Եթե սա է աճն ու դինամիկ զարգացումը, ապա․․․

Որքան էլ իշխանությունները փորձեն հաղթական կեցվածքով ազդարարել տնտեսության վերականգնման և դինամիկ զարգացման մասին, անվանական արտահայտությամբ մեր տնտեսությունը շարունակում է հետ մնալ մինչճգնաժամային մակարդակից։ Իսկ այն, որ նախորդ տարվա համեմատ ունենք որոշակի աճ, դա դեռ տնտեսության վերականգնում չէ։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ երկրորդ եռամսյակի նախնական տվյալներով, պաշտոնական վիճակագրությունը երկնիշ աճ է արձանագրել։ Այդ աճն ընդամենը նախորդ տարվա խոր անկման արդյունք է։

2020թ. երկրորդ եռամսյակում տնտեսական անկումը Հայաստանում ավելի մեծ էր, քան այս տարվա աճը։

Այնպես որ, վերականգնման մասին խոսելուց առաջ լավ կլիներ, որպեսզի պետական պաշտոնյաները չմռանային այդ փաստը։ Բայց ինչպես սովորաբար լինում է, մոռանում են։ Զարմանալի չէ, որ երկրորդ եռամսյակի տնտեսական աճի նախնական տվյալները հրապարակելուց հետո՝ շտապեցին շահարկել դրանք։

«Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13 տոկոս տնտեսական աճ։

Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝

-Արդյունաբերություն, ներառյալ՝ էներգետիկա + 6,72 տոկոս

-Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն +10 տոկոս

-Շինարարություն +6,7 տոկոս

-Առևտուր և ծառայություններ +14,4 տոկոս։

Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8,6 տոկոս աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6 տոկոս:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար՝ առաջին եռամսյակի նկատմամբ ավելանալով մոտ 23 տոկոսով»,- հայտարարեց Էկոնոմիկայի նախարարությունը։

Հասկանալու համար, թե ինչ կա թաքնված այս աճերի տակ, պետք է ընդամենը մեկ տարով հետ գնալ։

Անցած տարվա երկրորդ եռամսյակում մեր տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ։ Ունեցանք ավելի մեծ անկում, քան այս տարվա աճն է։

Անցած տարվա երկրորդ եռամսյակում անկումը կազմեց 13,7 տոկոս։ Այս տարվա երկրորդ եռամսյակում աճը 13,1 տոկոս է։ Անգամ նման անկումից հետո չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել կորուստները։

Ու սա իշխանությունը համարում է ձեռքբերում։ Բայց դա ձեռքբերում չէ, այլ ձախողում։ Մինչ բազմաթիվ երկրներ արդեն դուրս են եկել հետճգնաժամային աճի բարձր ցուցանիշների վրա, մեր տնտեսությունը հետ է մնում մինչճգնաժամային ժամանակներից։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակի նախնական արդյունքներով, Հայաստանում արձանագրվել է 4,9 տոկոս տնտեսական աճ։ Առաջին եռամսյակում ունեինք անկում, անցած տարվա համեմատ։ Այն կազմեց 3,3 տոկոս։ Ու թեև երկրորդ եռամսյակում տնտեսական երկնիշ աճ է գրանցվել, անցած տարվա երկնիշ նվազումից հետո, մեր տնտեսությունը շատ դանդաղ տեմպով է հետ բերում անցած տարվա կորցածը։

Պատկերացնելու համար ասենք, որ այս տարվա առաջին կեսին մեր հարևան Վրաստանում տնտեսական աճը կազմել է 12,7 տոկոս։ Անցած տարվա անկումն էլ ավելի փոքր էր, քան մերը։

Եթե 12,7 տոկոսը համեմատեք մեր 4,9 տոկոս աճի հետ, կստացվի, որ Վրաստանում աճի տեմպը 2,6 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում։

Չպետք է մոռանալ նաև, որ տնտեսական գործընթացների մեջ այս տարի բավական մեծ բաղադրիչ ունի գնաճը։

Տարվա առաջին կեսին գնաճը Հայաստանում կազմեց 5,7 տոկոս։ Այսինքն՝ ավելի շատ, քան տնտեսական աճն է։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Հայաստանի տնտեսության աճը, եթե չլիներ գնաճի գործոնը։ Զարմանալի չէ, որ ՀՆԱ աճին մեծապես նպաստել է առևտուրը և ծառայությունները։ Երկրորդ եռամսյակի 13,1 տոկոսից 8,3 տոկոսը բաժին է ընկել հենց այս ոլորտին։ Մինչդեռ տնտեսության իրական հատվածի նպաստումը շարունակում է շատ փոքր լինել։

Առաջին եռամսյակի անկումից հետո, երկրորդում արդյունաբերությունը դրական ազդեցություն է թողել ՀՆԱ աճի վրա։ Արձանագրված հավելաճի գործում այն ունեցել է շուրջ 1,4 տոկոսի ազդեցություն։

Բայց պետք է հաշվի առնել, որ դրանում մեծ է եղել հատկապես հանքարդյունաբերության դերը։ Իսկ թե ինչի՞ հաշվին է հանքարդյունաբերությունն աճել, հայտնի փաստ է. ավելացել է ընդերքի շահագործումը՝ միաժամանակ միջազգային շուկաներում կտրուկ բարձրացել են մետաղների գները։

Մշակող արդյունաբերությունը, որն անցած տարվա երկրորդ եռամսյակում 10 տոկոսին մոտ անկում ուներ, այս տարի ավելացել է ընդամենը 5,9 տոկոսով։ Տարվա առաջին կեսի կտրվածքով ևս այն շարունակում է անկումային մնալ։

Սա է, որ ցույց է տալիս մեր տնտեսության իսկական վիճակը։ Արդյունաբերության ամենակարևոր հատվածում դեռևս բավականաչափ հետ ենք մնում մինչճգնաժամային մակարդակից։ Իսկ նախորդ տարվա անկումից հետո արձանագրված աճը բոլորովին էլ ոգևորիչ չէ, ինչքան էլ փորձ արվի այդպես ներկայացնել։

Գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ աճի մեջ նույնիսկ 1 տոկոսի չի հասնում։ Այն կազմել է հազիվ 0,87 տոկոս։

Այդքան թմբկահարվող շինարարության բաժինը տնտեսության հավելաճին շատ ավելի համեստ մասնակցություն է ունեցել՝ ընդամենը 0,33 տոկոս։

Որ անցած տարվա համեմատ այս տարի տնտեսական որոշակի աճ պիտի ունենայինք, ինքնին հասկանալի է։ Բայց դա չի նշանակում, թե ճգնաժամի հետևանքները վերացված են։ Դեռևս շատ անելիքներ կան տնտեսությունը ստարտային վիճակի բերելու համար։ Միայն դրանից հետո կարելի է խոսել աճերի մասին։

Հիմա մենք արտաքուստ գտնվում ենք կորցրածը հետ բերելու փուլում, որը, սակայն, տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի վատթարացման պայմաններում, ինչը շատ ավելի մտահոգիչ է և շատ ավելի կարևոր, քան այն մի քանի տոկոս տնտեսական աճը, որն ունենք անցած տարվա ճգնաժամից ու անկումից հետո։ Այս տարվա տնտեսական աճի գործում էական դեր են ունեցել արտաքին գործոնները։ Բայց միշտ չէ, որ արտաքին հատվածը կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա։ Խնդիրներն առավել տեսանելի կլինեն, երբ դադարեն այդ ազդեցությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս