4 հարց ու պատասխան պատվաստումների մասին

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ  պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստումն անվճար է, իսկ  աշխատակիցը թեստի համար պետք է վճարի սեփական միջոցներից, մեկ թեստի արժեքը 15.000 դրամ է: Քաղաքացիները տարբեր հարցեր են բարձրացնում, որոնցից մի քանիսի պատասխանը 168.am-ը ստացավ Առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Հարց 1 – Քաղաքացին ահազանգել է, որ դիմել է պոլիկլինիկա պատվաստվելու համար, հերթագրել են սեպտեմբերի 27-ին: Ի՞նչ պետք է անի քաղաքացին, եթե պատվաստման իր հերթը չհասնի մինչև հոկտեմբերի 1-ը:

Պատասխան – Կարող են դիմել այլ պոլիկլինիկա, կցագրման վայրը բացարձակ կապ չունի, պոլիկլինիկայում եթե պետք է սպասի, կարող է շարժական կայան գնալ պատվաստվել: Տարբերակները շատ են: Ամեն ինչ արել ենք, որ հասանելի դարձնենք այդ գործընթացը, հանել ենք կցագրման պայմանը, որ աշխատավայրին մոտ պոլիկլինիկա գնան, քաղաքի կենտրոնական հատվածներում գործում են պատվաստումային 5 շարժական կայաններ, այնտեղ համակարգով է, հերթ չես կանգնում: Պատվաստանյութի առաջին կոմպոնենտը ստանալուց հետո հարկավոր չի լինի 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել, մինչև երկրորդ կոմպոնենտը ստանալը:

Հարց 2 – Ի՞նչ հետազատություններ են անցկացվում՝ իմանալու համար՝ մարդն ունի՞ պատվաստվելու հակացուցումներ, թե՞ ոչ:

Պատասխան – Դեղից ալերգիա ունեցողը, վստահաբար, գիտի իր ալերգիայի մասին, հարցնում են, եթե մարդն ասում է՝ «չգիտեմ, չի եղել», բժիշկը հարցնում է՝ «ի՞նչ դեղորայք ես օգտագործել», որ հասկանա՝ ալերգիկ ռեակցիաներ հնարավո՞ր են, թե՞ ոչ: Բժիշկը հարցերով կարողանում է ճիշտ կողմնորոշվել: Տեղում զարկերակային ճնշում են չափում, սատուրացիան են չափում, եթե հարկավոր է՝ թոքերն են ստուգում, նայում են քիթ-կոկորդի վիճակը, այսինքն՝ եթե սուր վիճակ չկա մարդու մոտ, ապա պատվաստում են: Այս հետազոտություններն արվում են և՛ շարժական կայաններում, և՛ պոկլիկլինիկաներում:

Հարց 3 – Առողջապահության նախարարի հրամանով՝ պատվաստվելու, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադրանքը չի գործի ուսանողների համար, սակայն դասախոսները պետք է հետևեն այս պայմանին: Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, քանի որ ուսանողները ևս կարող են վարակվել և տարածել վարակը:

Պատասխան – Դասախոսն օրվա ընթացքում տարբեր լսարաններ է մտնում, եթե նա վարակակիր եղավ, պատկերացրեք,  թե քանի՞ խմբի միաժամանակ կարող է վարակել: Այստեղ արդեն հաշվի է առնվել հավանականության գործոնը: Ուսանողը իր խմբի՝ ինչ-որ չափով սահմանափակ քանակի մարդկանց հետ է շփվում, իսկ դասախոսը մտնում է մի խումբ, հետո՝ մեկ այլ խումբ: Շփման արեալն էլ ենք հաշվել:
Հետո մենք չենք ասում, որ չենք պատվաստում ուսանողներին, պարտադիր կոմպոնենտն ենք հանում, որից շատ վախեցան բոլորը, նույնն էլ հղիների դեպքում է, չենք ասում՝ պարտադիր է պատվաստումը, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելը, բայց ով ցանկանում է, կարող է պատվաստվել, պետք է գիտակցաբար մոտենան, եթե հղին ցանկանում է  պատվաստվել, ապա արվում են համապատասխան հետազոտություններ, օրինակ՝ պտղի վիճակի մասին, և պատվաստվում է: Եթե ակտիվություն ցուցաբերվի ուսանողների շրջանում, բավականին լավ կլինի, վարակի տարածումը կփորձենք կանխել:

Հարց 4 – Ինչո՞ւ է պարտադիր հենց ՊՇՌ թեստով կատարել հետազոտությունը, քանի որ կա ավելի մատչելի տարբերակ, օրինակ՝ ռապիդ թեստը:

Պատասխան – Մեր նախարարությունը միշտ հետևել է և օգտագործել է ՊՇՌ թեստերը, որպես բարձր հավաստիություն ունեցող, մենք երբևէ ուրիշ  թեստերով թեստավորում չենք արել:

Տեսանյութեր

Լրահոս