«Նոյեմբերի 9-ին բոլորի դեմքին դաջված էր դավաճանված լինելու զգացողությունը․ այս օրը Ստեփանակերտում էի, բոլորը զգացին, որ իրենք դավաճանված են». Հակոբ Հակոբյան

Արցախի 44-օրյա պատերազմից հետո արցախցիները հաստատակամորեն շարունակում են մնալ Արցախում և իրենց ապագան կապում են միմիայն Արցախի հետ, քանի որ հավատում են՝ ապրելու են ազատագրված Արցախում։ Պատերազմից հետո Արցախում ստեղծված դժվարությունները նրանց չեն ընկճում, վստահ են՝ դժվարությունները հաղթահարելով՝ կշենացնեն Արցախը։

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ, հոգեբույժ Հակոբ Հակոբյանն Արցախին օգնելու և շենացնելու նպատակով 2007 թվականից ընտանիքով հաստատվել է Արցախում։ Այնտեղ մնալու և արցախցիներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու պայմանագիրը մեկ տարով էր նախատեսված, սակայն ամիսներ անց Հակոբ Հակոբյանը հասկացավ, որ ընդմիշտ Արցախում է մնալու, այսօր արդեն ասում է, որ Արցախն իրենց ուղղակի պահեց։

168.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը պատմեց, որ 2007 թվականին, երբ Հայաստանի ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահն էր, տեղեկացավ, որ Արցախում այդ ծառայությունը կայացած չէ և պատշաճ կերպով չի իրականացվում, դրա համար Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարների հետ որոշվեց, որպեսզի կարճ ժամանակով մեկնի Արցախ՝ այդ ծառայությունը կայացնելու համար։

«Մեկ տարի պայմանական ժամկետով մենք ընտանիքով տեղափոխվեցինք Արցախ աշխատելու, և սկսվեց Արցախում ապրելու մեր կյանքը։ Կար այսպիսի պարտքի զգացում, որ Արցախի առաջին պատերազմի տարիներին ես սովորելով Երևանի պետական բժշկական ինտիտուտում, այնուհետև Մոսկվայում համապատասխան վերապատրաստումներ անցնելով, չկարողացա որևէ կերպ իմ օգնությունը ցուցաբերել Արցախին։

Միշտ կար այդ զգացողությունը, որ մենք Արցախի հաղթանակին անմասն ենք մնացել, կարծես այս կերպ ցանկացանք մեր լուման ներդնել Արցախի զարգացման գործում։ Նույնիսկ մեզ համար աննկատ՝ դարձանք Արցախի մի մասնիկը, Արցախը մեզ համար դարձավ հարազատ օջախ, որտեղից չցանկացանք հետ գնալ։ Մինչև Արցախ գալն ունեի երկու աղջիկ, Արցախ գալուց հետո իմացանք, որ տղա երեխա ենք ունենալու, սա էլ կարծես Աստծուց նշան էր, որ պետք է մնանք Արցախում։

2007 թվականից բնակվում ենք Արցախում, որտեղ ևս երկու երեխա ունեցանք, մեր ամբողջ ընտանիքը, տունը, կյանքը կապվել է Արցախի հետ։ Հիմա շատ ժամանակ երբ մեզ հարցնում են, թե որտեղից ենք, ներկայանում ենք՝ որպես արցախցի»։

Նա հանգիստ է վերաբերվում այն հանգամանքին, որ երբեմն հայությանը բաժանում են արցախցիների և հայաստանցիների։

Ասում է՝ եթե Արցախում ես ապրում, ուրեմն՝ արցախցի ես, իսկ եթե Հայաստանում՝ հայաստանցի, այս բնորոշմանը ցավագին չպետք է նայել, եթե այդ բառերի տակ վատ ենթատեքստ չեն դնում։

«Պատմական, դիվանագիտական աշխատանքների բերումով ստացվել է այնպես, որ մեր հայրենիքը 30 տարի շարունակ ներկայացվում է երկու հանրապետությունների ձևով, իհարկե, մենք ունենք մեկ հայրենիք, բայց երկու հայկական պետություն, և սա եղել է այն գործիքակազմը, ուղղությունը, որով մենք փորձել ենք հասնել մեր նպատակներին։ Այլ բան է՝ դա տվե՞ց իր արդյունքը, թե՞ ոչ։ Եթե մենք դնում ենք խաղի կանոններ, ինքներս էլ պետք է հետևենք այդ կանոններին, որովհետև տարօրինակ է թվում՝ ի լուր աշխարհի հայտարարում ենք Արցախի ու Հայաստանի Հանրապետություններ, հետո էլ ասում ենք, որ իրականում Արցախի Հանրապետություն չկա։

Այսինքն՝ մենք փորձում ենք ստեղծել խաղի կանոններ, հետո ինքներս էլ դրանք խախտում ենք։ Հայի նպատակը, հզոր, մեծ ու միասնական հայրենիք ունենալն է, եթե այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ լինի ստեղծել նույնիսկ 10 հանրապետություն, ապա պետք է ստեղծվի, որովհետև կարևորը ոչ թե այն ճանապարհն է, որով մենք անցնում ենք, այլ այն նպատակը, որին մենք կարողանում ենք հասնել։ Հենց այստեղ է, որ որոշակի ուժեր, որոնք հիմնականում հակահայ, ապազգային, դրսից ներմուծված են, փորձում են այս ամենն օգտագործել։ Առհասարակ երկիրը քանդելու համար անհրաժեշտ է նախ ներսում մտցնել տարաձայնություններ, հասկանալի է, որ երբեմն, երբ ապազգային, հակահայ մարդիկ հայաստանցի ու ղարաբաղցի են ասում, նկատի չունեն մարդու ապրելու վայրը, այլ բացասական ենթատեքստ են տակը դնում՝ սա է վտանգավոր»։

Հոգեբույժը նույնիսկ պատերազմի դժվարին օրերին, երբ օրվա մի մասն անցկացնում էր հիվանդանոցում, մյուս մասը՝ զենքը ձեռքին հերթապահում էր, չի փոշմանել Արցախ տեղափոխվելու համար։ Միայն փոշմանել է, որ 90-ականներին չի մասնակցել Արցախի առաջին պատերազմին, որովհետև մասնակից կլիներ հաղթական ավարտով պատերազմի։

«Մխթարվում եմ նրանով, որ ապրիլյան պատերազմին կանգնած եմ եղել և որոշակի մասնակցություն ունեցել․ այո՛, ես համարում եմ, որ մենք այդ ժամանակ հաթանակ ենք տարել։ 44-օրյա պատերազմն ու դրա պարտությունը՝ անկախ նրանից, թե հայրը որտեղ է գտնվում, պարտության խարանը գտնվում է նրա վրա, քանի դեռ այդ ցավալի պարտության ելքը մեկ այլ ձևով չի փոխվել։ Փոշմանել եմ, որ չեմ կարողացել մեկ բան ավելի անել Արցախի համար, որպեսզի այս պարտությունն այսպիսին չլիներ։ Բայց կարծում եմ՝ սա դեռևս վերջը չէ։

44-օրյա պատերազմի մարտական գործողություններին՝ որպես այդպիսին, չեմ մասնակցել, եղել եմ հիմնականում հոսպիտալում և քաղաքացիական հիվանդանոցում, իրականացնում էի իմ մասնագիտական ծառայությունը։ Միակ բանը, որ այդ օրերին բոլորի դեմքին տեսա, և մենք բոլորս դա զգում էինք՝ տարակուսանքն էր, որովհետև բոլորը հասկանում էին, որ սա սովորական պատերազմ չէ, ինչ-որ բան ճիշտ չի արվում։

Այնուհետև նոյեմբերի 9-ին բոլորի դեմքին դաջված էր դավաճանված լինելու զգացողությունը, այդ օրը ես Ստեփանակերտում էի, և բոլորը զգացին, որ իրենք դավաճանված են։

Պատերազմները միշտ չէ, որ ավարտվում են հաղթանակներով, բայց երբ այդ պատերազմում դու քեզ դավաճանված ես զգում, այդ ժամանակ արդեն կրած պարտությունն է՛լ ավելի ծանր է լինում։ Կարծում եմ՝ հայ ազգը 44-օրյա պատերազմից հետո իրեն դավաճանված զգաց, և այդ դավաճանության պարագլուխները ներկայացան՝ որպես ազգի փրկիչներ, ինչպես Հայաստանի ղեկավարն այդ օրերին հայտարարեց՝ ստորագրել է այդ կապիտուլյացիոն պայմանագիրը, որպեսզի փրկի 25.000 զինվորի կյանք։ Իրականում այդ 25.000 զինվորներն իրենց դավաճանված էին զգում, ցավոք, մինչ օրս այդ դավաճաններն ազատության մեջ են, սա դեռ բավական չէ, նրանք նաև իշխանության ղեկին են»։

Ըստ նրա, այսօր իրենք հստակ սահմանել են, որ Արցախի Հանրապետությունն այլևս կայացած պետություն է, թեկուզ և չճանաչված, որն ունի տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։

«Երկու ուղղություններով մենք պետք է աշխատենք՝ ունենալ ճանաչված պետություն և տարածքային ամբողջականության վերականգնում։ Իհարկե, այս ընթացքում մեզ անհրաժեշտ է լինելու անվտանգության ապահովում, իսկ անվտանգությունը միայն զենքով չէ, որ ապահովվում է։ Այո, սեփական բանակ ունենալն անվտանգության հիմնական գրավականն է, սակայն միայն փամփուշտով չէ, որ անվտանգությունն ապահովվում է, նաև լինում է խոսքով, բանակցություններով։

Փառք Աստծո, այսօր Արցախում ռուս խաղաղապահներ կան, որոնք բավականին լավ իրականացնում են իրենց առաքելությունը, կարծում եմ՝ Արցախի ներկայիս իշխանությունները պետք է գտնեն այն խոհեմությունը և հոժարակամ հեռանան, իշխանության պետք է գան կարող ուժեր, որոնք արդեն չեն լինի պարտված, կկարողանան բանակցությունների սեղանի շուրջ հասնել նրան, որ Արցախի շուրջ որոշումներ կայացնելու մասնակից լինենք։

Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմի ավարտը, Արցախի մասին ստորագրվեց մի հայտարարություն, որտեղ առհասարակ Արցախի կարծիքը հաշվի չառան, այն պարագայում, երբ առաջին պատերազմի զինադադարի փաստաթղթի վրա կար նաև Արցախի պաշտպանության բանակի ստորագրությունը»։

Նրա խոսքով՝ իրավիճակը պատերազմից առաջ և հետո բոլորովին տարբեր է, Հայաստանն էլ նույն Հայաստանը չէ, ինչը երևում է Արցախին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։

«Այսօր Հյաաստանում Ադրբեջանի հետ սահմանը նշում է այն սահմանը, որն ընդամենը ամիսներ առաջ հայ-արցախյան սահմանն էր, այդ բառամթերքն օգտագործում են Հայաստանի իշխանությունները։ Երբ Վարդենիս-Սոթք հատվածում ինչ-որ միջադեպ է լինում, ՀՀ իշխանությունները՝ առանց վարանելու, անվանում են հայ-ադրբեջանական սահման, որը, օրինակ, մեզ համար այդքան էլ հայ-ադրբեջանական չէ, դրանք Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացրած տարածքներն են։ Այսօր եթե այս տրամաբանությամբ են շարժվում, և Ադրբեջանն արդեն խոսում է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի», սահմանազատման ու սահմանագծման մասին, կարծում եմ՝ հայաստանյան իշխանությունները չեն խորշի նաև փակել Արցախի հարցն առհասարակ։

Այս պարագայում ավելի անհրաժեշտ է դառնում Արցախում ուժեղ իշխանությունը, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա պաշտպանել իր իրավունքները, նույնիսկ, եթե Հայաստանի իշխանությունները համաձայնվեն փակել Արցախի հարցը՝ Ադրբեջանի կազմ մտցնելու պարագայում։ Դրա համար էլ ավելի կարևոր է, որ Արցախում լինի ուժեղ, կամային իշխանություն, իհարկե, լավ կլինի նաև, որ Հայաստանում ևս իշխանությունը փոխվ,ի և երկու հայկական պետություներում լինեն հայամետ իշխանավորներ, և ամենագլխավորը՝ պարտություն չկրած իշխանություններ։ Կարելի է մատների վրա հաշվել երկրներ, որտեղ պարտություն կրած իշխանությունները շարունակել են կառավարել, այն էլ՝ հետագա վատ վերջաբանով։

Հայկական կողմը պարտություն կրեց, որովհետև մենք պարտվեցինք դիվանագիտության ոլորտում, չնայած՝ պարտվեցի՞նք, թե՞ միտումնավոր զիջեցինք մեր դիրքերը․․․

Հայկական կողմը պարտվեց, որովհետև 2018 թվականից հետո իշխանության եկան մարդիկ, որոնց համար Արցախը, արցախյան հաղթանակը ստորադասվում էր հեղափոխությանը։

Մենք 44-օրյա պատերազմում պարտվեցինք, որովհետև մեր հերոսներին հավասարեցնում էինք մանր կենցաղային բնույթի գողություն կատարող անձանց հետ, պարտվեցինք, որովհետև իշխանությունները մտածում էին, որ բոլորը մարդիկ են, այլ ոչ թե հայեր, մենք բոլորս գնում էինք արևմտյան ազատարար բարքերի, և պարտվեցինք, որովհետև 2018 թվականին Հայաստանում հաղթեց գունավոր հեղափոխությունը։

Դրանք արևմտյան ուժեր էին, որոնք կարողացան Հայաստանում գալ իշխանության, և բնական է, որ առաջինը պետք է լուծեին Արցախի հարցը և հենց այս տրամաբանությամբ։

Պատերազմի ժամանակ մեր մեջ ոչ թե պարտվելու զգացողությունն էր, այլ դավաճանվածի զգացողությունը։ Չեմ կարծում, թե այն բոլոր մեղադրանքները ժողովրդի, բանակի վերաբերյալ, որ մենք զենքեր չունեինք, լավ զինատեսակներ չունեինք, իրականությանը մոտ են, միայն այն, որ մեզ որևէ մեկը չօգնեց, խոսում է այն մասին, որ պարտվել էինք դիվանագիտության մեջ։

Հիմա ամենագլխավորը չհարմարվելն է, մենք պետք է կարողանանք չհարմարվել պարտությանը, որովհետև եթե հարմարվեցինք, դա մեզ համար կլինի կենսակերպ։

Ժողովուրդն ինքնուրույն որևէ բան չի կարող անել։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ գալու է այդ ժամանակը, երբ պարտված իշխանությունը հեռանալու է, այս ընդդիմության, թե մեկ այլ ընդդիմության միջոցով, բայց ծնվելու են այդ ուժերը։ Հայ ազգը միշը կարողացել է ինքնակազմակերպվել և խնդիրներ լուծել, գլխավորը, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ, հաստատ ծնվելու են այն անձինք, որոնք կարողանալու են համախմբել և մարդկանց ուղղել հայանպաստ և գերնպատակներին հասնելու ճանապարհներին»։

Ինչ վերաբերում է մարդկանց հոգեբանության վրա պատերազմի թողած հետևանքներին, Հակոբ Հակոբյանը բացատրեց, որ պատերազմը, հետպատերազմյան ժամանակաշրջանն ունի իր կանոնները, որն ազդում է մարդու հոգեբանության վրա։ Պատերազմի ընթացքում բոլորը գտնվում են սթրեսի մեջ, որտեղ կենտրոնանում, հավաքագրվում է ամբողջ ներքին ուժը, շատ դեպքերում այդ ժամանակ մարդիկ իրենց ավելի ուժեղ են զգում։

«Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդիկ սուր սթրեսային վիճակում են գտնվում, որոնցից շատ-շատերը հենց այս պատերազմի ժամանակ հայտնվեցին մեր տեսադաշտում, մենք հենց այդ կոնտիգենտին էինք օգնություն ցուցաբերում։ Պատերազմից հետո մարդկանց մոտ առաջանում են հետսթրեսային խանգարումներ, որոնք հիմնականում հոգեբանական տիրույթում են գտնվում, կարող են առաջանալ վախեր, տրամադրության անկում, տարօրինակ զգացողություններ, ինչո՞ւ չէ, նաև սոմատիկ մարմնական բնույթի բողոքներ։ Հոգեկան խանգարումներ՝ կապված պատերազմի հետ, քիչ ավելի ուշ ժամանակում կհանդիպենք՝ 1-2 տարի հետո։ 30 տարվա մեջ Արցախն արդեն 3 անգամ հայտնվել է պատերազմի մեջ՝ ակտիվ գործողությունների առումով, նաև 30 տարի Արցախում տեղի է ունեցել սողացող պատերազմ, երբ ամեն օր մեր զինվորների համար պատերազմ էր, և մենք դեռևս չհաղթահարած նախկին պատերազմի հետպատերազմյան խնդիրները, հայտնվեցինք նոր պատերազմի մեջ։ Սա ինչ-որ ձևով նաև ազդում է մարդկանց հոգեբանության վրա, կարծես թե իրավիճակին որոշակիորեն ադապտացվում են, սա նաև երևում էր պատերազմի օրերին ազգաբնակչության մեջ։

Արցախում ապրողներն ուժեղ մարդիկ են, նրանց հոգեկան ֆունկցիան շատ լավ է զարգացած, չեմ կարծում, որ մեծ քանակի հոգեկան խնդիրներով մարդիկ կլինեն։ Իհարկե, կունենանք որոշակի աճ, սակայն ոչ այդքան մեծ մասշտաբի։

Պատերազմը բոլորի վրա ազդում է, բայց ավելի շուտ կազդի դեռահասների, պատանիների վրա, նաև արդեն 60-ից բարձր մարդկանց վրա։ Կարծում եմ՝ 25-60 տարեկան հատվածն այն ժամանակաշրջանն է, երբ մարդու մոտ կայուն զարգացած հոգեկան ֆունկցիա կա. և ինքն ավելի ադապտացված է այդպիսի խնդիրների։ Նշածս կայուն տարիքի մարդկանց մոտ կունենանք այլ խնդիր՝ կապված ալկոհոլամոլության, թմրամոլության հետ, որտեղ պետք է մեր իշխանությունը և առողջապահության համակարգն իր ուշադրությունը կենտրոնացնի»։

Տեսանյութեր

Լրահոս