«Հնարավոր լարվածության, բախումների ժամանակ Փաշինյանի առաջարկած գրունտային այլընտրանքային ճանապարհը չի կարող իր նպատակին ծառայել. կա առավել ապահով տարբերակ». Շիրազ Խաչատրյան
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Գորիս-Կապան միջպետական մայրուղին փակելն ազդակ էր, որ շատ արագ պետք է կարողանանք մեր նվազագույն խնդիրները լուծել, եթե չենք ուզում կրկին հայտնվել նման իրավիճակներում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը նմանատիպ քայլերով՝ ճնշումներ բանեցնելով, նորանոր պահանջներ է ներկայացնելու՝ մինչև չհասնի իր ուզած «միջանցքների» բացմանը։
Ըստ փորձագետի՝ Բաքվին պետք չէ դեմարկացիան, դելիմիտացիան, խաղաղության պայմանագիրը և այլն, ինչի մասին այդքան շատ սիրում է խոսել Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը։
«Բաքվի համար արդեն երկրորդական են Արցախի օկուպացված տարածքները։ Այստեղ ավելի ակնառու է թյուրքական պետություններն իրար կապող գործոնը։ Այսինքն, նրանց պետք է ուղիղ կապ ունենալ իրար հետ, այդ թվում՝ ոչ թե մեկ, այլ երկու և ավելի ճանապարհներով՝ Սիսիանով, Մեղրիով։ Պատահական չէր, որ մայիս ամսից սկսած ադրբեջանցիները դիրքավորվեցին Իշխանասարի, Սև լճի հատվածներում, իսկ հետո փակեցին Գորիսից Կապան ճանապարհահատվածը»,- ասաց Շիրազ Խաչատրյանը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի առաջ չընկրկելու համար Հայաստանը պետք է օրակարգում որպես առաջնային խնդիր դիտարկի այլընտրանքային ճանապարհների վերակառուցումը և վերանորոգումը:
«Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն Ազգային ժողովի ամբիոնից խոսելով ճանապարհային այդ խնդրի մասին, նշեց, որ նման իրավիճակներում կա այլընտրանքային, գրունտային՝ Կապան-Սյունիք գյուղ-Տաթև կամ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը։ Բայց ասեմ, որ հնարավոր լարվածության, բախումների ժամանակ դա չի կարող իր նպատակին ծառայել։ Առաջին՝ Կապանից Սյունիք գյուղ ճանապարհն ադրբեջանցիների անմիջական դիտարկման տիրույթում է՝ ուղիղ գծով ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երկրորդ՝ կա ավելի ապահով ճանապարհ՝ Տաթև-Վերին Խոտանան-Առաջաձոր-Կապան գրունտային ճանապարհը, որը, իմ կարծիքով, ավելի ապահով է։ Նույնը վերաբերում է մայրուղու մեկ այլ խնդրահարույց հատվածի՝ Որոտան բնակավայրի ուղղությանը։
Մենք տեսանք, թե մոտ երկօրյա բլոկադայի պայմաններում ինչպիսի հումանիտար խնդիրներ առաջացան: Մասնավորապես, գյուղերի բնակչության համար սահմանափակվել էր սննդամթերքի և տարբեր ծառայությունների, այդ թվում՝ բժշկական օգնության հասանելիությունը։ Նշեմ, որ այդ ուղղությամբ ևս այլընտրանքային ճանապարհ կա՝ Որոտան-Շինուհայր-Տաթև, Որոտան-Գորիս հատվածները, որոնք գտնվում են շատ վատ վիճակում: Այս երկու ուղիները պետք է պահել առաջնային լուծման խնդիրների շարքում։ Սյունիք վերջին այցելությանս ընթացքում տեղի բնակիչները շատ էին խոսում հատկապես այդ երկու ճանապարհների օգտակարության մասին, պատմում էին, թե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ինչպես են օգտվել դրանցից։ Չի կարելի խաղալ ժամանակի վրա, պետք է արագ քայլեր ձեռնարկել այլընտրանքային այդ ճանապարհները վերանորոգելու ուղղությամբ, քանի որ նմանատիպ խնդիրների, համոզված եմ, էլի ենք բախվելու»,- եզրափակեց Շիրազ Խաչատրյանը: