«Հասկանում եմ, որ շատ լուրջ մարտահրավերներ են սպասվում՝ Սյունիքի, Տավուշի գյուղերի հետ կապված, բայց իշխանությունը երկրի հիմնական խնդիրները թողած՝ զբաղված է թիթեռ նկարելով». Նաիրա Զոհրաբյան
Ութերորդ գումարման Ազգային ժողովում խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների ազատ տեղաշարժն իշխանության որոշմամբ սահմանափակվել է։ Լրագրողներն իրավունք չունեն իրենց հատկացված միջանցքից, դուրս գալ այլ միջանցքներ, ավելին՝ երբեմն նրանց հատկացված օթյակներից են դուրս հանում, պատճառաբանելով, որ չեն ցանկանում, որպեսզի ֆիքսեն անվտանգության աշխատակիցներին։
168.am-ի հետ զրույցում նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով այս սահմանափակումներին և առհասարակ իշխանությունների գործողություններին՝ նշեց, թե տպավորություն է ստանում, որ նրանք երկիրը փորձում են վերածել «գետտոյի», որտեղ գործում են ֆաշիստական ռեյխստագի կանոնները։
«Ես հասկանում եմ, որ մեզ շատ լուրջ մարտահրավերներ են սպասվում՝ Սյունիքի, Տավուշի գյուղերի հետ կապված, որոնց անուններն իշխանության ներկայացուցիչները դրել էին անպետք ու անմարդաբնակ գյուղեր։ Հասկանում եմ նաև, որ կոմունիկացիաների բացման անվան տակ մենք դեռևս լուրջ մարտահրավերների առջև ենք կանգնելու, երբ լսում ենք երկոտանի Ալիևի հատկապես վերջին երկու հարցազրույցները, հասկանում ես, որ տարածաշրջանը ներքաշելու է ակնհայտ նոր էսկալացիայի, եթե չասեմ՝ պատերազմի մեջ։ Այսինքն՝ մեր իշխանությունը երկրի հիմնական խնդիրները թողած՝ զբաղված է թիթեռ նկարելով, ինչն արվում է ԱԺ-ում։ Արդեն կատեգորիկ հրաժարվել եմ հետևել ԱԺ նիստերին, որովհետև ինձ համար անհասկանալի է, որ երբ Գորիսի կին փոխքաղաքապետին ձերբակալում են, որը պատերազմի ընթացքում իր ուսերին հսկայական բեռ էր վերցրել, իսկ իշխանության ներկայացուցիչները որևէ բան չեն ասում, այն դեպքում, երբ Լենա Նազարյանը Մաշտոցի պողոտայում կտրված ծառի տերևի համար պառկում էր տրակտորի տակ, իսկ Գորիսի փոխքաղաքապետին անհեթեթ մեղադրանքով ձերբակալում են, և որևէ ձայն չկա, մինչդեռ համայնքապետն ինքն է որոշում՝ հատկացված օգնությունն ում տրամադրել, քանի որ ՏԻՄ-ին տրված է համայնքային ինքնավարության իրավունք»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ նրա, այս իրադարձությունների համատեքստում խորհրդարանում արգելել լրագրողների ազատ տեղաշարժը և նրանց համար ստեղծել արհեստական բարիերներ, տեղաշարժի ճանապարհային քարտեզ գծել՝ նման է ժանտախտի ժամանակ խրախճանքի։
«Ամեն առավոտ վախով արթնանալով՝ տեսնում եմ լրահոսը, երկու օր առաջ սահմանին ունեցանք երկու զոհ, ամեն օր նայում եմ նաև միջազգային մամուլը, տեսնելու, թե այս անգամ ինչ պրետենզիաներ է ներկայացրել Ադրբեջանը։ Երբ Ստրասբուրգից վերադարձա և ասացի, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» Արցախով հանդերձ, իշխանական տարբեր ադրբեջանամոլ պատգամավորներ ասում էին՝ սուտ է, նման բան չկա։ Ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը հայտարարե՞ց, որ իրենց պահանջներից մեկը Հայաստանի կողմից Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» ճանաչելն է, հիմա խոսո՞ւմ է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Երբ ցուցադրում են Ալիևի աշխատասենյակը, խորհուրդ եմ տալիս նայել Ալիևի գլխավերևում կախված քարտեզին, տեսեք՝ Սյունիքը, Վարդենիսը ներառված են այդ քարտեզում։ Ալիևն արդեն միջազգային սլենգ է մտցնում Բասարգեչար անվանումը։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի քաղաքական վերնախավում՝ զարհուրելի է, իրականությունից կտրված ինչ-որ վիրտուալ թատրոնում տեղի է ունենում իրար սագագող անվանելու շոու, որը կապ չունի մեր երկրի իրական մարտահրավերների հետ»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Շարունակելով միտքը, նա ընդգծեց, եթե ոմանց թվում է, թե այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, Հայաստանին չի վերաբերում, և վաղը ռեկաշետով չեն տեսնելու որոշ ահաբեկիչների, օրինակ՝ Սև լճում կանգնած, խորապես սխալվում են։
«Ես այս պահին ընդդիմությանը բարեկամաբար խորհուրդ եմ տալիս չներքաշվել իշխանության ծուղակի մեջ, որի թիկունքում մենք կորցնում ենք մեր պետականությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց՝ որպես «Անվտանգություն և ժողվորդավարություն» հ/կ-ի նախագահ՝ օրեր առաջ միջազգային լրատվական բոլոր կազմակերպություններին ուղարկել է ահազանգ, որ Հայաստանի խորհրդարանում արհեստականորեն խոչընդոտվում է լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքը։
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ այս խնդրի մասին իշխանություններն արդեն մոռացել են, դրա մասին գրեթե չի խոսում նաև ընդդիմությունը։
«Այսօր ես հանդիպել եմ հայ ռազմագերիների ծնողների հետ, շարունակելու եմ այդ խնդրի լուծմանն ուղղված քայլեր անել՝ անկախ այն հանգամանքից՝ խորհրդարանում եմ, թե՝ ոչ։ Այո, ռազմագերիների խնդիրը, ցավոք, այլևս որևէ մեկին չի հետաքրքրում։ Եթե այս իրավիճակը կարող է փոխել, ապա նման բան կարող է անել միայն ընդդիմությունը, այս պատճառով էլ հորդորում եմ չներքաշվել իշխանության ֆարսի մեջ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։