«Չէի ասի, որ հարթ կընթանան». վրացագետը՝ հայ-վրացական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին կառավարության անդամներին է ներկայացրել ՀՀ կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը:
168.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադարձավ կառավարության ծրագրի տարածաշրջանային կոմպոնենտին՝ ուշադրություն հրավիրելով, մասնավորապես, Իրանի և Վրաստանի հետ ակտիվ համագործակցության մասին արձանագրմանը:
«Նկատենք՝ ընտրվելուց հետո վարչապետի առաջին աշխատանքային այցը եղավ Թեհրան, և իմ կարծիքով՝ նաև մոտակա ապագայում կարելի է ակնկալել, որ այց կլինի Թբիլիսի՝ աշխատանքային թե պաշտոնական՝ ժամանակը ցույցը կտա»,- նշեց վրացագետը:
Քանի որ ներկայացված ծրագրում առկա էր նաև հիշատակում հայ-վրացական միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին՝ վրացագետից հետաքրքրվեցինք, թե այս գործընթացը որքանո՞վ հարթ կանցնի, և հնարավո՞ր է արդյոք՝ փոխադարձ տարածքային պահանջներ առաջանան:
Ի պատասխան՝ Ջոնի Մելիքյանը նկատեց. «Դեռևս 90-ականներից ստեղծվել է միջկառավարական հանձնաժողով, որը պետք է զբաղվեր մեր երկու պետությունների ընդհանուր սահմանի սահմանագծման, սահմանազատման գործընթացով: Ինչքանով ես եմ տեղեկացված՝ սահմանային որոշ հատվածների առնչությամբ դեռևս կան խնդիրներ, և ճշգրտելու, մանրամասն աշխատելու կարիք դեռևս կա:
Առհասարակ, բոլոր պետությունները, երբ միմյանց հետ սահմաններ են ճշգրտում, ի սկզբանե պետք է բաց լինեն, որ հնարավոր է կարիք լինի տարածքների փոխանակման, կամ մի տեղում՝ կորցնելուն, մի տեղում՝ վերադարձնելուն: Դա փոխադարձ պրոցես է, և դրա արդյունքում կարող են միջպետական պայմանագիր ստորագրել, ու այդ հարցն ընդհանրապես փակվի»:
Ի դեպ, նա շեշտեց, որ համատեղ աշխատանքներում կարող են ներգրավվել հայ և վրաց եկեղեցիները, քանի որ կան եկեղեցիներին վերաբերող հարցեր, սակայն հավելեց՝ այդ ներգրավվածությունը պետք է լինի այն չափով, որով չի խոչընդոտի ապագա բանակցություններին կամ վերջնական արդյունքին:
Մեր զրուցակիցն այս գործընթացը կարևորում է հատկապես Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների և դրանք զարգացնելու երկուստեք հանձնառությամբ. «Սա շատ կարևոր քայլ կլիներ՝ մանավանդ այն պարագայում, երբ Վրաստանն ու Ադրբեջանը, լինելով ռազմավարական գործընկերներ, ունեն նմանատիպ խնդիր: Եվ եթե Հայաստանը Վրաստանի հետ կարողանա գալ մեկ ընդհանուր հայտարարի, ու սահմանային այդ հարցը փակվի, ստորագրվի միջպետական համաձայնագիր, որով կունենանք ֆիքսված սահման, այդ ամենը նաև կարող է ինչ-որ չափով հարված լինի վրաց-ադրբեջանական հարաբերություններին: Կստացվի, որ բարիդրացիական գործընկեր Հայաստանի հետ իրենք այսպիսի հարցում ինչ-որ արդյունքի կարող են գալ, մինչդեռ Ադրբեջանի հետ, որն իրենց ռազմավարական գործընկերն է, այդպիսի արդյունքի կարող են չգալ»:
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ հարթ կընթանան այդ գործընթացները, վրացագետը պատասխանեց. «Չէի ասի, որ հարթ կընթանան. ի վերջո, ներքաղաքական իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում բավականին բարդ է: Վրաստանում այժմ ակտիվ նախընտրական շրջան է. պարզ է՝ մինչև հոկտեմբեր որևէ արդյունքի չարժե սպասել, բայց, ի վերջո, նույնիսկ ընտրություններից հետո ընդդիմությունն էլ կքննադատի իշխանություններին, եկեղեցին էլ կքննադատի, նույնը, կարծում եմ, Հայաստանում կլինի:
Դրա համար շատ կարևոր է, որ միջկառավարական հանձնաժողովում առկա մասնագիտական խմբերը մաքսիմալ ակտիվ համագործակցեն և փորձեն կոնսենսուսային որոշումներ մշակել, և ինչո՞ւ ոչ գուցե այս պրոցեսը միջազգային աջակցություն ստանա. ներգրավվեն նեյտրալ գործընկերներ, որոնք կկարողանան այդ պրոցեսին օժանդակություն ցուցաբերել:
Սակայն ինչ-որ արդյունքի հասնելու համար կարևոր է, որ թե՛ պաշտոնական Թբիլիսին, թե՛ Երևանը դրան պատրաստ լինեն և փորձեն պահպանելով իրենց ազգային շահերը, նկատի ունենալով բարիդրացիական հարաբերությունները՝ այդ փոխշահավետ որոշմանը գալ»:
Ջոնի Մելիքյանը հույս հայտնեց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում այդ որոշումը կարող է լինել, եթե լինի ակտիվ համագործակցություն և աշխատանք:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության ծրագրում մասնավորապես նշվում էր. «Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումն էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար»:
Ավելի վաղ նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էր հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները հստակեցնելու կարևորության մասին։ Դրան նախորդել էր Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճը՝ Դավիթ Գարեջիի միջնադարյան վանական համալիրի պատկանելության շուրջ։
Հիշեցնենք նաև, որ ըստ «ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի որոշման՝ Վրաստանի հետ ՀՀ սահմանային անցակետերն են՝ «Բավրա» («Նինոծմինդա»). Շիրակի մարզ, գյուղ Բավրա` ավտոմոբիլային (Դմանիսի շրջան, գյուղ Ժդանովի` ավտոմոբիլային), «Գոգավան» («Գուգութի»). Լոռու մարզ, գյուղ Գոգավան` ավտոմոբիլային (Դմանիսի շրջան, գյուղ Գուգութի` ավտոմոբիլային), «Պրիվոլնոյե» («Ախքյորփի»). Լոռու մարզ, Պրիվոլնոյե գյուղից մոտ 18 կմ հյուսիս-արևելք` ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան, գյուղ Ախքյորփի` ավտոմոբիլային), «Այրում» («Սադախլո»). Լոռու մարզ, Այրում երկաթուղային կայարանի տարածքում` երկաթուղային (Մառնեուլիի շրջան, գյուղ Սադախլո` երկաթուղային), «Ջիլիզա» («Օփրեթի»). Լոռու մարզ, Ջիլիզա գյուղից 3 կմ հարավ` ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան, գյուղ Օփրեթի` ավտոմոբիլային, չի գործում), «Բագրատաշեն» («Սադախլո»).Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշեն, կամուրջ Դեբետ գետի վրայով` ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան, գյուղ Սադախլո` ավտոմոբիլային):