«Ես համաշխարհային բեմեր նվաճելու նպատակ չունեի…»
«Մեր ընտանիքում բոլորն էին երգում, մայրս, հայրս հրաշալի ձայն ունեին: Ես գիտեի, որ ինքս էլ լավ ձայն ունեմ, բայց որ երգչուհի պիտի դառնամ՝ բացառված էր, այդ մասին երբեք չէի մտածում, նպատակ չունեի համաշխարհային բեմեր նվաճելու, պարզապես սկսեցի երգել, աշխատել: Մի բան, սակայն, հստակ էր՝ դեռ մանկուց միշտ ցանկացել եմ առաջատար լինել, լինել առաջին շարքերում՝ ինչ էլ որ անելիս լինեմ…»:
Հասմիկ ՊԱՊՅԱՆ
Նրա պարմանահասակ տարիքի երազանքը ջութակահարուհի դառնալն էր, ծնողներինը՝ որ իրենց դուստրը նախընտրի Հիպոկրատի երդվյալի մասնագիտությունը: Սակայն կար աստվածատուր շնորհի եւ նախախնամության գործոնը, որն էլ տնօրինելու էր ապագա օպերային աշխարհահռչակ երգչուհու ճակատագիրը:
Սակավ է պատահում, երբ արվեստագետի նորամուտը բեմում նախադռներ է բացում գալիք շռնդալից հաջողությունների համար: Այդպես է Հասմիկ Պապյանի պարագայում. մայրաքաղաքի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր առաջնելույթից հետո նրան, որպես մենակատարի, հրավիրում են Բոննի եւ Դյուսելդորֆի օպերային թատրոնները: Որպես ջութակահար եւ երգչուհի՝ մայր երաժշտանոցի շրջանավարտը շուտով դուրս է գալիս միջազգային ասպարեզ եւ այդ ժամանակից ի վեր ելույթներ ունենում բազմաթիվ թատրոններում, աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում եւ համերգասրահներում, որոնք երազանք են այս ասպարեզի մարդկանց համար՝ Մետրոպոլիտեն օպերա եւ Քարնեգի հոլ՝ Նյու Յորքում, Սան Ֆրացիսկոյի օպերա, Վաշինգտոնի ազգային օպերա, Միլանի Լա Սկալա, Փարիզի Բաստիլ օպերաներ, Բարսելոնի Լիսեու մեծ, Մադրիդի թագավորական թատրոն, Լոնդոնի Վիգմոր հոլլ, Վիեննայի պետական օպերա, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, Ամստերդամի Նիդեռլանդական եւ Ցյուրիխի օպերաներ, Մյունխենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի, Բեռլինի պետական օպերաներ… Ընդգրկուն է տաղանդավոր երգչուհու խաղացանկը՝ Մոցարտի Դոննա Աննա՝ «Դոն Ջիովաննի», Ռոսսինիի Մաթիլդա ՝«Վիլհելմ Տելլ», Հալեւիի Ռաքել՝ «Ջհուդուհի», Բիզեի Միկաելա՝ «Կարմեն», Պուչինիի «Միմի»՝ «Բոհեմ», Մագդա՝ «Ծիծեռնակ», «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», Բոյդոյի Մարգարիտ-Ելենա՝ «Մեֆիստոֆել», Չայկովսկու Լիզա՝ «Պիկովայա դամա», Ռիխարդ Վագների Սենտա՝ «Թռչող հոլանդացի», Վերդիի տասներկու դերերը՝ Տրավիատա «Դեզդեմոնա»՝ Օթելլո», «Աիդա», Լեոնորա՝ «Տրուբադուր» եւ «Ճակատագրի ուժը» եւ դարձյալ համաշխարհային հնչեղության տասնյակ ստեղծագործություններ:
Հասմիկ Պապյանի երկացանկի առանցքային մասն է Բելլինիի «Նորման»: Ի թիվս այլոց, այդ դերով նա հանդես է եկել Վիեննայի ազգային օպերայում, Թուրինի թագավորականում, Մոնրեալում, Բալթիմորում, Դեթրոյթում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Մարսելի, Մոնպելյեի օպերաներում, փառատոներին՝ Օրանժում, Սիցիլիայում, Մանհայմում, Շտուտգարտում, Ռոտերդամում, այլուր:
Երգչուհին հմայիչ իր արվեստով ելույթներ է ունեցել եվրոպական երկրների գերակշիռ մասում, Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում: Ասել է թե՝ տաղանդավոր սոպրանոյի կատարումները հնչել են գրեթե ողջ մոլորակով մեկ՝ պատիվ բերելով հարազատ երկրին ու իր ժողովրդին:
Մենահամերգների ժամանակ Հասմիկ Պապյանն ընդգծված ակտիվությամբ է ներկայացնում նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից՝ Կոմիտաս, Կանաչյան, Չուխաջյան, Տերտերյան, Տիգրանյան, Մանսուրյան, այլ երեւելիներ:
Սիրված ու ժողովրդական արտիստի կոչում վաստակած երգչուհին այսօր նշում է իր վեց տասնամյա հոբելյանը: Շնորհավորենք եւ նոր նվաճումներ մաղթենք մեր ժամանակների պայծառանուն արվեստագետին ու հպարտանանք, որ ունենք իրեն եւ դեռ երկար պիտի ունենանք՝ որպես ազգային հպարտություն ներշնչողներից մեկի…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