
Ինչո՞ւ են զորավարժություններ անցկացվում Քաշաթաղում. Ադրբեջան-Թուրքիա հետպատերազմյան ինտենսիվ վարժանքները շարունակվում են

Ադրբեջանն ու Թուրքիան իրենց կնքած ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի օկուպացրած Քաշաթաղի շրջանում համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել։ Այս մասին նախօրեից հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ տարածված տեղեկատվության՝ զորավարժությանը մասնակցում են երկու երկրի զինված ուժերի ներկայացուցիչները, նպատակը փոխգործակցության և ռազմական գործողությունների ժամանակ մարտական ներդաշնակության բարձրացումն է, այդ թվում՝ հրամանատարների կողմից ռազմական որոշումների և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը։ Հատկանշական է, որ հատուկ ուշադրություն է դարձվել տեղանքի բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից մարտական տեխնիկայի և այլ ռազմական միջոցների օգտագործման հմտությունների բարելավմանը:
Ադրբեջանական մի շարք աղբյուրների տեղեկություններով, չի բացառվում նաև, որ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Երեք եղբայր-2021» վարժանքներն անցկացվեն Շուշիի շրջանում՝ Լաչինի միջանցքի մոտակայքում:
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների թիվն արդեն հավակնում է մոտենալ մեկ տասնյակին:
Ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունները երբեք նման հաճախականություն և ինտենսիվություն չեն ունեցել: Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հրադադարի եռակողմ հայտարարությունների ստորագրումից հետո, երբ իբրև թե տարածաշրջանում եռակողմ գործընթացներ են տեղի ունենում կապուղիների ապաշրջափակման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ, և երբ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, խախտել ՀՀ սահմանը:
Սրան զուգահեռ՝ հարկ է հիշեցնել, որ կան ռուս-ադրբեջանական տարաձայնություններ Արցախում ռուս խաղաղապահ առաքելության մանդատի հարցի շուրջ, որից օրերս հեղինակավոր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան ցույց տվեցին ռազմական համագործակցության այն մակարդակը, որը ձևավորվել էր հարևանների միջև վերջին տասնամյակի ընթացքում, և այն վերջին ամիսներին ավելի է խորանում:
Նրա խոսքով, զորավարժությունները, համատեղ վարժանքները նպաստում են երկու երկրների ռազմական գերատեսչությունների ինտեգրման խորացմանը, օգնում անհրաժեշտության դեպքում համատեղ ռազմական օպերացիաների իրականացմանը:
Մյուս ազդեցությունը, որը տալիս են նման վարժանքները, Եվսեևի խոսքով, այն է, որ զինված ուժերը իսկապես կատարելագործվում են, խորացնում իրենց հմտությունները:
«Վերջին զորավարժության դեպքում կարելի է նշել նաև, որ կա նպատակ հարմարվել նոր տեղանքին: Ոչ մեկ անգամ է ընդգծվել, որ կան որոշակի տեղանքներ, որտեղ Ադրբեջանի զինված ուժերի համար բարդ է աշխատել, դա լեռնային հատվածներն են հատկապես ձմռանը, ինչպես նաև ընդհանրապես նոր տեղանքները, որոնց նկատմամբ վերահսկողություն է ստացել Ադրբեջանը: Այսինքն՝ այս տարածքներում հարմարվելու խնդիր է դրված»,- նկատեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ նման զորավարժություններն ունեն նաև ազդեցություն տարածելու, ուժ ցուցադրելու բաղադրիչ, ինչի մասին բազմիցս խոսել է:
Նրա դիտարկումների համաձայն, ներկայումս, երբ Ադրբեջանը պատերազմից հետո տարածաշրջանում լուրջ ակնկալիքներ ունի, չի պատրաստվում թուլացնել իր ազդեցության գործիքների կիրառությունը, որոնցից մեկն էլ նմանատիպ զորավարժություններն են և Թուրքիայի նման երկրի հետ «մկանների» ցուցադրումը:
Եվսեևի կարծիքով, Ադրբեջանում հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտության ամենախնդրահարույց թեմաները դեռ առջևում են:
«Տարօրինակ կլիներ տեսնել, որ չկա ուժային ազդեցության գործոն Ադրբեջանի դեպքում՝ հատկապես պատերազմից հետո, երբ Ադրբեջանը չի կարողանում դուրս գալ հաղթանակի էյֆորիկ իրավիճակից: Թուրքիայի հետ սերտ ռազմաքաղաքական համագործակցությունն Ադրբեջանին հանգեցրեց հաղթանակի, և Ադրբեջանն ամեն կերպ դա ցանկանում է ամրապնդել, չմոռանալ, փորձելով ավելի մեծ տարածաշրջանային գործոն դառնալ, ընդլայնելով ռազմական համագործակցության սահմանները, ներգրավելով նաև Պակիստանին: Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի ստորագրած համատեղ հռչակագիրը նաև ենթադրում էր, որ այս երկու երկրների համագործակցության նոր դրսևորումների ենք ականատես լինելու»,- ասաց վերլուծաբանը:
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ զորավարժությունները պատերազմից հետո առավելապես տարածաշրջանում ռուս-թուրքական առանցքը ցուցադրելու նպատակ ունեն:
«Դժվար է պատկերացնել, որ պատերազմական գործողություններ սկսելու ծրագրեր կան: Տեսականորեն պատերազմի հավանականությունը երբեք պետք չէ բացառել, սակայն ներկայումս դրանք այլ նպատակ ունեն՝ ամրապնդել այն, ինչ արդեն իսկ ձեռք է բերվել: Ընդհանուր առմամբ, այս փուլում մեծ և փոքր շատ վարժանքներ են տեղի ունենում, դրանք ամենայն հավանականությամբ ուղղված են նաև ծանր պատերազմից հետո ուժերը վերականգնելուն, քանի որ զինված ուժերի ենթակառուցվածքները և ԶՈՒ մարտունակությունը նման պատերազմից հետո էապես նվազում է»,- ասաց նա: