«Տեխնոլոգիա» առարկայի ուսուցման սեռային տարբերակումները նոր կրթական չափորոշիչներով վերացված են
Խորհրդային տարիներին դպրոցն ավարտածները կհիշեն՝ ուսումնական ծրագրում կար «Աշխատանքի ուսուցում» առարկան, որն ըստ էության կյանքի, կենցաղային տարրական հմտություններ էր ուսուցանում:
Առարկան տարբերակված էր երկու սեռերի միջև: Տղաները սովորում էին փայտամշակում, գործիքների հետ աշխատել, աղջիկները՝ տնարարություն՝ կարուձև, պահածոյացում, տիկնիկագործություն և այլն:
Երկուսն էլ առարկան անցնում էին առանձին կաբինետներում՝ կահավորված ու հարմարեցված առարկայի բնույթին ու սովորողների սեռային պատկանելությանը:
Անկախության տարիներին առարկայի անունը վերափոխվեց, դարձավ «Տեխնոլոգիա», սակայն չփոխվեցին ո՛չ դրա բովանդակությունը, ո՛չ մատուցման ձևերը:
Այս առարկան դասավանդվում է 5-6-7-րդ դասարաններում:
Բայց 2018թ. իրադարձությունների ավերիչ ձեռքը հասավ նաև դպրոց. նախ որոշեցին հրաժարվել ազգային կրթությունից, ապա որոշեցին ջնջել բոլոր սեռային բաժանումները:
Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ այս տարվա կրթական չափորոշիչներով՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը թեպետ կրկին տարբերակված է ըստ սեռի, սակայն… ուշադրություն… ծնողը երեխայի համաձայնությամբ կամ նրա որոշման արդյունքում ինքն է որոշում՝ առարկան ո՞ր խմբի հետ պետք է սովորի իր երեխան՝ տղաների՞, թե՞ աղջիկների:
Այսինքն՝ եթե տղա երեխան ծնողի հետ միասին որոշում է, որ ինքը պետք է գնա վարդագույն պատերով ներկված դասասենյակում վարդագույն գոգնոց կապի ու, ասենք, աղցան պատրաստել սովորի կամ զգեստի փեշը կարել, նա կարող է գնալ ու նստել այդ խմբում:
Որևէ մեկը չի ժխտում, որ միգուցե աշխարհի լավագույն դերձակները կամ խոհարարները տղամարդիկ են, բայց դա այդ պրոֆեսիոնալների մասնագիտությունն է, նրանց ընտրությունը չափահասության տարիքում: Եվ որևէ մեկն իր տղա երեխային վստահաբար չի տարել ու 11-12 տարեկանում նստեցրել աղջիկների խմբում՝ ակնկալիքով, որ վաղը նա հանճարեղ խոհարար կամ դերձակ է դառնալու:
Սեռային պատկանելության գծերը ջնջելու ջատագով, իշխանությանը մոտ կամ հենց իշխանության ներսում եղած որոշակի խմբակի գործադրած ջանքերը, փաստորեն, առաջին պտուղներն են տալիս:
Իսկ հետաքրքիր է՝ այդ չափորոշիչը մշակողները մի պահ գոնե մտածե՞լ են այն տղա երեխայի հոգեվիճակի մասին, որը միգուցե տարիքային հետաքրքրությունից դրդված՝ ցանկանա վարդագույն սենյակում աղջիկների հետ միասին աղջկական հմտությունների տիրապետել, մտածե՞լ են, թե ինչ վերաբերմունքի կարժանանա այդ երեխան տարեկիցների շրջանում, մտածե՞լ են՝ ինչի առաջ են կանգնեցնում նրանց:
Այս բեռը վստահաբար թողնված է դպրոցների, ուսուցիչների, դասղեկների ու տնօրենների վրա, և նրանք, իհարկե, շատ լավ հասկանում են այդ աղետի ողջ բեռն ու պատասխանատվությունը:
Այստեղ շատ կարևոր է, որ նաև ծնողները հասկանան՝ ուր է տանում այս ծրագիրը, ինչ հեռահար նպատակներ ունի, պետք է կարողանան զրուցել, բացատրել իրենց երեխաներին, որ վաղը, Աստված մի արասցե, չկանգնեն աղետի առջև ու չասեն՝ բա ոնց էսպես եղավ: