Ինչո՞ւ են Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում Սյունիքով միջանցք բացել

Հարցի նախապատմությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության անտեսված մի էջ. 1919թ. օգոստոսի 29-ի Հասկել Ուսուպբեգով «Չեզոք գոտի» խայտառակ համաձայնագիրը և 1919թ. նոյեմբեր 23-ի Խատիսյան – Ուսուպբեգով պայմանագիրը Շարուր Դարալագյազի և Նախիջևանի վերաբերյալ

 1919թ. օգոստոսին՝ Հայաստանի առաջին Հանրապետության տարածքում ծավալված մահմեդական պառակտիչ շարժումների ամենաբուռն շրջանում, Հայաստանի կառավարությունը թուրք-թաթարական բնակչությանը սաստելու ներքին հարցը փորձեց լուծել դիվանագիտական ճանապարհով: Այդ առիթով ՀՀ վարչապետ և արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյանը 1919թ. օգոստոսի 9-ի թիվ 3138  հեռագրով դիմեց Փարիզի վեհաժողովի նախագահ Ժորժ Կլեմանսոյին, նշելով, որ «…ընթացիկ օգոստոս ամսի 15-ին Բրիտա­նական զորքերը հեռանում են Անդրկովկասից և Էրզրումից: Թուրք-թաթարական շարժումն արդեն սկսում է սպառնալ հայ ժողովրդի գոյությանը: Բրիտանական ուժերի ներկայությունը մասամբ զսպում է այդ շարժումը: Նրանց հեռացումով անխուսափելի աղետ կսկսի: Ամբողջ հայ ժողովրդի գոյությունը վտանգի տակ է այն դեպքում, երբ դաշնակիցների հաղթանակը Հայաստանին խոստանում էր ազատու­թյուն և կուլտուրական կյանք: Մարդկային արդարության և Հայաստանի գոյության անունից պահանջում եմ շտապ և եռանդուն միջոցների ձեռք առնում աղետից խուսափելու համար: Հայկական կառավարությունը խորապես համոզված է, որ դաշնակիցները իսկական միջոցներ կտրամադրեն իրենց որոշումները պարտադրելու թուրք-թաթարներին»[1]:

Չստանալով որևէ իրեղեն պատաս­խան՝ Ա. Խատիսյանը ֆրանսիական ռազմական առաքելության պետ՝ գնդապետ Շարդիյնիի միջոցով երկրորդ անգամ է դիմում Ժ. Կլեմանսոյին: Այս անգամ նա մասնավորապես նշում էր, որ «…Հայաստանի վրդովեցուցիչ դրությունը ծանոթ է Փարիզի կոնֆերանսին, որը դեռ ոչինչ չի արել աղետի առաջն առնելու համար: Հայկական կառավարությունը խորապես ցավում է, որ միայնակ է թողնվել այն ժամանակ, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ է դրված թուրք-թաթարական հորդաների կողմից, որոնք իրենց շարժումը զարգացնելով շրջապատում են Հայաս­տանը (ընդգծումը մերն է.- Ա. Հ.): Մուսուլմանական ապստամբներին ու զանազան բանդաներին միանալով՝ թուրք կանոնավոր զորքերը սկսել են արդեն երեք կողմից հարձակվել Հայաստանի վրա և անցել են հայկական տերիտորիան: Հանուն հայ ժողովրդի՝ նրա կառավա­րու­թյունը նորից խնդրում է Ձեր բարձր ժողովից՝ շտապ որոշում ընդունել հայ ժողովրդին ազատելու համար, որ համաձայնականների (Անտանտի.- Ա. Հ.) դաշնակիցն է և նրանց հետ պայքար է մղել արդարության ու ազատության համար: Խնդրվում է ընդունված որոշման մասին անմիջապես հաղորդել մեզ»[2]:

Եվ ահա Փոքր Վեդիում, Դարալագյազում և Զանգեզուրում շարունակվող մարտական գործողությունների ոչ ցանկալի պայմաններում, երբ գլուխ էին բարձրացրել նաև Կարսի, Օլթիի, Սուրմալուի շրջանների թաթարները, Հայաստան է ժամանում 1919թ. հուլիսի 5-ին Փարիզի վեհաժողովի Հինգի խորհուրդի կողմից Հայաստանի գերագույն հանձնակատար՝ կոմիսար նշանակված և Փարիզի խաղաղության կոնֆերանսի նախագահ՝ Կլեմանսոյի կողմից հաստատված ամերիկյան բանակի գնդապետ Ուիլյամ Հասկելը, որի նպատակն էր հետազոտել տարածաշրջանում տիրող ռազմական իրադրությունը, որոշել Միացյալ Հայաստանի ճշգրիտ սահմանները, Հայաստանի իրավազոր իշխանության պաշտպանության համար անհրաժեշտ օտարերկրյա զորքերի քանակը: Նա վստահ էր, որ իր ներկայությունը կսաստեր մահմեդական տարրերին՝ խոստանալով Ադրբեջանի կառավարությանը զգուշացնել, որ սադրանքների շարունակումը հետայսու ծանր հետևանքներ կունենային ադրբեջանական նորաստեղծ պետության համար[3]: Փաստորեն, Փարիզի վեհաժողովն ընդառաջ էր գնացել Անդրկովկասի հայ բնակչության և Հայաստանի Հանրապետության հուսահատ վիճակին:

Ու. Հասկելի առաքելությանը տրված իրավասությունները՝ որպես դաշնակից երկրների միասնական ներկայացուցիչ, նրան մեծ հնարավորություններ էին ընձեռում հաղթահարելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին էթնիկ և քաղաքական թշնամանքը, որը հայ ժողովրդի լիակատար բնաջնջման վտանգ էր պարունակում: Այդ առաքելության գործառույթների մեջ էր մտնում նաև Հայաստանի Հանրապետու­թյան տնտեսության վերականգնման համար խաղաղ պայմանների ապահովումը և այդ նպատակով անդրօվկիանոսյան օգնության տեղ հասցնելը, «Մերձավորարևելյան նպաստամա­տույց» հիմնադրամի կողմից փախստականներին, որբերին և չքավորներին ցուցաբերվող օգնության համակարգումը, ինչպես նաև՝ որպես ամերիկյան օգնության տնօրինության և օգնություն ցուցաբերող այլ երկրների հիմնադրամների ներկայացուցիչ լինելը[4]:

Հասկելի ժամանումը մեծ ոգևորու­թյուն առաջացրեց հայերի մեջ: Ինչպես իտալական դիվանագիտական վավերագրերն են փաստում, Ու. Հասկելը, ի տարբերություն գեն. Հարբորդի, որն այնքան էլ մտադրված չէր Հայաստանի մանդատը ԱՄՆ-ի կողմից ստանձնելուն, այն կարծիքին էր, որ Հայաստանի օգտին գործելը ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև եվրոպական մյուս տերությունների պարտավորությունն էր[5]:

Այդ էր պատճառը, որ Բաթումից (ուր Հասկելը ժամանել էր օգոստոսի 14-ին) մինչև Երևան, ամեն տեղ՝ Ղարաքիլիսայում և Ալեքսանդապոլում նրան ցույց տրվեց խանդավառ ընդունելություն: Ս. Վրացյանը տեղեկացնում է, որ 1919թ. օգոստոսի 21-ի առավոտյան Ու. Հասկելը հասավ Երևան: Քաղաքն ամբողջովին զարդարված էր դրոշակներով, գորգերով ու կանաչով: Բոլոր խանութները փակ էին: Փողոցներում տիրում էր արտակարգ եռու­զեռ վեհաժողովի ներկայացուցչին դիմավորելու համար: Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ կայարան էին եկել վարչապե­տ Ա. Խատիսյանը, բոլոր նախարարները, խորհրդարանի նախագահը, զինվորական հրամանատա­րա­կան կազմը, քաղաքապետը, քաղաքագլուխը, թեմակալ առաջնորդը, ամերիկյան, անգլիական և ֆրանսիական ներկայացուցիչները: Ընդունելության ծիսական մասը վարում էր մայրաքաղաքի պարետ Ա. Շահխաթունին[6]:

Ընդունելության արարողությունից, վարչապետի ողջույնի խոսքից, Հասկելի պատասխանից ու պատվո պահակի ընդունելությունից հետո, շքախումբը մեկնեց քաղաք: Առջևից՝ ազգային տարազով և դաշնակից պետությունների դրոշակներով գնում էին Սասունի և Շատախի ձիավորները: Նրանց հետևից շարժվում էին Ու. Հասկելի, վարչապետի և մյուս դիմավորողների ինքնաշարժերը: Քաղաքային ինքնավարության շենքի առջև կանգնած էին որբերը՝ թարմ պսակներով: Աբովյան պողոտան լիքն էր անհաշիվ բազմությամբ: Հասկելին հատկացված էր Երևանի լավագույն տներից մեկը, որի առջև կանգնած էին քաղաքազորը, անգլիական բանակի հնդիկ զինվորները և համքարություններն իրենց դրոշակներով[7]: Ու. Հասկելի հասնելուն պես նվագախումբը հնչեցրեց «Մեր հայրենիքը»: Հասարակությունը ողջունեց որոտընդոստ ծափերով ու «կեցցեներով»: Ու. Հասկելը դիտեց զորքը, հարց ու փորձ արեց զորքի սպառազինության և հագուստի մասին, որից հետո զորամասերը հանդիսավոր քայլերով անցան նրա առջևից:

Իրեն հատկացված բնակարանում ամերիկացի գնդապետն ընդունեց կառավարության, բանակի, քաղաքի և օտար պետությունների ներկայացուցիչներին ու շնորհակալություն հայտնեց իրեն ցույց տրված ջերմ ու սրտաբաց ընդունելության համար: Ժողովուրդը, որը խռնված էր նրա բնակարանի առջև, երկար ժամանակ չէր ցրվում:

