«Չեմ զարմանա, որ վաղն էլ Փաշինյանն ասի՝ Բասարգեչար, Էրիվան. Ադրբեջանի հարցերով փորձագետ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  Սյունիքում առկա իրավիճակին՝ ասել է, որ ԱԺ-ում  կառավարության ծրագրի իր ներկայացրած տեքստի հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և, որ հենց այս հայտարարությունից հետո Սյունիքում նման իրադրություն ծագեց։

«Առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստից և մասնավորապես հայալեզու տեղանունները ադրբեջաներեն հնչեցնելուց հետո համացանցում ակտիվ շրջանառվում էր հարցը, թե որն էր նման ձևակերպման պատճառը:

168.am-ը նույն հարցն ուղղեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանին՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայկական տեղանուններն անվանում ադրբեջաներենով։

«Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև չեմ պատկերացնում, թե ինչ գործընթացներ են պղպջում նրա գանգատուփի մեջ, ես ի՞նչ իմանամ՝ ինչու է նա նման բան անում։ Ես կարող եմ միայն արձանագրել, որ նա որդեգրել է ապազգային, հակահայկական քարոզչական, ռազմական, սոցիալական գաղափարախոսություն և երկիրն ու ազգը տանում է դեպի ոչնչացում։ Թե ինչու է ինքը նման բաներ անում՝ հարցրեք նրանից, գուցե ավելի հստակ պատասխանի, թե ինչու է անում և ինչի դիմաց է անում։ Գուցե Փաշինյանը հատուկ իր հիշողության համար բրոշյուր տպագրի կամ հատուկ բառարան ստեղծեն, որ հասկանանք՝ ճիշտը որն է, չեմ զարմանա, որ վաղն էլ Փաշինյանն ասի՝ Բասարգեչար, Էրիվան»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։

Հարցին՝ եթե մի քանի տարի առաջ ՀՀ ղեկավարներից որևէ մեկը նման բան թույլ տար, ապա հասարակությունը կբողոքեր, պատասխաններ կպահանջեր, այսօր ինչո՞ւ է հասարակության մի հատվածն այդպես հեշտ հարմարվում այս ամենի հետ, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց. «Ասեմ ավելին, եթե նախկինում նման բան լիներ, առաջինը հենց Փաշինյանը հիստերիկացած կգնար ամբիոնի մոտ ու կղժղժար։ Ժողովուրդը հիմա չի բողոքում, որովհետև գտնվում է ապատիայի մեջ, մարդիկ խորը հոգեբանական, նյարդային անկում են ապրում։ Սա խաբուսիկ տպավորություն է ստեղծում իշխանական այրերի մոտ, որ սա անվերջ կարող է շարունակվել, և իրենք կարող են ժողովրդի գլխին այսպիսի օյիններ բերել։ Սա մի քիչ այդպես չէ, որովհետև երբ զարթոնքը տեղի ունեցավ, ազգով ու արյունով պատասխան են տալու»,- եզրափակեց միտքը Ադրբեջանի հարցերով փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս