երբ Արցախը միայնակ էր մնացել Ադրբեջանի հետ դեմ առ դեմ ու արյունաքամ էր լինում, ՀՀ իշխանությունն ընդունել էր կրավորական կեցվածք։

«Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունը թույլ է տվել ծանրագույն պետական հանցագործություն, քանի որ լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, քայլեր չի ձեռնարկել օգնելու։ Իշխանությունն իրականացրել է հակասահմանադրական քայլ, և բարենպաստ պայմանների գալու ժամանակ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Հիշեցնենք, որ այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: Նրանք բոլորը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության վրա, որի արդյունքում ամբողջությամբ օկուպացրեց Արցախի Հանրապետությունը։

Տեսանյութեր

Լրահոս