Նույն օրը ևեթ Ու. Հասկելը երկար տեսակցություն ունեցավ կառավարության նախագահի հետ, որին նա հաղորդեց, որ «ինքը Վեհաժողովից հանձնարարություն ունի պաշտպանելու բոլոր հայերին, ուր և գտնվեն նրանք՝ Հայաստանում, Ազրբեջանում, Թուրքիայում, թե Վրաստանում: Զինվորական օգնություն առայժմ չի կարող տալ, բայց արդեն Փարիզ է ուղարկել 3 սպաներ՝ խնդրելով անմիջապես զորք հասցնել Հայաստան, այլև խնդրել է, որ անգլիական զորքերի մի մասը թողնվի Հայաստանում: Ինքը ամեն միջոց ձեռք կառնե պաշտպանելու համար Հայաստանի սահմանները և կպահանջի, որ Ազրբեջանի կառավարությունը վերջ տա գրգռիչ գործունեության Հայաստանի մահմեդականների մեջ: Ձեռք կառնի նաև կտրուկ միջոցներ, որ Հայաստանը ստանա զենք ու ռազմամթերք և որ վրաց կառավարությունը արգելք չլինի նրանց փոխադրությանը: Մասնավորապես, կաշխատի ապահովել Հայաստանի պարենավորման գործն ու մթերքի հայթայթումը (ընդգծումը մերն է – Ավ. Հ.)»[8]:

Ու. Հասկելը հավաստիացնում էր, որ ինքը Բաթումում էր թողել իր սպաներից մեկին՝ Հայաստանի համար ստացվող ապրանքները փոխադրելու համար, և որ շուտով Բաթում էր հասնելու 7000 տոննա ալյուրով բեռնավորված մի նավ, ապա կստացվեին պահածոներ, մսեղեն, դեղորայք, երկրագործական գործիքներ, մեքենաներ և այլն: Նա նշում էր, որ ԱՄՆ-ը դրամական օժանդակություն չէր կարող տալ, քանի որ Հայաստանի հոգատարության հարցը որոշված չէր, բայց ինքը հույս ուներ, որ ամերիկյան նպաստամատույց ընկերությունը կտրամադրեր մինչև 50 մլն դոլար: Ու. Հասկելը հույս ուներ հայթայթել նաև զորքի, որբերի և գաղթականների հագնելիքը և բանակի համար անհրաժեշտ 150 ջորիները: Նա կարծում էր, որ մինչև ձմեռ արևմտահայերի ներգաղթն անհնար էր, բայց գարնանից նրանք կարող էին վերադառնալ իրենց բնակության նախնական վայրերը: Ըստ Ու. Հասկելի Փարիզի վեհաժողովում Հայկական հարցի լուծումը որևէ կասկած չէր հարուցանում. վճռված-վերջացած խնդիր էր. մնում էր միայն որոշել սահմանները և հոգատար պետությունը (ընդգծումը մերն է.- Ա. Հ.)[9]:

Հուսատու խոսքերից հետո հաջորդ օրը օգոստոսի 22-ին Հայաստանի գերագույն կոմիսարը ներկա գտնվեց խորհրդարանի նիստին, ուր նախագահող Հովսեփ Արղությանը ողջունեց նրան ջերմ խոսքերով, իսկ Ու. Հասկելը հանդես եկավ պատասխան ճառով[10]:

1919թ. օգոստոսի 23-ին Ու. Հասկելը շտապով մեկնեց Թիֆլիս, իսկ այնտեղից Բաքու՝ Ադրբե­ջանի կառավարության հետ Շարուր-Նախիջևանի հարցը կարգավորելու համար: Երկրի վարչապետ Նասիբ բեկ Ուսուպբեգովի և արտգործնախարար՝ Ջաֆարովի հետ հանդիպելուց հետո Ու. Հասկելն առաջարկեց վերացնել հայ և մահմեդական ժողովուրդների միջև առկա թշնամանքը, վերականգնել Անդրկովկասի և Պարսկաստանի միջև առևտրական և հաղորդակցական նպատակներով գործող երկաթուղին և ամերիկյան վերահսկողության ներքո ստեղծել չեզոք գոտի: Ռ. Հովհաննիսյանը նկատում է, որ ամերիկյան առաջարկը հայտնվեց մեկ շաբաթ անց այն օրից, երբ Խոսրով բեկ Սուլթանովը Ղարաբաղի հայերին ստիպել էր ճանաչել իր գերիշխանությունը՝ դրանով նվազեցնելով արգելքը դեպի Զանգեզուր: Ըստ Ռ. Հովհաննիսյանի Երևանից հարավ մեծ չեզոք գոտու ստեղծումը կթուլացներ Շարուրի և Նախիջանի նկատմամբ հայերի պահանջները և կարգելափակեր դեպի Զանգեզուր Հայաստանի ճանապարհը՝ Ադրբեջանի համար ճանապարհ հարթելով դեպի արևմուտք՝ Արաքսի հովիտը[11]:

Այդ առաջարկության հիման վրա, առանց Հայաստանի Հանրապետության հետ խորհրդակցելու, Ու. Հասկելը 1919թ. օգոստոսի 29-ին՝ ուրբաթ օրը Ադրբեջանի կառավարության նախագահ Նասիբ բեկ Ուսուպբեգովի հետ ստորագրեց Շարուր-Դարալագյազին և Նախիջևանին վերաբերող 21 կետից բաղկացած «Չեզոք գոտի» խորագիրը կրող մի համաձայնագիր, որը բոլորովին հակասում էր Երևանում հայերին տված իր խոստումներին: Համաձայնագրի համաձայն՝ «Շարուր-Դարալագյազի և Նախիջևանի գավառներում անհապաղ պետք է հաստատվեր չեզոք գոտի», որի  կառավարումը պետք է իրականացներ գնդ. Ու. Հասկելի կողմից նշանակած ընդհանուր նահանգապետը:

Երրորդ կետով կազմակերպվում էր տեղական իշխանություն, որը պետք է լիներ թաթարական՝ բացառությամբ այն շրջանների, որտեղ հայերը կազմում էին մեծամասնություն:

4. Հայկական և ադրբեջանական կառավարություններն իրենց զորքերն անմիջապես պետք է դուրս հանեին չեզոք գոտուց, ընդ որում, ոչ մի զինվորական միավորում չպետք է հետ վերադառնար:

5. Հայկական և ադրբեջանական կառավարությունները չեզոք գոտուց անհապաղ հետ էին կանչում իրենց և այլ երկրների գործակալներին, որոնք կարող էին հրահրել տեղական բնակչությանը:

6. Ազրբեջանը և Հայաստանը հայտարարելու էին համընդհանուր համաներում, որը տարածվելու էր մինչև 1919թ. սեպտեմբերի 1-ը մասնավոր անձանց դեմ կատարված հանցագործությունների վրա: Համաներումը չէր տարածվում այն հանցագործությունների վրա, որոնք արդեն գտնվում էին բրիտանական ռազմական իշխանությունների տնօրինության տակ:

7. Չեզոք գոտում տեղական պաշտոնատար անձինք կարող էին նշանակվել միայն ամերիկացի գեներալ նահանգապետի կողմից:

Պայմանագրի 8-9-րդ կետում նշվում էր, որ Հայաստանի և Ազրբեջանի կառավարու­թյունները պետք է գործադրեին իրենց ողջ ազդեցությունը հանգստացնելու համար հայ և թաթար ազգաբնակչությանը՝ չեզոք գոտում, Երևանի և Զանգեզուր գավառներում:

10. և Հայաստանի, և Ազրբեջանի կառավարություններն իրենց հովանու տակ կառնեն իրենց տարածքներում ապրող հայերի և թաթարների կյանքը և գույքը:

11-րդ կետով անհապաղ վերա­կանգնվելու էր Երևանից դեպի պարսկական սահմանը ձգվող և Շարուր-Դարալագյազով անցնող երկաթուղին և հեռագիրը, որը պետք է անմիջապես գործեր հայ և թաթար անձնակազմով և լիներ ամերիկյան գեներալ-նահանգապետի հսկողության տակ՝ թեպետ համարվելու էր հայկական երկաթուղու մաս՝ հայ և թաթար անձնակազմով: Երկաթուղին պետք է սպասարկեր բնակչությանն առանց ազգային խտրության:

12-րդ կետով Ազրբեջանի կառավարությունը համա­ձայ­նում էր ամեն կերպ դյուրացնել ամերիկյան նպաստամատույց` «Near East Relief» ընկերության պարենավորման և սնունդ տալու գործը Շուշիի և Զանգեզուրի շրջանների ազգաբնակչությանը:

13. Ազրբեջանական կառավարությունը համաձայն էր իրականացնել բոլոր միջոցները և տրամադրել փոխադրության ծախսերը Ազրբեջանում գտնվող բոլոր այն հայ գաղթականների վերադարձի համար, որոնց վերադարձը գեներալ-նահանգապետը կհամարի անհրաժեշտ:14. Փոքր Վեդիի մահմեդական ազգաբնակչությունը ամերիկյան նահանգապետի ցուցումով պետք է այդ գյուղից վերաբնակեցվեր չեզոք գոտու տարածքում՝ նրանց համար նախատեսվող մեկ այլ գյուղ՝ հնարավորություն տալով իրենց հետ տեղափոխել իրենց ողջ ունեցվածքը:

15-րդ կետով Բաքու-Ջուլֆա կառուցվող երկաթուղագիծը պետք է գտնվեր բացառապես Ազրբեջանի կառավարության տնօրինության ներքո և ոչ ոք չպետք է խառնվեր նրա կառուցման գործին (ընդգծումը մերն է – Ավ. Հ.):

16-րդ կետով երկաթգծի երկայնքով Հայաստանի և չեզոք գոտու սահմանը պետք է լիներ այն տեղը, որը կոչվում էր Գայլի Դրունք:

17-21-րդ հոդվածները վերաբերում էին կառավարման համար հատկացվող հարկերի գանձման միջոցներին, անհրաժեշտության դեպքում ազրբեջանական կառավարության կողմից նախատեսվող ֆինանսական օժանդակությանը, դպրոցների, եկեղեցիների ամենօրյա գործունեության վերականգնմանը, խղճի ազատության հաստատմանը և «Near East Relief»-ի կողմից առանց ազգային խտրականության պարենային օգնության տրամադրմանը[12]:

Այսպիսով, «Հայաստանի գերագույն կոմիսար» գնդապետ Ու. Հասկելը յուրացնելով ադրբեջանական տեսակետը` Շարուր-Դարալագյազ-Նախիջևանի շրջանները հայտարարում էր վիճելի տարածքներ, որով ըստ էության Ղարաբաղ-Զանգեզուրն էլ տալիս էր Ազրբեջանին: Չեզոք գոտու մեջ Դարալագյազի ներառումը ծանր հարված կհասցներ Հայաստանի ռազմավարությանը: Այն կփակեր Երևանի ու Զանգեզուրի հաղորդակցության միակ ճանապարհը և Ադրբեջանին հնարավորություն կընձեռեր միջանցք բացել դեպի Արաքսի հովիտը[13]:

Փաստորեն, համաձայնագրով Զանգեզուրը, Նախիջևանը, Ղարաբաղը և Շարուր- Դարալագյազը հանձնվում էին Ադրբեջանին[14]: Այս ամենը՝ այն դեպքում, երբ Փարիզի խաղաղության վեհաժողովի բացումից հետո ֆրանսիական կառավարությունը արգելել էր ադրբեջանական  պատվիրակության  մուտքը  Ֆրանսիա, քանի որ Ադրբեջանը դիտարկվում էր որպես թուրքական ջանքերով ստեղծված պետություն, որն իբրև Օսմանյան կայսրության սատելիտ՝ 1918թ. կռվում էր դաշնակիցների դեմ: Միայն 1919թ. գարնանը Ադրբեջանին թույլատրվեց մուտք գործել Ֆրանսիա և ներկայացնել իր երկրի պահանջները[15]:

Ենթադրել կարելի է միայն, որ այս համաձայնագրի առանձին դրույթները հետագայում հիմք դարձան Մոսկվայի խորհրդա-թուրքական 1921թ. մարտի 16-ի  պայմանագրի կնքման ժամանակ:

1919թ. սեպտեմբերի 1-ին Ու. Հասկելը «Չեզոք գոտու» համաձայնագրի տեքստը երկու օրինակից ուղարկեց Հայաստան՝ մեկն առանց ուշացման ստորագրելու, իսկ մյուսը՝ որպես ի գիտություն պահելու համար: Համոզված լինելով, որ Հայաստանի կառավարությունը հավանության կարժանացնի և կհաստատի համաձայնագիրը, Ու. Հասկելը դրվատեց Ադրբեջանի ղեկավարների խաղաղասիրական բնույթը և հեռագրով դիմեց Ա. Խատիսյանին՝ առաջարկելով նրան դադարեցնել ռազմական գործողությունները հարավային ճակատում: Այս առիթով Ս. Վրացյանը գրում է, որ «հասկանալի է այն զարմանքն ու ցասումը, որ պատեց ամենքին Երևանում, երբ ստացվեց Հասկելի կարգադրությունը՝ «առանց դանդաղելու ստորագրել և հետ ուղարկել»  պայմանագիրը: Չկամություն ու թշնամանք փնտրելը Հասկելի քայլի մեջ անտեղի էր, իհարկե, այնքան բաց էր կատարված խաղը: Մարդը պարզապես զոհ էր իր անգիտությանը ու դյուրահավա­տությանը և Բաքվում լարված մեքենայություններին: Նրան ամեն կողմից ներկայա­նում էին թուրք պատգամավորություններ՝ գանգատով ու բողոքով Հայաստանի իշխանության դեմ. Ազրբեջանի կառավարությունը նրան հաղորդում էր  ընդվզեցու­ցիչ փաստեր ու թվեր, և խեղճ մարդը չգիտեր՝ ո՞ւմ հավատալ, ի՞նչ անել»[16]:

Հայաստանի կառավարությունը հասկացավ, որ ամերիկացի հանձնակատարը մոլորեցվել էր իր պարզամտության պատճառով և անզոր էր ստեղծել անհրաժեշտ «modus vivendi»-ն (իրար հետ կողք կողքի ապրելու համաձայնությունը.- Ա. Հ.):

Հասկելի գրությունը քննարկվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ու կառավարության 1919թ. սեպտեմբերի 3-ի և 6-ի նիստերում և որոշվեց Հասկելի մոտ ուղարկել մի հանձնախումբ՝ պարզելու համար եղելությունը[17]:

Սեպտեմբերի 5-ին Ա. Խատիսյանը խորհրդակցելով Դաշնակցության բյուրոյի հետ, խորհրդարանում հայտարարեց, որ կառավարությունն ըստ էության դեմ չէր Նախիջևանի ամերիկյան նահանգապետության ստեղծմանը, որին, սակայն, հակադարձեց էսէռ Արշամ Խոնդկարյանը: Նա կառավարությանը մեղադրեց դաշնակիցներին կուրորեն հավատալու մեջ, որոնք հայկական ժողովրդավարության վստահությունն ու զոհողությունները հատուցել են՝ էլ ավելի մեծ ցավ ու տառապանք պատճառելով Հայաստանին: Ըստ Ա. Խոնդկարյանի, ժամանակն էր, որ Հայաստանի կառավարությունը վերանայեր իր արտաքին քաղաքականությունը և խուսափելով արևմուտքի փարիսեցիությունից դեմքը շրջեր դեպի ռուսական դեմոկրատիան[18]: Նույնիսկ որոշ դաշնակցականներ հայտարարեցին, որ չնայած դաշնակիցները հաղթել էին պատերազմը և «համաշխարհային բախտի թելադրողն» էին, սակայն նրանք թույլ էին տալիս, որ Արևելյան Հայաստանի գերազանցապես հայաբնակ վայրերը, որոնք «հոգով-սրտով ձգտում էին դէպի նախ», խլվեին Հայաստանի Հանրապետությունից[19]:

Սեպեմբերի 6-ին Ա. Խատիսյանը և Ռ. Տեր-Մինասյանը մեկնեցին Թիֆլիս, որտեղ մինչև սեպտեմբերի 14-ը վեց հանդիպում անցկացրին Հասկելի և իր առաջարկություններով այնտեղ ժամանած Նասիբ բեկ Ոսուպբեգովի հետ: Ըստ Ռ. Հովհաննիսյանի նրանք Հասկելի առջև բարձրացրին Նախիջևանի չեզոք գոտուն վերաբերող երեք հիմնական հարց, որը կարող էր իր ազդեցությունը թողնել Զանգեզուրի ապագայի վրա: Դրանք էին 1. «Չեզոք գոտու» կազմակերպումը և սահմանների հարցը. Անհեթեթ էր «Չեզոք գոտու» մեջ ընդգրկել Դարալագյազը, որը Հայաստանի կազմում էր մնացել մինչև թուրքական զորքերի կողմից Արաքսի հովտի զավթման ժամանակ, 2. «Չեզոք գոտու»  հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ. Հայաստանը պետք է ունենար արտոնյալ վիճակ «Չեզոք գոտում», քանի որ այդ տարածքը կենսականորեն կարևոր էր Հայաստանի Հանրապետության համար, և Ադրբեջանը՝ անտեսելով Փարիզի վեհաժողովի հրահանգները, հաճախակի խռովություններ էր հրահրում ու ֆինանսավորում այնտեղ, 3. «Չեզոք գոտու» ազդեցությունը Զանգեզուրի ապագայի վրա. Զանգեզուրը եղել էր և պետք է մնար Հայաստանի կազմում, որն ընդունվել էր անգլիացի զորավար Քորիի կողմից, սակայն անտեսվել էր Ուսուպբեգովի կողմից Հասկելին ներկայացված փոփոխված նախագծի մեջ[20]:

Ա. Խատիսյանի և Ռ. Տեր-Մինասյանի բացատրությունները լսելուց հետո Հասկելը չեղյալ համարեց Ուսուպբեգովի հետ կնքած պայմանագրի Ղարաբաղին ու Զանգեզուրին վերաբերող կետերը: Բայց այս անգամ էլ Ադրբեջանը մերժեց ընդունել այդ համաձայնությունը: Նասիբ բեկ Ուսուպբեգովը անզիջում էր ադրբեջանական տարադրամի՝ բոների գործածության և Բաքու-Ջուլֆա երկաթուղու հարցերում: Սակայն Դարալագյազի հարցում նա ընդունեց Հայաստանի իրավասությունը պայմանով, որ դրա փոխարեն Օրդուբադի շրջանը նույնպես հանվի «Չեզոք գոտուց» և կառավարվի ուղղակիորեն Ադրբեջանի կողմից:

Հասկանալի է, որ նման դիմումներն ու փաստերը պետք է, որ ազդեին Ու. Հասկելի վրա, որը ծանոթ չէր կովկասյան պայմաններին ու բարքերին:

1919թ. նոյեմբերի 23-ի Խատիսյան-Ուսուպբեգով պայմանագիրը Շարուր-Նախիջևանի վերաբերյալ

 Վերադառնալով Երևան, Ա. Խատիսյանը և Ռ. Տեր-Մինասյանը 1919թ. սեպտեմբերի 14-ին  կառավարությանը զեկուցեցին, որ Հասկելը տեսնելով համաձայնագրի թերությունները, համաձայնել է այն տեսակետին, որ Զանգեզուրը Հայաստանի Հանրապետության անբաժան մասն է: Այդ է վկայակոչում Հասկելի կողմից թելադրված 9 կետանոց արձանագրությունը, ըստ որի, Զանգեզուրում պահպանվելու էր ստատուս-քվոն, Դարալագյազը չէր մտնելու չեզոք գոտու մեջ, Բաքու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը կախված կլիներ հայ-ադրբեջանական համաձայնությունից:

Զիջելով Հասկելի ճնշումներին, Ազրբեջանի արտաքին գործերի նախարար Ջաֆարովը հայտարարեց, որ Ազրբեջանը չի առարկի Շարուր-Դարալագյազում և Նախիջևանում չեզոք գոտու կազմավորմանը  և հոկտեմբերի 6-ին Հասկելին տեղեկացրեց, որ Ազրբեջանի կառավարությունը՝ առանց հրաժարվելու Շարուր-Նախիջևանի վրա իր իրավասությունից, չի դիմակայի ամերիկյան առաջարկությանը և Հայաստանի կառավարության նման ընդհանուր նահանգապետի ներկայացուցիչ կնշանակի Նախիջևան ուղարկելու համար[21]:

Ի վերջո, երկար բանակցություններից ու ձգձգումներից հետո Ու.Հասկելը պնդեց իր տեսակետը և Միացյալ Նահանգների բանակի երկրաչափ գնդապետ Էդմոնդ Լ. Դեյլիին   նշանակելով Նախիջևանի նահանգապետ՝ կարգադրեց այնտեղ մտցնել ամերիկյան իշխանություն:

Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները Ու. Հասկելին խոստացել էին տրամադրել երեքական ներկայացուցիչներ՝ Է. Դեյլիի հետ Նախիջևան մեկնելու համար, բայց Ազրբեջանի կառավարությունը վերջին պահին մերժեց ներկայացուցիչների տրամադրումը: Դեյլին իր գործակիցներով Երևանից դուրս եկավ հոկտեմբերի 24-ին և Նախիջևանում ընդունվեց պատշաճ ձևով:

Երկկողմ բանակցությունների արդյունքում 1919թ. նոյեմբերի 23-ին Հայաստա­նի և Ադրբեջանի վարչապետներ՝ Ա. Խատիսյանի և Նասիբ բեկ Ուսուպբեգովի, ինչպես նաև ամերիկացի գնդապետ՝ Ջեյմս Ռեյի և Վրաստանի արտգործնախարար, ժամանակավոր նախագահ Գեգեչկորու միջև Թիֆլիսում կնքվեց պայմանագիր, ըստ որի՝

1. Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պարտավորվում են վերջ դնել թշնամական գործողություններին և այլևս չդիմել զենքի կիրառմանը:

2. Խաղաղ ապրանքափոխանակության զարգացման համար Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայն են ընդունել իրական միջոցներ Զանգեզուրով ձգվող ճանապարհը վերանորոգելու և բացելու ուղղությամբ՝ ապահովելով Զանգեզուրով անցնող ճանապարհի անվտանգությունն ու հուսալիությունը (ընդգծումը մերն է.- Ավ. Հ.):

3. Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պարտավոր են լուծել բոլոր վիճելի հարցերը, այդ թվում՝ սահմանների հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Եթե այն լինի անիրականանալի, որպես իրավարար կողմ ընտրել ինչ-որ չեզոք երկրի, որի կայացրած որոշմանը կհամաձայնեն ենթարկվել երկու կառավարությունները: Ընդ որում, ներկա դրությամբ հիշատակվող չեզոք կողմ հանդիսանում է ԱՄՆ-ի բանակի գնդապետ Ջեյմս Ռեյը:

4. Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պարտավոր են անհապաղ հաստատել հավասար թվով պատվիրակներ, որոնք պետք է հանդիպեն Բաքվում նոյեմբերի 26-ին հրավիրված կոնֆերանսում և շարունակեն կոնֆերանսը Թիֆլիսում՝ դեկտեմբերի 4-ին: Խաղաղության կոնֆերանսում կքննարկեն բոլոր այն հարցերը, որոնք տարաձայնությունների և հակամարտության առիթ են դառնում՝ նրանց տալով հարցերի կարգավորման իրավասություն՝ պայմանագրի և արբիտրաժի միջոցով:

5. Պայմանագիրը 3 օրինակից՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով, ուժի մեջ է մտնում կնքման պահից՝ նոյեմբերի 23-ից[22]:

Սակայն ամերիկյան նահանգապետությունն իրական փոփոխություններ չմտցրեց դրության մեջ: Նախիջևանը փաստորեն մնաց ինքնավար՝ մինչև 1920 թ.  ամառ և ինչպես Ա. Խատիսյանը կասեր (…կարող ենք սպառուած համարել (Դաշնակիցներու)  դերը Կովկասի և մասնաւորապէս, Հայաստանի մէջ)[23]:

Այսպիսով, Նարիջևանի (չեզոք գոտու) հիմնախնդիրը և Նախիջանից՝ Սյունիքով Ադրբեջան տարանցիկ միջանցք բացելու գաղափարը արևմտյան մի ծրագիր է, որը 1919թ. օգոստոսի 29-ի համաձայնագրից և նոյեմբերի 23-ի պայմանագրից հետո նորից փորձ է արվում գործողության մեջ դնել 102 տարի անց Հայաստանի Երրորդ Հանրապետության հետպատերազմյան ժամանակաշրջանում:  

Ավետիս Հարությունյան

պատմ. գիտ. թեկնածու., պրոֆեսոր

[1] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.201, թ.72ա։

[2] ՀԱԱ, ֆ.200, ց.1, գ.201, թ.77ա։

[3] Ու. Հասկելի գործունեության մասին ավելի հանգամանորեն տե՛ս Ռ. Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հ. II, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, Երևան, 2014, էջ 231-244, նաև Махмурян Г. Г., Организационная, гуманитарная и политическая деятельность верховного комиссара союзников В. Гаскеля в Армении в 1919г., «Հայոց պատմության հարցեր», Գիտական հոդվածների ժողովածու)-18, Երևան, 2017, էջ 49-75։

[4] Այդ ընթացքում Ամերիկյան  հացահատիկի կորպորացիայի միջոցով 41 հազար տոննա ալյուր էր տեղափոխվել Հայաստան, 51 հազար տոննա էլ ուղարկել էր ամերիկյան օգնության տնօրինությունը: Բացվել էր 40 հիվանդանոց և 17 որբանոց: Ավելի քան 50 հազար երեխայի ամենօրյա սնունդ էր տրամադրվել: Ամերիկյան օգնության տնօրինության ղեկավարությամբ՝ Դաշնակից երկրների բարձրագույն կոմիսարի առաքելության այս ընթացքում, Հայաստանին տրամադրված ընդհանուր օգնության ծավալը կազմել է 108 հազար տոննա: Դրա համար միջոցները տրամադրվել են կառավարական հատկացումներից և մասնավոր նվիրատվություններից: Տե՛ս Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին 1913-1923թթ., հատոր Բ, 1918-1923: Նյութը հավաքեց, կազմեց, թարգմանեց, առաջաբանը գրեց և հրատարակության պատրաստեց՝ Արամայիս Բալոյանը, Երևան, 2010, էջ 109:

[5] Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին 1913-1923թթ., հատոր Բ, 1918-1923: Նյութը հավաքեց, կազմեց, թարգմանեց, առաջաբանը գրեց և հրատարակության պատրաստեց՝ Արամայիս Բալոյանը:

[6] Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993, էջ 320։

[7] Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 320-321։

[8] Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 321։

[9] Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 321։

[10] Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 322-323:

[11] Տե՛ս Ռ. Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հ. II, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, էջ 235:

[12] Ավելի մանրամասն տե՛ս ՀԱԱ, ֆ. 275, ց. 6, գ. 11, թ. 46, 46շրջ., 47, 47շրջ.,51, նաև ֆ. 275, ց. 5, թ. 19-24, նաև Բանբեր Հայաստանի Արխիվների 1993թ.. թիվ 1 (95)-2 (96), էջ 116-119:

[13] Տե՛ս Ռ. Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հ. II, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, էջ 236:

[14] Ա. Եփրիկյան, Նախիջևանը 1917-1921թթ., Երևան, 2016, էջ 137:

[15] Լեո, Անցյալից., Թիֆլիս, 1925, էջ 408:

[16] Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 324:

[17] Տե՛ս Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ. քաղաքական պատմություն. փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2000, էջ 119-121:

[18] Տե՛ս «Նոր աշխատաւոր», 1919թ. սեպտեմբերի 10, թիւ 187:

[19] Տե՛ս «Նոր աշխատաւոր», 1919թ. սեպտեմբերի 11, թիւ 188:

[20] Տե՛ս Ռ. Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հ. II, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, էջ 238:

[21] Տե՛ս Ռ. Գ. Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հ. II, Վերսալից-Լոնդոն, 1919-1920, էջ 239-240:

[22] Տե՛ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 282, թ. 35-36, նաև Իտալիայի արտաքին գործերի նախարարության պատմական դիվանագիտական արխիվի վավերագրերը հայկական հարցի մասին 1913-1923թթ., հատոր Բ, 1918-1923: Նյութը հավաքեց, կազմեց, թարգմանեց, առաջաբանը գրեց և հրատարակության պատրաստեց՝ Արամայիս Բալոյանը, էջ 74-75:

[23] Տե՛ս Ա. Խատիսեան,  Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930, էջ 164:

Տեսանյութեր

Լրահոս