Բաժիններ՝

Գյումրիում հարգեցին ռուս-թուրքական պատերազմներում զոհվածների հիշատակը

Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում օգոստոսի 20-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 1828, 1855 և 1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմներում զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում: Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Արտեմիի: Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, պաշտոնատար այլ անձինք, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և սպաներ:

Ելույթի ժամանակ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն էր: «Ուղիղ 11 տարի առաջ Գյումրիում պատմական իրադարձության ականատեսը եղանք՝ վերաբացվեց այս հուշահամալիրը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ նախագահները: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց էր, որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին, որոնք զոհվել են հանուն ազատության: Հուշահամալիրը մեր երախտիքն է այն ազգին, որի որդիները զոհվեցին հանուն անկախության: Այսօր՝ 11 տարի անց, պահպանելով մեր մշակութային ժառանգությունը, մենք հավաքվել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու այս հողի վրա իրենց կյանքը զոհած զինվորների ու սպաների հիշատակին և շնորհակալություն հայտնելու նրանց, ում շնորհիվ մենք այսօր ունենք այս հուշահամալիրը»,- նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը շնորհակալություն հայտնեց հայ ազգին՝ վերաբերմունքի և պատմական հիշողությունները կարևորելու համար: «Սա երկու ազգերի դարավոր բարեկամության մասին խոսող հուշահամալիր է»,- իր խոսքում նշեց ՌԴ հյուպատոսը՝ տեղեկացնելով, որ օրերս նամակ են ստացել ՌԴ Տվերի մարզի ղեկավարությունից, որտեղ նշվում է, որ արխիվային նոր փաստաթղթերի համաձայն «Պատվո բլուրի» տարածքում են թաղված Տվերի դիվիզիայի զինվորներ ու սպաներ, որոնց անունները ևս ներկայացվել է հյուպատոսարան:

2009թ. Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ ու հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս