Ալիևի «խոստովանությունը» շատ արագ սթափեցրեց Փաշինյանին. նա հասկացավ՝ ինչ պետք է անի
Օգոստոսի 25-ի գիշերը հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները փակել են ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհի երկու հատվածները: Ծանր տեխնիկա էին մոտեցրել ու դադարեցրել երթևեկը: Արդյունքում մոտ 5 տասնյակ մարդատար մեքենաներ, որոնց մեջ նաև կանայք ու երեխաներ կային, մնացել էին շրջափակման մեջ: Իրենց ճանապարհը չէին կարողանում շարունակել նաև Իրանից Հայաստան եկող բեռնատարները:
Սրա հետևանքով՝ մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել էին գյուղեր՝ Գորիսի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
Երկու օր ադրբեջանական զինված ծառայողները փակ պահեցին ճանապարհը. այն բացվեց երեկ երեկոյան՝ այս պահին դեռևս հասկանալի չէ՝ ինչի դիմաց:
Նշված գյուղերում առաջացել էին սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն էր ահազանգել այդ մասին, ով, ի դեպ, պետական կառույցներից առաջինն էր հայ հանրությանը տեղեկացրել ինչպես ճանապարհի առաջին, այնպես էլ՝ երկրորդ հատվածների փակման մասին:
Այդ ընթացքում, սակայն, ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում և Ադրբեջանում:
Մինչ ռուսական կողմը բանակցում էր ճանապարհը բացելու հարցով, օգոստոսի 26-ին թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հետաքրքիր բացահայտումներ կատարեց 44-օրյա պատերազմի ավարտի առնչությամբ:
«Եթե Հայաստանը չհանձնվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք»,- այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը:
«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ էր մոտենում»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:
Հայաստանում այս հայտարարությունը ցնծությամբ ընդունվեց, թեպետ մինչ այդ էլ այստեղ տարբեր մարդիկ ու շրջանակներ ասում էին, որ պատերազմի դադարեցումն ավելի շատ Ալիևին էր ձեռնտու, մինչդեռ դժվար չէ կարդալ Ալիևի՝ հենց այդ օրն ու այդ բովանդակությամբ արված հայտարարության տողատակը:
Իլհամ Ալիևը դժվար թե չհասկանար, որ հայտարարում է մի բան, որը միանշանակ չի ընդունվելու թե իր երկրում, թե մեզ մոտ: Ուրեմն ո՞ւմ ականջների համար էր այդ հայտարարությունը: Ի՞նչ էր ակնարկում Ալիևը, և, որ ամենակարևորն է, ո՞ւմ էր ակնարկում…
Ալիևի «խոստովանությունը» միամտաբար բերանից թռած խոսք չէր, այն սպառնալիք էր կոնկրետ անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ճիշտ կրկնօրինակը վերջինիս այն հայտարարության, թե «Ադրբեջանի ներքաղաքական կյանքի ու Ալիևի մասին այնպիսի բաներ կարող եմ պատմել, որ կպայթեցնի ներսից Ադրբեջանը»:
Ճիշտ է, աշխարհացունց տեղեկություններն այդպես էլ չհրապարակվեցին, ինչը խոստացել էր անել Նիկոլ Փաշինյանը, փոխարենը՝ դրա հաջորդ օրն Արցախի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով աղետալի պատերազմ սկսվեց, որի արդյունքում մենք կորցրինք Արցախի տարածքի 75 տոկոսը, ներառյալ՝ ԼՂԻՄ տարածքներ Հադրութն ու Շուշին, ունեցանք բազմահազար զոհեր, վիրավորներ ու հաշմանդամներ, խեղված ճակատագրեր ու հարյուրավոր մինչ այժմ անթաղ մարմիններ:
Եվ թեպետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի գաղտագողի ստորագրումը պայմանավորում էր այն հանգամանքով, որ հակառակ դեպքում՝ 25, ապա՝ 30, իսկ քիչ անց՝ արդեն 35.000 զինվորներ կմնային շրջափակման մեջ, ու ինքը նրանց է փրկել, Ալիևը բոլորովին այլ բան է հայտարարում՝ նշելով, որ իրենց համար շատ էլ ձեռնտու էր այդ փաստաթուղթն այդ ժամանակ ստորագրելը, քանի որ ձմեռ էր մոտենում, իսկ ձմռանն իրենք չէին կարողանա առաջանալ:
Ալիևի այս հայտարարությունը շատ արագ «սթափեցրեց» Նիկոլ Փաշինյանին ու նրա հրահանգով՝ նաև թիմին:
Երեկ կառավարության նիստին արդեն հայկական տարածքների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը կիրառեց դրանց ադրբեջանական անվանումները, ապա և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պնդեց՝ Փաշինյանն այդպես է ասել, որ ընդգծի՝ ադրբեջանցիները հայկական տարածք չեն ներխուժել: Ավելին, հայտարարվեց, որ կա մեկ այլ, գրունտային ճանապարհ, և այնպես չէ, որ Սյունիքն այդ ճանապարհի փակմամբ կտրվում է: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ գրունտային ճանապարհի շինարարության ավարտից հետո այդ ճանապարհը բավականին հաջող այլընտրանք կարող է լինել Գորիս-Կապան ճանապարհահատվածին: Խոսքը Գորիս-Տաթև ճանապարհի մասին էր, որտեղով մարդատար ավտոմեքենաներն այս պահի դրությամբ հազիվ են անցնում, ուր մնաց թե՝ բեռնատարները:
Այսինքն ՝ երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձը մտովի արդեն իսկ հրաժարվել էր Հայաստանի այդ տարածքներից ու հիմա խոսում էր այլընտրանքային ճանապարհի մասին:
Իր «հանճարեղ» մտքերով հաճախակի աչքի ընկնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հիշեց, որ երբ 5 տարեկան էր, շուկա էին գնում, ինքը շարունակ տեսնում էր այնտեղ առևտուր անող ադրբեջանցիներին:
Հայկական հանրային դիսկուրսում բացահայտ ադրբեջանական քարոզչությունը մեկ բան էր նշանակում՝ Փաշինյանը հասկացել է Ալիևի ակնարկը՝ մի փոքր ինքնիրավչություն, և Ալիևն իսկապես կպայթեցնի հայկական ներքաղաքական առանց այդ էլ փոթորկված կյանքը, իսկ այդ հեռանկարը բոլորովին Փաշինյանին ձեռնտու չէ: