«Նիկոլ Փաշինյանն Արցախի և Հայաստանի հետ չի անում մի բան, ինչը չէր ուզում անել Լևոն Տեր-Պետրոսյանը». Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ Հայաստանում 1991թ. ի վեր շատ լուրջ կերպով դրված էր սեփականության լեգիտիմության, սեփականության վերաբաշխման, նախնական կապիտալի կուտակման խնդիրը, և ըստ նրա՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը պետք է այդ տրամաբանության շրջանակում դիտարկել:
«Առավել ևս, եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ լսել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ այդ մուրճով աջ և ձախ գնալը, սպառնալիքները, որ՝ սա կխլենք, ժողովրդին կվերադարձնենք և այլն: Իշխանությունն անում է այն, ինչ ֆորմալ խոսք է տվել ժողովրդին, այսինքն՝ սեփականության վերաբաշխում է իրականացնելու՝ ինչ-որ բաներ տարբեր էլիտաներից վերցնելու են, վերաբաշխում իրականացնեն: Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ՝ աշխարհի ոչ մի երկրում պետությունը և նրա քաղաքացիները չեն շահել սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխումից: Եթե էլ ավելի հետ գնանք, նույն ԽՍՀՄ-ում, երբ տեղի ունեցավ սեփականության վերաբաշխում՝ կուլակաթափության տեսքով, այդ ամենն ավարտվեց սովով: Եթե մարդկանց թվում է, որ Հայաստանը քաղաքական, պատմական, տնտեսական տրամաբանությունից դուրս մի վակուումում գտնվող երևույթ է, իրենք սխալվում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով՝ որպեսզի մինչև հեռանալը Նիկոլ Փաշինյանը մաքսիմալ անվտանգ լինի, որպեսզի կարողանա հեռանալու համար ստեղծել համապատասխան երաշխիքներ, նա պետք է մի շարք գործողություններ իրականացնի.
«Բացի իր անվտանգությունն ապահովելուց, Փաշինյանը պետք է նոր էլիտաների ձևավորման հարց լուծի. դրանք լինելու են տնտեսական էլիտաներ, և դա արվելու է այն ամենի հաշվին, ինչ մենք տեսնում ենք, այսինքն՝ տարբեր մարդկանց են ձերբակալելու, իրենցից կապիտալը վերցնելու են, վերաբաշխում է տեղի ունենալու: Այդ կապիտալի բաշխումն իրենց թիմի ներսում է տեղի ունենալու, ժողովուրդն էլի վատ է ապրելու: Հեղափոխությունից հետո շատ նեղ շրջանակների կյանք որակապես փոխվեց, գլոբալ առումով՝ մարդիկ ինչպես ունեին սոցիալական խնդիրներ, այդպես էլ շարունակելու են ունենալ: Պատերազմից հետո շատ են խոսում, չէ՞, որ թուրք-ադրբեջանական ներդրումներ պետք է լինեն, իրենք որ գան, հո իմ կամ ձեր բնակարա՞նը չեն գնելու, իրենք խոշոր տնտեսական օբյեկտներ են գնելու, իսկ դրանք առնելուց առաջ պետք է այդ օբյեկտները խլել»:
Քաղաքագետը նկատեց՝ վերջին ընտրություններում մարդկանց ընտրելու մոտիվացիան ոչ թե ինչ-որ բանի կողմ էր, այլ ընդդեմ ինչ-որ բանի.
«Ընդդեմն ուղղված էր նրան, որ, այսպես կոչված, նախկինները չվերադառնան, դրա համար էլ մենք կգնանք Նիկոլ Փաշինյանին կընտրենք, չնայած, որ մենք տեսել ենք, որ նա պատերազմ է բերում, բայց նա խոսք է տվել, որ կուլակաթափություն կիրականացնի, և եթե մենք լավ չենք ապրում, գոնե բոլորը մեզ հետ հավասար վատ կապրեն: Սա այն խնդիրն է, որը առկա է ոչ միայն Հայաստանում, այլ շատ հետհեղափոխական երկրներում: Այսինքն՝ երբ դաշտն ամայացած է լինում, դրա հետևանքը լինելու է կամ պետության ոչնչացումը, կամ նոր գաղափարներով, նոր անձանցով, նոր մոտեցումներով շարժումների, հոսանքների ձևավորումը: Ես հույս ունեմ, որ մենք կգնանք երկրորդ տարբերակով»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ ներկա իշխանություններից ավելի նախկին դժվար է Հայաստանում պատկերացնել. «Մնում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նշանակեն նախագահ, և փազլը հավաքված կլինի: Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության, քաղաքականության արեալի շրջանակներում: Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը մեր տարածաշրջանում չի կարող խաղաղ գոյատևել՝ առանց Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու, կամ գոնե ընդունելի մակարդակի փոխհարաբերություններ, բաց սահմաններ, դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու:
Տեր-Պետրոսյանի ընկալումների շրջանակում մի շարք բաղադրիչներ են եղել հայաստանյան քաղաքական կյանքում, որոնք խանգարել են այդ ամենին հասնել: Մասնավորապես՝ դա եղել է Արցախի Հանրապետությունը և ղարաբաղցիները, որոնք, այսպես ասած՝ հայաստանցիների հետ ազատագրելով Արցախը՝ խնդիր են ստեղծել ՀՀ իշխանությունների համար, որովհետև Թուրքիան նախապայմաններ է դնում, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի հօգուտ Ադրբեջանի, միայն դրանից հետո հնարավոր կլինի ինչ-որ խաղաղության մասին խոսել:
Երկրորդ հարցերից մեկը, որն ըստ Տեր-Պետրոսյանի՝ խանգարում էր այդ փոխհարաբերությունների հաստատմանը, դա Ցեղասպանության հարցն է. պետք է այն մեր արտաքին քաղաքականության օրակարգից հանվի և դրանով զբաղվի, պայմանականորեն, Սփյուռքը, բայց ՀՀ-ն՝ որպես սուբյեկտ, չպետք է դրանով զբաղվի: Այս իշխանությունները, գլոբալ առումով, իրականացնում են հենց այս գործողությունները՝ իրենք ազատվում են այն ամեն ինչից, ինչը կարող է խանգարել Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելուն: Նաև մի կարևոր հանգամանք էլ կա՝ Տեր-Պետրոսյանի ընկալումներում, որոնք ժառանգել է նաև Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի հետ պերմանենտ խնդիրը հանգեցնում է ՀՀ պերմանենտ կախվածությանը Ռուսաստանից, հետևաբար, որպեսզի դու կարողանաս Ռուսաստանից կտրվել, պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատես, իսկ որպեսզի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատես, պետք է Արցախից և Ցեղասպանությունից հրաժարվես, վերահաստատես Կարսի պայմանագիրը, և այլն: Նիկոլ Փաշինյանը չի՛ անում Արցախի և Հայաստանի հետ մի բան, ինչը չէր ուզում անել Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում