Հոգեբանը՝ երեխայի դպրոց գնալ չցանկանալու պատճառների, նրան համակարգչից ու հեռախոսից «կտրելու» մասին

Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:

Ուսումնական առկա գործընթացը կուղեկցվի ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատված կանոնների համաձայն: Ըստ այդմ` ուսումնական հաստատության տարածքում պարտադիր է դիմակ կրելը, պարտադիր է համապատասխան նյութերով տարածքի ախտահանումը և այլն: Արտաուսումնական խմբակներն ու երկարօրյա ծառայությունները գործելու են, դպրոցական սննդի կետերի աշխատանքը նույնպես կթույլատրվի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ նախկին խիստ սահմանափակումը, թե սովորողների թիվը չպետք է գերազանցի 20-ը, արդեն վերացված է, հետևաբար` դպրոցները կարող են դասերը կազմակերպել ամենօրյա ռեժիմով` առկա ձևաչափով` դասարաններում աշակերտների ավելի մեծ թվի առկայությամբ:

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան-հոգեթերապևտ Սիրինա Առաքելյանի հետ զրուցել ենք երեխաներին դպրոց գնալու համար հոգեբանորեն տրամադրելու, համակարգչից ու հեռախոսից «կտրելու» և այլ հարցերի շուրջ:

– Սեպտեմբերի 1-ին ընդառաջ արդեն շատ երեխաներ «վատ» երազներ են տեսնում դպրոցի հետ կապված։ Յուրաքանչյուր երեխայի համա՞ր է դպրոց վերադարձը մարտահրավեր, թե՞ այստեղ կապ ունի ընտանիքը, ծնողների տրամադրվածությունը:

Տարբեր հանգամանքներ կան՝ սկսած երեխաների անհատական առանձնահատկություններից՝ մինչև ընտանեկան դաստիարակություն, դպրոցում եղած խնդիրներ: Օրինակ, եթե նախորդ ուսումնական տարվա ընթացքում երեխան խնդիր է ունեցել դպրոցում, որը չի հարթվել՝ լինի դա ուսուցիչների հետ կապված որոշակի խնդիր կամ առարկայի մատչելիության, իր համար որոշակի խնդիրներ է առաջացնում, որն էլ կարող է փոխել դպրոցի հանդեպ վերաբերմունքն ու բացասական տրամադրվածություն առաջացնել:

– Ինչպե՞ս ծնողը հոգեբանորեն նախապատրաստի երեխային, և արդյո՞ք նաև ծնողի անհանգստությունը, խառնվելը չի փոխանցվում երեխային ու տագնապայնություն առաջացնում։ Անընդհատ երեխային ասում են՝ արդեն դասերը սկսվում են, հանձնարարություններն աշխատի վերջացնել, և այլն:

– Բնականաբար, ծնողների տագնապայնությունը ևս փոխանցվում է երեխային: Այստեղ հաճախ նաև ծնողների սեփական խնդիրներն էլ են, որոնք իրենք են ունեցել դպրոցական տարիներին և, դրանք չլուծելով, սեփական հարաբերությունները վերագրում են նաև իրենց երեխաներին:  Դա կոչվում է պրոյեկտիվ նույնականություն, երբ երեխային սեփական խնդիրներն են վերագրում: Տագնապները կարող են կապված լինել նաև ծնողի գերծանրաբեռնվածության կամ ծանրաբեռնվածության հետ, երբ, օրինակ, աշխատանքի հետ է համատեղելու երեխային դպրոց հասցնելը, դպրոցական առաջադրանքներում օգնելը:

Ուսուցիչներ կան, որ առաջին իսկ օրերին չափից շատ հանձնարարություններ են տալիս, արդյո՞ք դա չի վանում երեխային ու հետագա ամիսներին նրա՝ վատ սովորելու պատճառներից դառնում։

– Ուսուցիչներն էլ իրենց հերթին՝ պետք է կարողանան այդ անցումը սահուն կազմակերպել: Սկզբում ադապտացիայի շրջան է, և հանձնարարությունների քանակը քիչ-քիչ պետք է ավելացնեն, որպեսզի աշակերտը կարողանա ավելի արագ հարմարվել:

– Ուսմանը շատ են խանգարում համակարգիչներն ու հեռախոսները: Ծնողներն ինչպե՞ս պետք է կարողանան երեխային համակարգչից ու հեռախոսից «կտրել», հասկացնել, որ ուսումն ավելի կարևոր է։ Կա՞ն մեթոդներ։

– Համակարգչային կախվածությունը հատուկ հոգեբանական աշխատանք է ենթադրում, և դրա հաղթահարումը հեշտ չէ: Կապ ունի կախվածության աստիճանը. այն ախտաբանական վիճակի՞ է հասնում, թե՞ ուղղակի հանգստանալու, ցրվելու ինչ-որ թեթև աստիճան է: Կարևոր է նաև խաղերի բնույթը, երեխայի տարիքը, ինչպիսի՞ հետաքրքրություններ ունի, ինչո՞վ է հնարավոր փոխել հեռախոսն ու համակարգիչը: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ կա՛մ հոգեբանական լուրջ աշխատանք պետք է կատարվի, հոգեբանն ու ծնողը միասին աշխատեն, կա՛մ էլ պայմանների յուրահատուկ փոփոխություն պետք է լինի, հետաքրքրությունների շրջանակը տեղափոխել ոչ թե պարտադրմամբ, այլ դա պետք է հետաքրքրի երեխային, և դրա համար մի շարք մեթոդներ պետք է կիրառեն, շոյեն երեխայի ինքնագնահատականը: Հաճախ խաղերից և որոշակի այլ բաներից կախվածությունը երեխաների մոտ իրականությունը չընդունելու տարբերակ է: Այսինքն, իրենք փախուստի են դիմում այդ իրականությունից, որն իրենց համար այդքան ընդունելի չէ:

– Ծնողների մեծ մասը երեխային ասում է՝ մի՛ խաղա, բայց իրենք են հեռախոսը վերցնում ու զբաղվում:

– Դե, ամենուժեղ դաստիարակության միջոցն իրականում հենց օրինակն է:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ երեխաները կարծես թե ստիպված են լինելու դիմակ կրել: Դա ևս հոգեբանական ազդեցություն է ունենալու, ինչպե՞ս հարմարվեն երեխաները:

– Դիմակ կրելու հետ կապված հարմարման պրոցեսը տարբեր բաներով կարող է պայմանավորված լինել՝ երեխայի տարիքային առանձնահատկություններով, ծնողի կողմից դիմակի վերաբերյալ ասած ինֆորմացիայով, առողջական խնդիրներով և այլն: Եթե երեխան առողջական խնդիրներ չունի, ու դրական տրամադրվածություն է ստեղծվում դիմակի կրման հանդեպ, նա հեշտ ադապտացվում է, ու խնդիր չի լինում:

Տեսանյութեր

Լրահոս